Տաթևի նախկին ղեկավարն օդանավակայանից ձեռնաշղթայված տեղափոխվել է Գորիսի բանտ

Տաթևի նախկին ղեկավարն օդանավակայանից ձեռնաշղթայված տեղափոխվել է Գորիսի բանտ

Երեկ Մոսկվա-Երևան 1862 չվերթով ձեռնաշղթայված Տաթև համայնքի նախկին ղեկավար, հետախուզման մեջ գտնվող Մուրադ Սիմոնյանը  «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից տեղափոխվել է ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական գլխավոր վարչություն, որտեղ էլ նրան փոխանցել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության Գորիսի բաժնի ծառայողներին, որոնք էլ նրան տեղափոխել են Գորիսի բանտ, քանի որ դատարանի որոշմամբ նրա նկատմամաբ որպես խափանման միջոց է ընկտրվել կալանավորումը։

Հիշեցնենք, որ Սյունիքի մարզի Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանի նկատմամբ դեռ անցյալ տարի հետախուզում է հայտարարվել` պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, խոշոր չափերի վատնում կատարելու համար։

Ըստ ՀՀ քննչական կոմիտեի մամուլի հաղորդագրության՝ պարզվել են նրա կողմից առերևույթ կատարված չարաշահումների դեպքերի մի շարք հանգամանքներ:

«Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Սյունիքի մարզի 62-ամյա բնակիչը, 2016թ.-ից 2021թ. փետրվար ամիսը հանդիսանալով վերոնշյալ համայնքի ղեկավարը, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, համայնքապետարանի հաշվեկշռին առկա «JCB» մակնիշի էքսկավատորը, առանց ծառայությունների մատուցման պայմանագրեր կնքելու, 2018թ.-ին՝ 20 օր, 2019թ.-ին՝ 40 օր, 2020թ.-ին՝ 45 օր, օրական 8 ժամով՝ 1 ժամը 15.000-ից 20.000 ՀՀ դրամով, տրամադրել է ՍՊ ընկերությանը, որի ներկայացուցչից ստացված ընդհանուր 14.400.000 ՀՀ դրամ գումարը չի մուտքագրել համայնքապետարանի բյուջե՝ համայնքի համար առաջացնելով ծանր հետևանքներ, իսկ նշված ժամանակահատվածներում տեխնիկայի շահագործման դիմաց հատկացված, համայնքապետարանին պատկանող խոշոր չափերով՝ շուրջ 2.560.000 ՀՀ դրամի 6400 լիտր դիզելային վառելիքը վատնելու եղանակով հափշտակել է»,- նշված է հաղորդագրության մեջ։