Ինչ կլիներ, եթե Իսրայելը վախենար 300 միլիոնանոց արաբական աշխարհից

Ինչ կլիներ, եթե Իսրայելը վախենար 300 միլիոնանոց արաբական աշխարհից

Քսանմեկերորդ դարում փոքր երկրների թիվ մեկ խնդիրն իրենց ներսում ընթացող քարոզչական պատերազմում հաղթելն է: Այդ պատերազմը, անշուշտ, աշխարհաքաղաքական ուժային կենտրոններն են արտահանում: Եվ արտահանում են ոչ թե այդ երկրների հասարակությունների կյանքը հեշտացնելու, այդ երկրներն իսկապես դեմոկրատացնելու, այլ «իրենց քաղաքականությունների ու տնտեսությունների» առաջնահերթությունները սպասարկելու համար:

Վերցնենք Հայաստանի օրինակը: Այո, այսօրվա Հայաստանն իրոք անվտանգային խնդիրներ ունեցող երկիր է: Սակայն Հայաստանի անվտանգային խնդիրներն աշխարհի մյուս երկրների անվտանգային մարտահրավերներից ոչ մի բանով չեն տարբերվում: Դրանք աշխարհի որեւէ երկրի ունեցած անվտանգային խնդիրներից ո՛չ ավելի շատ են եւ ո՛չ էլ ավելի քիչ: Դրանք աշխարհի ցանկացած երկրի անվտանգային մարտահրավերին հավասարազոր մարտահրավերներ են:
Բայց չէ, անկախ այն հանգամանքից, որ այդ «օրակարգն ուռճացնողները» չեն կարող այսօրվա աշխարհում գեթ մեկ երկիր ցույց տալ, որն անվտանգային մարտահրավերների չի բախվում, միեւնույն է, նրանք փորձում են իրավիճակն այնպես ներկայացնել, որ ոչ թե, ասենք, Ռուսաստանի, ԱՄՆ-ի կամ հավաքական Եվրոպայի մարտահրավերներն են, որ կարող են իրենց ու իրենց հետ նաեւ ողջ աշխարհը կործանել, այլ հենց Հայաստանի անվտանգային մարտահրավերներն են, որ Հայաստանը կործանող ներուժ են պարունակում: 

Այս առումով բավականին երկար ժամանակ է, որ անկեղծորեն ուզում եմ մի բան հասկանալ: Լավ, այս երկրի իշխանությունն ու հասարակությունն իրո՞ք այդքան միամիտ են, որ, անգամ լալահառաչ աղմուկ-աղաղակով Արցախը կորցնելուց հետո էլ չեն գիտակցում, որ ամեն անգամ, երբ պատերազմը մեր դուռն է թակում, այն պատճառով չի թակում, որ մենք ինչ-որ մայրաքաղաքում թերացել ենք ու մեր լալահառաչ աղմուկ-աղաղակը վատ ենք արել: Ինչ-ինչ, բայց այդքանը մենք կարող ենք «լավ անել» ու «լավ էլ արել ենք»: Արել ենք, բայց, միեւնույն է՝ պատերազմը եկել է, արել ենք, բայց, միեւնույն է՝ այն մեր դուռը թակել է: Իսկ եկել է, որովհետեւ մենք նրա գալուն չեք պատրաստվել, որովհետեւ, երբ հնարավորություն է եղել, չենք ասել, որ այս անգամ մենք ամեն ինչ կանենք, բայց մեր թանկ ժամանակն այլեւս օտար մայրաքաղաքներում աղմուկ-աղաղակ անելու վրա չենք ծախսի: Մենք այն երկրի տնտեսությունը վերագործարկելու, երկրի ռազմարդյունաբերության ծավալները բազմապատկելու, բանակը կայացնելու համար կօգտագործենք:

Ցավոք, այդքանը չենք արել երեկ ու չենք անում նաեւ այսօր: Իսկ չենք անում, որովհետեւ մեր գլխին եկածից դասեր չենք կարողանում քաղել: Եթե երեկ ու անցած օրը «Ռուսաստանը մեզ կպաշտպանի»-ով էինք ապրում, ապա այսօր «Արեւմուտքը մեզ կփրկի»-ով ենք ղեկավարվում: Դրանով ենք ապրել ու դրանով ենք ղեկավարվում, դրա համար էլ այսօր աշխարհում բացի Զելենսկու Ուկրաինայից, մեկ էլ Փաշինյանի Հայաստանն է, որ աշխարհե-աշխարհ ընկած՝     իր անվտանգային խնդիրները բացառապես ուրիշների հաշվին եւ ուրիշների միջոցով է ուզում լուծել:

Պատկերացրեք մի պահ, թե ինչ կլիներ Ռուսաստանի հետ, եթե նա ոչ թե Ղրիմն ու Դոնբասն իրեն միացներ, այլ պատերազմից խուսափելու համար Կալինինգրադից ու Բելգորոդից էլ հրաժարվեր, կամ պատկերացրեք, թե որտեղ կլիներ այսօրվա պատերազմի առաջնագիծը, եթե Եվրոպան միայն էժան գազ ունենալու համար չաջակցեր Ուկրաինային, կամ ինչ կլիներ ԱՄՆ-ի առաջնորդության հետ, եթե նա վախենար ռուսական միջուկային արսենալից ու չզիներ ուկրաինական բանակը, կամ, ասենք, ինչ կլիներ Իսրայելի հետ, եթե Իսրայելը վախենար 300 միլիոնանոց արաբական աշխարհից եւ, պատերազմի մեջ չներքաշվելու պատրվակով, կուլ տար հրեա խաղաղ բնակչության հանդեպ ՀԱՄԱՍ-ի զինյալների գործադրած վայրագությունները:

Վստահ եմ, որ ինչպես մեր, այնպես էլ ձեր բոլորի համար դժվար է այդքան բանն անգամ պատկերացնելը: Իսկ դժվար է ոչ թե այն պատճառով, որ այդ երկրների ռեսուրսների համեմատ մեր երկրի ռեսուրսներն են քիչ (նրանց ռեսուրսները կարող են շատ լինել մեզ համար, բայց քիչ՝ իրենց խնդիրների համար), կամ նրանց հասարակություններն են ավելի մարտունակ, այլ այն, որ նրանք, ի տարբերություն մեզ, այսքան ապաշնորհ իշխանություն եւ այսքան արհեստականորեն ուռճացված օրակարգերով ղեկավարվող ընդդիմություն չեն հանդուրժում, որովհետեւ այդ երկրներն ու նրանց հասարակությունները վաղուց յուրացրել են քաղաքական այնպիսի ընտրանի ձեւավորելու արվեստը, որը համարյա զրոյի է հավասարեցնում այդ երկրներում այնպիսի իշխանությունների իշխանության գալը եւ այնպիսի ընդդիմության ընդդիմություն դառնալը, որոնք երկրի համար օրհասական պահերին անգամ չեն հասկանում, որ անցողիկը ոչ թե երկիրն ու պետությունն են, այլ իրենք ու իրենց խմբային ու անհատական շահերը: Իսկ օրհասական ժամին ոչ թե անցողիկը, այլ մնայունն է պետք փրկել:

Գալուստ ՍԱՐԳՍՅԱՆ