Մենք նորից անցնում ենք 2008-2012 շրջափուլը

Մենք նորից անցնում ենք 2008-2012 շրջափուլը

Զրուցել ենք «Զանգ» շարժման անդամ Միքայել Նահապետյանի հետ։

- Դուք մի քանի շաբաթ ակցիաներ արեցիք` Նիկոլ Փաշինյանի հեռացման պահանջով, որոնք այնքան էլ մարդաշատ չէին, եւ անհետացաք։ Պատրաստվո՞ւմ եք հետագայում շարունակել ձեր պայքարը, թե՞ հիասթափվել եք։

- Հիասթափության մասին խոսք անգամ չի կարող լինել, համբերատար, ամուր նյարդերով՝ մեր գործը պետք է անենք։ Չանելու տարբերակ չկա։ Չանելու տարբերակը թողնել գնալն է։ Ինչ վերաբերում է «Զանգ»-ին, այն հանրային հնչեղություն ստացավ, ստեղծվեցին համագործակցության եզրեր շատերի հետ, բայց փաստացի հարցը լուծում չի ստացել։ Այս պահին մենք աշխատում ենք այն բոլոր մարդկանց հետ՝ հին, նոր, տարբեր շփումներ են լինում, որը կօգնի գտնելու նոր մեթոդ, որով էլ կշարունակենք աշխատել։ Կոնսոլիդացիայի աշխատանքներ են տարվում, որպեսզի հասկանանք, թե ինչ գաղափար է մեզ պակասում՝ գործն առաջ տանելու համար։

- Համագործակցո՞ւմ եք ԱԺ ընդդիմության հետ։

- Խնդիրը մեր սեփականությունը չէ, ի սկզբանե էլ ասել ենք՝ մենք կուսակցություն չենք, քաղաքացիական նախաձեռնություն ենք՝ կոնկրետ խնդրի շուրջ։ Խնդիրը ով իրենն է համարում, բոլորի հետ էլ տեսնում ենք աշխատելու հնարավորություն, որովհետեւ երկիրը բոլորինս է, նրա առջեւ ծանրացած խնդիրներն էլ։ 

- Դուք ակտիվ եք եղել նաեւ 2018-ից առաջ, եթե զուգահեռներ անցկացնեք` ի՞նչ կասեք. մարդիկ այսօր ազատ խոսո՞ւմ են, ակցիաներ անո՞ւմ են, ոստիկանության կողմից ճնշումներ կա՞ն։

- Ոչ մի տարբերություն չկա։ Ոստիկանությունը գործում է զոռբայություններով, ոչ իրավաչափ` բռնություններով։ Այն բացառապես քաղաքական հաշվարկով գործող մարմին է, որի հիմքում ոչ մի իրավական հանգամանք չկա, իրենք խնդիր են դնում, որ ակցիան չպետք է տեղի ունենա, ու վերջ։ Աբսուրդը հասել է նրան, որ ակցիան դեռ չարած՝ եկել են մեզ բաժին են տարել եւ փաստաթղթերի մեջ նշել են, որ ակցիան արել ենք։

- Նիկոլ Փաշինյանը սահմանադրական փոփոխություններ անելու, չորրորդ հանրապետություն ստեղծելու մասին հայտարարություններ է անում: Ըստ Ձեզ, ի՞նչ նպատակ են հետապնդում այդ հայտարարությունները։

- Էդ մարդու առաջ մեկ քաղաքական խնդիր է դրված, մնացածն ածանցյալ է. կոլաբորացիոնիստ գործունեություն է ծավալում՝ ինքը պատասխանատու է նշանակվել, որ, առաջինը՝ հայ ժողովուրդը խնդիր չդնի վերականգնվելու, երկրորդը՝ չկարողանա վերականգնվել եւ առաջ գնալ: Վերականգնել այն, ինչը կորցրել է։ Էդ մարդը ստեղ ժանդարմ է նշանակված։ Նման բան արել է ֆրանսիացի մարշալ Ֆիլիպ Պետենը, ով պատասխանատու էր, որ Ֆրանսիան չպարտվի հիտլերյան Գերմանիային, իսկ երբ Ֆրանսիան պարտվել է, ասել է՝ ես հիմա գիտեմ, թե ինչ է պետք անել. կձեւավորենք կառավարություն, էս ազգի մտածողությունը կփոխենք, որ ապուշ բաներ չմտածեն, այդ ամենը ես կղեկավարեմ։

- Նիկոլ Փաշինյանին կհաջողվի՞ երկիրը տանել այդ տրամաբանությամբ։

- Երկարաժամկետ հեռանկարում` ոչ։ Ինչքան ինքն ազդեցություն գործի, այդքան աճելու է հակազդեցությունը։ Այսօր ես տեսնում եմ մարդիկ, ովքեր խոր մտահոգված չեն եղել ազգային ինքնությանը վերաբերող հարցերում, Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը նրանց մտահոգ է դարձրել, երբ տեսնում են, թե ոնց է վարվում ազգային ինքնության հետ։ Ես հասկանում եմ, որ պրոցեսները չեն գնալու այն ուղղությամբ, ինչպես Փաշինյանը ծրագրում է: Բայց այստեղ վտանգավոր հեռանկար էլ կա․ որքան շուտ կարողանանք անել քաղաքական փոփոխությունը... այնքան էլ թեթեւ չեն լինի դրա հետեւանքները։ Կարող է մենք էլ, Առաջին համաշխարհային պատերազմում պարտված Գերմանիայի նման, երբ մարդկանց խոր հիասթափեցրին, քաղաքական պրոցեսները գնացին այդ տրամաբանությամբ, նման մի փոքրիկ հիտլերիկ ունենանք, իսկ դա լավ հեռանկար չէ։ Պետք է, քանի դեռ հնարավոր է, ռացիոնալ որոշումներ ներկայացնել ազգին եւ ազատել նվաստացածի բարդույթից... Նիկոլ Փաշինյանը չի կարող հավերժ լինել, ինչը բոլորն են հասկանում։ 

- 2018-ից առաջ Հայաստանում բողոք-պայքար կար, այսօր` այսքան ողբերգություններից հետո, քաղաքացիական, քաղաքական ուժերի համախմբում չի լինում, որ կանգնեցնեն իշխանությանը։ Ի՞նչն է պատճառը։

- Երբ ասում եք՝ մինչեւ 2018-ը, նկատի ունեք 2012-2018 թթ․ ընկած շրջանը, երբ քաղաքացիական հասարակության ձեռքում էին փողոցային պայքարը, պրոցեսները։ Բայց խեղել են 2008-2012 շրջափուլը, երբ փողոցային պրոցեսները խորհրդարանական ընդդիմության ձեռքում էին։ Մենք նորից անցնում ենք այդ շրջափուլը: 2007-ին խորհրդարան անցած ընդդիմությունը՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, ընդդիմություն համարվող ճամբարը 4 տարվա ընթացքում սկսեց խնդիրների բախվել, իսկ այդ ընթացքում փողոցում բացարձակ մոնոպոլ դիրք ուներ։ Նույն պրոցեսը հիմա կրկնվում է, դեռ չենք հասել այն փուլին, որ պրոցեսներն անցնեն քաղաքացիական նախաձեռնություններին։ Բայց արդեն նկատվում է այդ ուղղությամբ շարժ, եւ միայն մենք չենք։ Կգա ժամանակը` 2008-2012-ի անալոգը կսկսի գործել։

- Մինչեւ 2018 թ. միջազգային հանրությունն ուշադիր հետեւում էր Հայաստանին․ երբ խախտվում էին մարդու իրավունքները, արագ արձագանքում էին։ 2018-ից սկսած, երբ իշխանությունը, ոստիկանությունը խախտում են օրենքը, չեն նկատում։

- Այստեղ որոշակի քաղաքական շահեր կան։ Բայց համաձայն չեմ, որ կատարյալ անտարբեր են, որովհետեւ մեր նկատմամբ կատարված բռնությունների մասով տարօրինակ բաներ տեղի ունեցան՝ մարդիկ, կազմակերպություններ, միջազգային տարբեր խողովակներ, դերակատարներ արձագանքել են, եւ դա լավ է, որովհետեւ ինչ-որ սիմպտոմների մասին է խոսում, բայց քաղաքական գնահատական տալու համար դեռ շուտ է։