Կորոնավիրուսի «սև կարապը», կամ այն մասին, թե երբ կավարտվի այս ամենը

Կորոնավիրուսի «սև կարապը», կամ այն մասին, թե երբ կավարտվի այս ամենը

«․․․Չկա այնպիսի մի հանցագործություն, որին չգնա կապիտալը՝ հանուն 300% շահույթի․․․»։
Թոմաս Դաննինգ

Մինչեւ 17-րդ դարի վերջը մարդիկ համոզված էին, որ կարապները միայն սպիտակ գույնի են լինում, մինչեւ որ հետազոտողներն Ավստրալիայի արեւմուտքում հայտնաբերեցին սեւ կարապներ։ Սա եւս մեկ անգամ փաստեց այն երեւույթը, որ եթե ինչ-որ մի բանի մասին լայն հասարակությունը չգիտի, ապա դա դեռ չի նշանակում, որ այդ բանը գոյություն չունի։

Ժամանակակից մի մտածող կա՝ Նասսիմ Թալեբը, որն այս օրինակով ուսումնասիրեց տարբեր՝ հաճախ անսպասելի եւ անկանխատեսելի առիթների հետեւանքով առաջացող գլոբալ սոցիալ-տնտեսական ճգնաժամերը։ Ամեն մի անսպասելի, բայց լուրջ այդպիսի առիթ-իրադարձություն նա անվանեց «սեւ կարապ»։ Գլոբալ համաճարակները եւս դրանց շարքին են պատկանում։
Նախորդ՝ 2008թ․ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի անսպասելի եւ անկանխատեսելի «սեւ կարապն» ամերիկյան հիպոթեքային պարտատոմսերն էին, որոնք ունեին ամենաբարձր վարկանիշները, համարվում էին գերհուսալի եւ այսօրվա կորոնավիրուսի պես տարածվել ու մեծ չափերով տեղ էին գտել աշխարհի գրեթե բոլոր նշանակալի բանկերի ներդրումային պորտֆելներում։ Հետո, երբ անսպասելիորեն պարզվեց, որ դրանք ոչինչ չարժեն, սկսվեց ահռելի կորուստների եւ գլոբալ ֆինանսական կրախի փուլը, որը տարածվեց նաեւ համաշխարհային տնտեսության այլ ճյուղերի վրա։ Հայաստանը եւս խորապես տուժեց։ Ստացվեց այնպես, որ չնայած բոլորն այդ պարտատոմսերը համարում էին շատ հուսալի, բայց դա չէր նշանակում, որ դրանք հենց այդպիսին էին։

Կորոնավիրուսային այս համաճարակը, իհարկե, մեծագույն հիմնախնդիր է, սակայն այս եւ նմանատիպ «սեւ կարապ»-առիթները չեն ամենագլխավորը, այլ դրանց սոցիալական եւ ֆինանսատնտեսական հետեւանքները համաշխարհային տնտեսության եւ հատկապես մեր տիպի զարգացող երկրների համար։ Իսկ դրանք ՄԻՇՏ նույն տեսքն ու ալգորիթմն ունեն․ բորսայական ինդեքսների, հումքի գների, այլ ակտիվների գների շեշտակի անկում, ազգային արժույթների դեւալվացիայի վտանգ՝ դրանց վրա աճող ճնշման հետեւանքով, հատկապես զարգացող երկրների տնտեսական վիճակի կտրուկ վատթարացում, կապիտալի փախուստ, տնտեսվարող սուբյեկտների մոտ լուրջ խնդիրների առաջացում, պետության ծախսերի ավելացում եւ եկամուտների քչացում․․․ եւ սա դեռ ողջ ներկապնակը չէ։ 

Քչերը գիտեն, որ բորսաներում միայն աճի վրա չէ, որ եկամուտ են աշխատում, այլ նաեւ՝ գների անկման։ Այդ գործարքները կոչվում են «շորթ»։ Իսկ «շորթ» գործարքներից ստացված շահույթները ե՛ւ ժամանակի, ե՛ւ եկամտաբերության առումով անհամեմատելի են երկարատեւ աճի՝ «լոնգ» գործարքների վրա ստացված շահույթների հետ։ Այսինքն, այսօրվա տնտեսական ճգնաժամը, մասսայական գնանկումներն ու մասսայական խուճապը նաեւ ահռելի գերշահույթների աղբյուր են գլոբալ սպեկուլյատիվ կապիտալի համար։ Խոսքը տրիլիոնավոր դոլարների մասին է։
Չեմ կարող ասել, թե կորոնավիրուսի այսօրվա համաճարակն արհեստական, թե բնական ծագում ունի՝ դրա մասնագետը չեմ։ Բայց ունենալով տնտեսական ճգնաժամերի եւ աճի երեւույթների ուսումնասիրման ավելի քան 20-ամյա մասնագիտական փորձ՝ կարող եմ հստակ ասել, որ եթե չլիներ էլ այս առիթը, կգտնվեր մեկ ուրիշը՝ գլոբալ ճգնաժամ առաջացնելու համար։ 

Բանն այն է, որ ամեն 10-15 տարին մեկ աշխարհում տեղի են ունենում հիմնացունց ֆինանսատնտեսական ճգնաժամեր, իսկ վերջին այդպիսի ճգնաժամից անցել էր արդեն 12 տարի․ ակտիվների գները բավականաչափ եւ գայթակղիչ բարձրություն էին հավաքել՝ դրանք սրընթաց ներքեւ գլորելու համար։ Բայց դրա համար նաեւ խուճապ է պետք, որպեսզի հնարավորինս շատ մարդիկ ազատվեն ակտիվներից եւ ավելի ներքեւ տանեն շուկաները՝ ավելի շահութաբեր դարձնելով վաղօրոք բացված «շորթերը»։ Աշխարհի ամենահեղինակավոր ԶԼՄ-ներն այստեղ վերջին դերը չեն կատարում՝ աջակցելով խուճապին (ինչպե՞ս այստեղ չհիշես բավականին լուրջ մասնագիտական կարծիքներն այն մասին, որ կորոնավիրուսից մահացության տոկոսը մոտ է գրիպի տոկոսին, եւ դրա իրական վտանգի աստիճանը չափազանցված է)։ Ինչեւէ։

Դեռեւս նախորդ տարվա նոյեմբերին, երբ ամեն ինչ դեռ լավ էր, «Հրապարակում» գրած իմ հոդվածում ես նախազգուշացնում էի առաջիկայում սպասվող նոր գլոբալ եւ խորը տնտեսական ճգնաժամի մասին՝ նշելով, որ կարեւոր չէ, թե ինչ առիթ-պատճառով այն կլինի, բայց այն անպայման տեղի կունենա եւ մեր երկրի համար կունենա տնտեսական կանխատեսելի ծանր հետեւանքներ։ Նշել էի նաեւ, որ անհրաժեշտ է անհապաղ ձեռնամուխ լինել երկրի հակաճգնաժամային մոդելի ձեւավորմանը։ Դրա անհրաժեշտության մասին ես գրել էի նաեւ վերջին 2 տարիների ընթացքում իմ հրապարակումներում․․․

Եվ, ցավոք, այսօր միայն կորոնավիրուսի համաճարակի հետ չէ, որ մենք միայն գործ ունենք․ սկսվել է նոր համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամ, որն իրեն հատուկ փուլերով պետք է անցնի։ Հնարավոր է՝ կորոնավիրուսի ուղեկցությամբ։ Իսկ մենք այսօր ստիպված ենք զբաղվել ոչ միայն հրատապ առողջապահական պրոբլեմներով, այլ նաեւ հրատապ տնտեսական, որոնց մեծ մասին հաջող դիմակայելուն մենք ավելի քան պատրաստ կարող էինք լինել՝ մի փոքր այլ տնտեսական քաղաքականություն վարելու դեպքում։ Մինչդեռ մեր այդ հակաճգնաժամային անպատրաստվածությունը հղի է մի շարք պրոբլեմներով, որոնք, վախենամ, ապագայում իրենց դեռ լրջագույնս կդրսեւորեն սոցիալ-տնտեսական դաշտում, նույնիսկ եթե կորոնավիրուսը նահանջի։ 
Հիմա՝ այն մասին, թե երբ կավարտվի կորոնավիրուսի այս համաճարակը (տնտեսական ճգնաժամը), եւ երբ նորից տնտեսական ակտիվություն կսկսվի աշխարհում։ Պատասխանը, հակիրճ կերպով, հնչում է այսպես․ «Այն ժամանակ, երբ որ գլոբալ սպեկուլյատիվ կապիտալը կփակի իր «շորթերը» եւ այդ գումարներով ներքեւում «լոնգ» դիրքեր կբացի՝ ապագա երկարատեւ աճի համար»։

Այդ համակարգը շատ բազմաշերտ է, բարդ եւ փոխկապակցվածության այնպիսի հսկայական դաշտ ունեցող, որը երկու բառով չես նկարագրի, ուստի չեմ ծանրանա նեղ մասնագիտական հարցերի վրա։ Ավելի լավ է խոսենք այն մասին, թե երբ կավարտվի այս ամենը, այսինքն՝ որքան ժամանակ կպահանջվի այդ «շորթերի» փակման եւ «լոնգերի» լիարժեք բացման համար։ Կանխատեսումներ չեմ սիրում, բայց, զգուշավոր, կփորձեմ մոտավոր ուղենիշներ նշագծել։

ԱՄՆ հիմնական ինդեքսները դեռ նոր են սկսել իրենց արագացված անկումը, ճիշտ է՝ արդեն բավականին մեծ ճանապարհ են հասցրել անցնել դեպի ներքեւ։ Կարծում եմ, որ ամբողջական ճանապարհի մոտ կեսն արդեն անցել ենք։ Պետք է անցնել մյուս կեսը եւս։ Պրակտիկան, սակայն, ցույց է տալիս, որ անկման երկրորդ հատվածը, ժամանակային առումով, ավելի երկար է տեւում, քան դրա առաջին հատվածը։ Հետո, ամենաներքեւում, սկսվում է ակտիվների գնման փուլը՝ «լոնգերի» բացումը՝ ցածր գներով։ Դա եւս տեւում է որոշ ժամանակ, մինչեւ գնումները չավարտվեն։ Ընդ որում, խոշոր սպեկուլյանտների կողմից գնումների այս փուլն ուղեկցվում է «աշխարհի վերջի» եւ ապագայում իրավիճակի ավելի վատ լինելու մասին ԶԼՄ-ների կողմից մասսայական «վայնասունով», որը, հաստատ, արհեստածին է լինում։ Սա արվում է, որպեսզի մյուս գնորդները, սպասելով ավելի վատ ժամանակների, չխանգարեն նրանց՝ ակտիվներ գնել եւ դեռ ավելին՝ վաճառեն։

Ժամանակային առումով, լավ սցենարով այս ամենը կարող է տեւել եւս 3-5 ամիս: Եվ եթե նույնիսկ հայտնվի արդյունավետ պատվաստանյութ, կամ համաճարակն անկում ապրի, միեւնույն է, դրանց իրական արդյունքի եւ «լավ» ինֆորմացիոն ֆոնի համար դեռ որոշ ժամանակ կպահանջվի։ Ի դեպ, հիմա դեռ չունենք ո՛չ մեկը, ո՛չ մյուսը, իսկ ամեն ինչ նոր է թափ հավաքում։ Այլ բառերով կարելի է ասել, որ դրա համար ժամանակը «դեռ չի եկել»։

Այս սցենարը, այսօրվա հոռետեսական տրամադրություններն ու սկսվող խուճապը հաշվի առնելով, այնքան էլ վատը չէ, եթե այս համաշխարհային տնտեսական ճգնաժամն «իր» կորոնավիրուսի հետ միասին ավարտվի մի քանի ամսվա ընթացքում։ Նախորդ գլոբալ ճգնաժամը, օրինակ, տեւեց մեկ տարուց մի փոքր ավելի, բայց եղել են նաեւ այնպիսիք, որոնք մինչեւ հինգ տարի են տեւել, իհարկե, այլ «սեւ կարապների», այլ ոչ թե համաճարակային բնույթ ունեցողի ուղեկցությամբ։
Մյուս կողմից, քանի որ աշխարհում աճի երկար ցիկլ է եղել՝ մեծ ծավալներով, ապա գնումները ներքեւում կարող են երկարել, ու կա նաեւ սցենար, որ ճգնաժամը կարող է «երկփուլանի» լինել՝ «անկում-աճ-անկում-աճ» սցենարով, որն արդեն կարող է ավելի երկար տեւել, բայց փաստ չէ, որ անկման երկրորդ փուլի պատճառն էլ կորոնավիրուսը կարող է լինել, քանի որ այսօր համաշխարհային տնտեսության մեջ առկա են մի քանի զուտ ֆինանսատնտեսական գլոբալ «փուչիկներ», որոնք կարող են ցանկացած պահի նոր «սեւ կարապ» դառնալ։ 

Այս ամենին զուգահեռ, մի լավ եւ հուսադրող օրինաչափություն կա՝ «սեւ կարապ» առիթ-իրադարձությունների հետ կապված։ Որպես կանոն, ճգնաժամի ավարտից հետո, երբ որ «ճիշտ ժամանակին» գտնվում է դրա պատճառի վերացման կամ մեղմման մեխանիզմը, պարզվում է, որ այդ պատճառն այնքան լուրջ եւ վտանգավոր չէր՝ այդչափ մեծ խուճապ առաջացնելու համար։ Սա կարող է նշանակել, որ այսօրվա կորոնավիրուսի գնահատականներն ապագայում կարող են ավելի քան մեղմ լինել, քան այսօր՝ դրա վտանգը համարելով չափազանցված։ Սա տեղի է ունենում հատկապես այն ժամանակ, երբ սկսվում է միջազգային բորսաների աճի ժամանակաշրջանը։

Բայց մի վատ օրինաչափություն եւս կա․ ցանկացած տնտեսական ճգնաժամերից ամենաշատը տուժում են Հայաստանի պես զարգացող երկրների տնտեսությունները, նույնիսկ եթե այդ ճգնաժամի պատճառի վտանգավորության աստիճանի գնահատականները հետագայում մեղմվում են եւ/կամ հաջողությամբ վերացվում։ Սա կարող է նշանակել, որ մեր վատ պաշտպանված, արդեն մոտ 30 տարի արտաքուստ պարտադրված «լիբերալ» մոդելով աշխատող տնտեսության համար առկա եւ հետեւանքային ամենամեծ հիմնախնդիրը կարող է տնտեսական լինել, այլ ոչ թե առողջապահական։

Սեւակ Հայրումյան
Տնտեսագիտության թեկնածու (ИМЭМО РАН)
ԵՊՀ տնտեսագի-տության եւ կառավարման ֆակուլտետ