Արտակարգ դրությունը՝ խմբագիրների գրչի տակ

Արտակարգ դրությունը՝ խմբագիրների գրչի տակ

Կոլեգաներիս վրա կորոնավիրուսը եւ դրա պատճառով հայտարարված արտակարգ դրությունը տարբեր կերպ են ազդել: Դա բնական է՝ տարբեր խառնվածքի տեր մարդիկ են, ամեն մեկը՝ իր խնդիրներով ու օրակարգով, իր ասելիքով, հասարակության մեջ իր դերով: Այսօր կխոսենք լրագրության ասերի՝ խմբագիրների վրա կորոնավիրուսի ազդեցության, ինչպես նաեւ այն մասին, թե ինչպես են մեր խմբագիրները հակազդում կորոնավիրուսին: Իսկ մինչ այդ՝ մի քանի խոսք կորոնավիրուսի լրջության մասին:

Հիրավի դժվարին ժամանակներ ենք ապրում: Համաճարա՞կը, թե՞ համավարակը (չգիտեմ էլ՝ որն է ճիշտ) մոլեգնում է երկրում: Վարակվածության դեպքերն աճում են տասնյակներով: Ճիշտ է, ամենախոցելի խմբերն առայժմ քեֆչի հասաններն ու արտերկրյա շրջագայությունների սիրահարներն են, բայց վարակը տարածվում է նաեւ այլ խմբերում, եթե նպատակաուղղված պայքար չծավալենք դրա դեմ: Պայքարել համաճարակի դեմ՝ նշանակում է վերացնել այն, հաղթել, ոչնչացնել տարածման օջախները: Լինում են պահեր, որ միջոցների հարցում խտրականություն ցուցաբերելը դառնում է անիմաստ զբաղմունք: Այսօր մի վիճակ է, որ ձեռքդ ընկած բանը պետք է վերցնես ու տաս կորոնավիրուսի գլխին: Փաշինյանը մի թեթեւ խուճապ արդեն գցել է այս առումով՝ նշելով, որ արտակարգ դրությունը մեզ պետք է, որպեսզի, երբ քաղաքացուն ստուգելու համար դուռը թակենք, ու նա չբացի, իրավունք ունենան դուռը կոտրել:

Արտակարգ դրության հաստատումով զգալիորեն ազատվել են նաեւ իրավապահների ձեռքերը, որոնք կարող են, օրինակ, կառավարության կամ ԱԺ շենքերի մոտ հավաքված մինչեւ 21 ցուցարարի բերման ենթարկել «ինքնամեկուսացման» վայրեր՝ կորոնավիրուսի «առերեւույթ» հանցանշաններ տեսնելով: Խոսքի ազատությունը չսահմանափակելու նպատակով մամուլին, համացանցային լրատվամիջոցներին եւ սոցցանցերի օգտատերերին հրահանգվել է խուճապ չգցել, ամբախ-զամբախ բաներ չգրել, իսկ գրելու դեպքում էլ հղումը տալ բացառապես պաշտոնական աղբյուրներին: Փաշինյանի անելիքն այսքանով ավարտվում է: Մնացած ամեն ինչը պետք է կազմակերպի պարետատունը, այսինքն՝ Ավինյանը: Դե, այնտեղ տնտեսվարողներ կան, որ պարտավոր են բարեխիղճ լինել, հարկադիր պարապուրդի ենթարկված քաղաքացիներ կան, որ պետք է բարձր գնահատեն վարկային արձակուրդներն ու խնայված դրամներով լույսի ու գազի փող տան։ Սննդամթերքի, դեղորայքի եւ առաջին անհրաժեշտության այլ ապրանքների կառավարական «աննախադեպ» ֆոնդեր կան, որոնք պետք է ժամանակագրական առումով ճիշտ բաշխվեն եւ այլն, եւ այլն: Մի խոսքով՝ պետք է աշխատենք, սատարենք պարետին, որ պարետն էլ մեզ սատարի:
Շատ հարցերի պետք է ըմբռնումով մոտենանք: Ունենք ընդամենը 3 լաբորատորիա, որոնցում հնարավոր է կորոնավիրուսի թեստ հանձնել: Առաջին հայացքից դա շատ քիչ է ողջ բնակչությանը թեստավորելու համար, բայց, մյուս կողմից էլ, կան էնտուզիաստներ, որ հասցրել են 2 անգամ ստուգվել: Այսինքն՝ մարդու միջից պետք է լինի թեստ հանձնելու մշակույթը: Մարդ էլ կա՝ մեծ քանակությամբ մակարոն ու զուգարանի թուղթ է առնում: Դա էլ որոշակի մշակույթի դրսեւորում է. աչքը, ինչպես ասում են, տեսածից է վախենում: Գուցե գրանցվեն նաեւ «հաց չորացնելու» դեպքեր, բայց այդ ամենին, ինչպես ասացինք, պետք է ըմբռնումով մոտենալ:

Արտակարգ դրությունը ենթադրում է նաեւ հասարակության համահաշտեցում: Հակառակ պարագայում ոչինչ չի ստացվի: Հիշո՞ւմ եք Կիպլինգի «Մաուգլին», երբ ջունգլիներում երաշտ է սկսվում, եւ ջունգլիի օրենքով՝ հաշտվում են բոլոր գազանները: Սա ճիշտ այդ դեպքն է: Մենք արդեն լսեցինք «նախկինների» հայտարարությունները, որ պատրաստ են ամեն կերպ աջակցել կորոնավիրուսը հաղթահարելու կառավարության քայլերին: Այսինքն, կան բոլոր նախադրյալները, որ մարդիկ էլ կարող են հաշտվել արտակարգ իրավիճակներում: Պարզվում է, սակայն, որ հայերի ու Փաշինյանի կառավարության պարագայում դա այնքան էլ հեշտ չէ: Ինչո՞ւ: Կիմանաք ստորեւ, երբ ներկայացնեմ գործընկերներիս այս օրերի վարքն ու մտորումները:

Եվ այսպես՝ չկա չարիք, առանց բարիքի: Կորոնավիրուսից առաջին օգուտներն է քաղել «Առավոտ» թերթի գլխավոր խմբագիրը: Նա սովորել է բժիշկների նման լվանալ ձեռքերը՝ մատ առ մատ, արանք առ արանք… Եվ ուրախ է, որ կորոնավիրուսից հետո իրեն մնալու է մի շատ լավ սովորություն: Բա որ Նիկոլ Փաշինյանն ասում էր՝ կորոնավիրուսն իր դրական կողմերն ունի՞, չէիք հավատում: Խնդրեմ, Արամ Աբրահամյանի հետ տեղի ունեցածը հենց այդ դեպքն է:

Մենք տեսանք, որ հենց արտակարգ դրություն հայտարարելու գիշերը, երբ Փաշինյանը տակավին ԱԺ-ում էր, կորոնավիրուսով վարակվածների թիվը կտրուկ աճ գրանցեց՝ 30-ից հասնելով նախ՝ 45-ի, ապա՝ 52-ի: Սրանից կարելի է երկու բան ենթադրել: Առաջին, որ կորոնավիրուսը կատաղում է արտակարգ դրության մասին հայտարարություններից, եւ երկրորդ՝ այդ դեպքերը, ամենայն հավանականությամբ, նախկինում թաքցվել են եւ հրապարակվել են միայն արտակարգ դրություն մտցնելու այս համընդհանուր իրարանցման գվվոցի տակ: Բանն այն է, որ համավարակը կամ համաճարակը, սովորաբար, ունենում է տարածման կայուն դինամիկա: Այս դեպքում գրանցվել է «հեղափոխական» աճ, եւ դա մտահոգել է «Իրավունք»-ի գլխավոր խմբագիր Հովհաննես Գալաջյանին, որ փորձել է պարզել, թե, այնուամենայնիվ, ինչ հարց է լուծում Նիկոլ Փաշինյանն այս արտակարգ դրությամբ: Վատ չէ, կարծում եմ: Պետք է աչալուրջ լինել, ու եթե տեղը գա, իշխանությանը բռնել հենց գործի վրա:

Ասեմ, որ ինձ նույնպես դուր չեկան կառավարության հատուկ նիստն ու ԱԺ-ում ծավալված «քննարկումը»: Իսկ ամենածիծաղելին այն է, որ հանրաքվեի ճակատագրի մասին հարցը հնչեց ոչ թե ընդդիմությունից, այլ՝ «Իմ քայլից»: Սարքա՞ծ էր: Իհարկե:

Կորոնավիրուսը զրո աղդեցություն ունի (գոնե այս պահի դրությամբ այդպես է երեւում) «Ժամանակի» ծպտյալ խմբագիր Արման Բաբաջանյանի վրա: Աշխարհն աշխարհով՝ նա իր գործ տալով ու Փաշինյանի հանրային բարձր ռեյտինգի մասին մտահոգությամբ: Մեկ-մեկ ուզում ես ասել՝ չհոգնեցի՞ր, բայց դե, խմբագիր մարդ է, էն էլ՝ մանդատավոր: «Փաշինյանի գլխավոր պրոբլեմը՝ կորոնավիրո՞ւս, թե՞…» վերնագրով հոդված են տպել արտակարգ դրություն հայտարարելու հենց առաջին օրը: Եվ գիտե՞ք ինչ են պարզել: Որ Փաշինյանի համար կորոնավիրուսից ավելի մեծ խնդիր է Արթուր Վանեցյանը: Դե արի ու լրատվամիջոցի այս անզգույշ քայլի պատճառով խուճապի մի մատնվիր: Ինչո՞ւ է Վանեցյանն ավելի մեծ խնդիր, եթե հայտնի է, որ նա ընդամենը մեղադրել է ՀՀ իշխանություններին համավարակի տարածման դեմ ադեկվատ քայլեր չձեռնարկելու մեջ: Էհ, նույն բանը Փաշինյանն էլ է ասել՝ գուցե այնպես չենք արձագանքել, գուցե մեր քայլերն այն էֆեկտը չեն ունեցել: Ի՞նչ կա դրա մեջ, որ հատկապես Վանեցյանի քննադատությունն է աչքներիդ երեւացել: Արդյոք, Վանեցյանի այդ նախազգուշացումներն ու քննադատությունները չէի՞ն պատճառը, որ կառավարությունը վերջապես գիտակցեց ազգային անվտանգությանն սպառնացող վտանգն ու գնաց արտակարգ դրություն հայտարարելուն: Տղաներ, օրենքում ասված է՝ խուճապ չգցել: Պայմանավորվեցի՞նք:

«Հայկական ժամանակի» իմ հարգարժան գործընկերուհի Աննա Հակոբյան, իսկ եթե դեռ կարանտինում է, հարգելի Նիկոլ Փաշինյան, այս ի՞նչ թերթ եք տպում, ամոթ չէ՞: Քանի՞ լեզվով ասենք ձեզ, որ արտակարգ դրության ժամանակ պետք է համերաշխություն տիրի: Դրել՝ «աննախադեպ» մութ սենյակում սեւ կատու եք փնտրում: Իմաստը ո՞րն է, ի՞նչ «ֆան-ակումբ», էն էլ՝ կորոնավիրուսի: Փաստորեն, սատանաները հատուկ պայմաններում էլ չեն վերանում, այո՞: «…Ցավալի է, որ այս իրավիճակում շատերը չեն կարողանում թաքցնել իշխանությունների հանդեպ իրենց կույր ատելությունն ու պարզապես անհասկանալի բութ համառությամբ փորձում են ամեն կերպ վնաս տալ իշխանություններին: Վստահ էլ չենք, թե դրա դիմաց վարձատրվում են: Հենց այնպես, անիմաստ վնաս են տալիս եւ վերջ»,- գրում է հեղափոխական թերթը, առանց անուններ նշելու: Բայց մի՞թե սա է դեպի համերաշխություն տանող ճանապարհը: Չեմ կարծում: Չի կարելի երախտամոռ լինել ու առնվազն երկու տող չգրել այն մասին, որ, ձեր իսկ գնահատմամբ, «նախկիններն» այս օրերին հավասարապես պայքարում են համավարակի դեմ ու նույնիսկ ձեռնարկում ինքնուրույն քայլեր, որ կառավարությունն իր անփորձության պատճառով չի կարեւորել: Մի խոսքով՝ նեղացած եմ Փաշինյանների թերթից:

Հասանք «Հրապարակին»: Դիտմամբ թողեցի վերջում, որ չասեք՝ կողմնապահություն է արել, թեեւ ունեմ դրա բոլոր հիմքերը: Չեմ թվարկի դրանք՝ լիրիկական զեղումների գիրկը չընկնելու նպատակով, այլ կբավարարվեմ նշելով, որ թերթի խմբագիր Արմինե Օհանյանն արտակարգ դրություն հաստատելու հենց առաջին օրը սահմանեց այն շեմը, որ իշխանությունն իրավունք չունի անցնելու: Արտակարգ դրությունը՝ արտակարգ դրություն, բայց չի կարելի օգտվել դրանից ու մամուլին պարտադրել բաներ, որոնք անիմաստ են դարձնում զանգվածային լրատվամիջոցի գոյությունը: «Հրապարակի» գլխավոր խմբագիրը գրել է. «Այս իրավիճակն ինձ ավելի շատ հիշեցնում է ապրիլյան պատերազմի օրերը… Յուրաքանչյուր անզգույշ տեղեկատվություն, ամենաչնչին սխալ կարող էր մեծ խուճապի պատճառ դառնալ եւ վնասել բոլորին:

Այդ օրերին մեր լրատվամիջոցներն աշխատում էին ուժերի առավելագույն գերլարումով եւ հսկայական պատասխանատվության բեռի տակ։ Մենք գիտակցում էինք մեր փոխանցած տեղեկատվության արժեքն ու նշանակությունը երկրի, հասարակության կյանքում։ Բայց նաեւ պարտավոր էինք կատարել այդ պարտականությունը՝ որքան էլ որ դա ինչ-որ անձանց ու կառույցների, առհասարակ՝ իշխանությանը հաճելի չլիներ»: Այո, ԶԼՄ-ների առջեւ հիրավի բժշկական խնդիր է դրված՝ չվնասել: Բայց, մյուս կողմից էլ, որպեսզի հասարակությանն իսկապես չվնասենք, նրան պետք է հավաստի տեղեկատվություն տրամադրել եւ ոչ թե վերապատմել այն հեքիաթները, որ իրենց ֆեյսբուքյան էջերից պատմում են իշխանությունները՝ սկսած Նիկոլ Փաշինյանից: Ի՞նչ է նշանակում՝ հղում տալ միայն պարետատանը եւ իշխանությունների ներկայացուցիչներին: Իսկ մասնագետներին՝ բժիշկներ, տնտեսագետներ, ֆինանսիստներ, հասարակագետներ, կարելի՞ է հարց տալ, որպեսզի հասկանանք, թե ինչ են անում նույն պարետատունը եւ իշխանավորը: Հասարակությանը թողնել երջանիկ անգիտության մեջ՝ չի կարելի: Կարծում եմ՝ սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ խուճապների մեծ մասը հենց անգիտությունից է ծագում: