Այն,  ինչ արվում է Արցախում, Հայաստանում չի՞ արվում․․․

Այն,  ինչ արվում է Արցախում, Հայաստանում չի՞ արվում․․․

Կառավարության նիստում Փաշինյանը հայտարարեց, որ ՀՀ երեսունմեկ  ոչ անկլավ գյուղերի կենսական տարածքները գտնվում են ադրբեջանական օկուպացիայի տակ։ Ոչ մեկը չի անհանգստանում, թե այդ ո՞նց եղավ, որ այդքան գյուղեր հայտնվեցին նշանառության տակ։ Արցախը տալիս ու հանգիստ ապրում էիր, այդ ո՞նց եղավ, որ հիմա էլ Հայաստանն է բռնել Արցախի ճանապարհը։ Ո՞նց եղավ, որ Ադրբեջանը հայտարարում է, թե դրանք օկուպացված տարածքներ չեն, այլ իրենն են։ Չեմ խոսում այն մասին, թե երեսունմեկ գյու՞ղն է վտանգի տակ, թե՞ ողջ Հայաստանը։ Հակառակորդը մխրճվել է Հայաստանի տարածք, փոքր, մի բուռ Հայաստանի համար թշնամու կողմից անգամ մի քանի մարտավարական դիրքեր վերցնելը վտանգ է ողջ երկրի համար։ Իսկ հակառակորդը մի քանի մարտավարական դիրքեր չի վերցրել, Հայաստանի յուրաքանչյուր քառակուսի մետրի վրա թողտվությամբ կախվել է։ 

Մարդիկ Հայաստանի գլխին կանգնած սպառնալիքը չեն տեսնում, որովհետև հրաբուխը դեռ չի գործում, ճիշտ պահին գործելու է։ Իրադրությունը ոչ սթափ գնահատելու անհամաչափության մեջ ենք։ Պարզ տրամաբանությամբ եմ բացատրում, որ շարքային քաղաքացին կարդա ու հասկանա։ Ամեն օր  նոր բան ենք լսում՝ թշնամին ավերել է, ոչնչացրել է Արցախում հայկական որևէ բան։  Փառքի սրահներ է վերացրել, խաչեր է հանել, պատմությունն են ջնջում․․․ Քաղաքական բոլոր դեմքերը այդ ողբի մեջ են՝ տեղեկացնում են՝ այս օրը թշնամին ինչ վերացրեց Արցախում, մյուս օրը՝ ինչ․․․ Ուզում եմ հասկանալ այդ ողբը անգիտակ ձևո՞վ է արվում է, թե՞  ողբում են,  որ ժողովրդի ուշադրությունը կենտրոնացնեն Արցախի վրա՝ մինչև հեղեղատը ամբողջ Հայաստանը քշի։

Փաստերը մեկ- մեկ չեմ թվարկում, որ ընթերցողին չխճճեմ փաստերի մեջ ու բուն ասելիքս դուրս մղվի։ Հիմա ձեզ հարցնում եմ՝ այն, ինչ կատարվում է Արցախում՝ նսեմացվում են մեր ազգային հերոսները, նրանց հիշատակները, փառքի սրահները, Հայաստանում չի՞ կատարվում․․․ Էդ խաչերի հետևից որ մահակ առած ընկել ու ջարդում, հանում են, Հայաստանում չե՞ն հանում․․․ Հայաստանում մեր հերոսներին գլխներին դրած մա՞ն են տալիս։ Խոսողը ձերբակալվում, չխոսողն էլ բերանը ջուր է առել ու լռել։ Եթե Արցախում թշնամին խեղաթյուրում, ոչնչացնում է մեր պատմությունը, Հայաստանում չի՞ կատարվում։ Հիմա հասկանու՞մ եք, որ թշնամին ու ՀՀ իշխանությունը նույն բանն են անում։ Պարզապես այստեղ փոքր դոզայից են սկսել՝ փառքի սրահները հանում են, որ վերանորոգեն, եկեղեցու վրա արշավում են, որ կաթողիկոս փոխեն, Սահմանադրություն փոխում են, որ նոր Հայաստան ստեղծեն։ Հերոսներին ձերբակալում են, որովհետև նրանք այլևս հերոս չեն․․․ Իսկ ինչ որ բան եթե դեռ չեն անում, ձեր դիմադրությունն են  ստուգում, որ առաջ գնան։ Բացատրեք հասկանամ, ի՞նչ է հակառակորդն անում Արցախում, որ նույնը Հայաստանում չեն անում։ Աղքատների տներ քանդելու, կենցաղային, ձերբակալությունների շոուներով փորձում են մարդկանց շեղել, որ հեղեղը լցվում է իրենց տները ու այլևս փրկություն չկա։