Մինչեւ ամառ նավթի համաշխարհային շուկայում փոփոխություններ կլինե՞ն 

Մինչեւ ամառ նավթի համաշխարհային շուկայում փոփոխություններ կլինե՞ն 

Ամերիկյան Bloomberg պարբերականը գրում է, որ մինչեւ ամառ նավթի համաշխարհային շուկայում առկա միտումները թերեւս կպահպանվեն, քանի որ ՕՊԵԿ+ գործարքի մասնակիցները համաձայնել են մինչ այդ շարունակել պահպանել նավթի արդյունահանման կրճատման ռեժիմը։

Ըստ պարբերականի, նման պատրաստակամություն արդեն հայտնել է Սաուդյան Արաբիան, որին բաժին է ընկնում արդյունահանման ծավալների կրճատման կեսը։ Ռուսաստանն իր հերթին, ըստ հրապարակման, համաձայնել է ուժեղացնել իր դերակատարությունը, ավելի կենտրոնանալով արտադրության ծավալների կրճատման, քան էքսպորտի վրա։ Սա ըստ մասնագետների, լիովին արդարացնում է շուկայի հիմնական խաղացողների հույսերը, քանի որ այս կերպ փոխհատուցվում է այն «անդորրը» որը որպես սեզոնային երեւույթ առկա է նավթի համաշխարհային շուկայում։

Ռուսական REX-ն էլ նշում է, որ չափազանց մեծ քանակությամբ պահեստավորված նավթի հանույթ կա եւ դրա պատճառով այս տարի նավթի մեկ բարելի գինը չի բարձրանա 80 դոլարից, նույնիսկ Մերձավոր Արեւելքում հակամարտության շարունակման եւ ռեգիոնալ նավագնացության խաթարման պայմաններում։ Հայտնի է, որ ՕՊԵԿ+ գործարքի անդամների հաջորդ հանդիպումը լինելու է հունիսի մեկին։ Այդ ժամանակ էլ կորոշվի, թե ինչ քաղաքականություն պետք է որդեգրել այս տարվա երկրորդ կիսամյակի համար։