Փորձենք կրկնել հարեւանների արածը

Փորձենք կրկնել հարեւանների արածը

Ռուբեն Վարդանյանին Արցախի պետնախարարի պաշտոնից հեռացնելը 2020 թվականի աշնանից սկսված պարտությունների շարքի հերթական օղակն էր: Եվ այդ դեպքում նշանակություն չունի, որ նրան նշանակողը ոչ թե Փաշինյան Նիկոլն էր, այլ Հարությունյան Արայիկը: Նույնիսկ կարևոր չէ, թե իրականում ով է եղել նշանակողը՝ Նիկոլը, Արայիկը, Պուտինը, թե, ասենք, այլմոլորակայինները: Կարևորն այն է, որ երբեմնի մոսկվաբնակ գործարարն արել էր մի քայլ, որ հույս ու հավատ էր ներշնչել արցախյան մեր հայրենակիցներին: Եվ գործնական իր խառնվածքով կարգավորումներ էր մտցրել շրջափակված երկրամասում: Միաժամանակ, Արցախում իր ներկայությամբ շրջափակման հանգամանքը դարձրել էր միջազգային մեդիայի ուշադրության առարկա: Ինչը, բնականաբար, ձեռ չէր տալիս արևելքից բռնապետին և նա ամեն ինչ արեց Վարդանյանից ազատվելու նպատակով: Եվ հաղթանակեց, քանի որ Հայաստանի վարչապետի պաշտոնին Փաշինյան Նիկոլն է: Ի դեպ, դա այն երևույթի ակնհայտ վկայությունն է, որ մենք շարունակելու ենք պարտվել այնքան ժամանակ, քանի Նիկոլը չի հեռացվել պաշտոնից:

Ռուբեն Վարդանյանը որոշել է մնալ և իր ստեղծած հերթական հիմնադրամով գործել Արցախում: Կարծում եմ, որ այդ որոշումն այնքան էլ կշռադատված չէ, քանի որ չունենալով պաշտոնական լիազորություններ՝ նա այլևս չի կարող որոշիչ դերակատարում ունենալ Արցախում: Ինչը շատ արագ կդառնա ակնհայտ, ու ինքը ստիպված կլինի հեռանալ այնտեղից: Կարծում եմ, որ ավելի ճիշտ կլնի, եթե հեռանա անմիջապես՝ պահպանելով դեռևս որոշակի հեղինակություն: Դա՝ մեկ, և երկու՝ հեռանա ոչ թե Մոսկվա, այլ տնավորվի Երևանում: Արդեն մեդիա տիրույթում առաջարկ է եղել, որպեսզի իր հովանավորած կուսակցությամբ մասնակցի աշնանը կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին: Չգիտեմ, ինքը միայն Արցախի Հանրապետության քաղաքացիություն է ստացել, թե նաև Հայաստանի: Ինչը կարևոր է, քանի որ ավագանու անդամի թեկնածու կարող է հանդիսանալ առնվազն կես տարվա ՀՀ քաղաքացիություն ունեցող և տվյալ համայնքում բնակվող և գրանցված (համայնքայն ռեգիստրում հաշվառում ունեցող) անձնավորությունը: ՀՀ քաղաքացիություն չունեցողը պետք է գրանցված լինի մեկ տարի, բայց այդ ժամկետն արդեն բաց է թողնված:

Եթե Ռուբեն Վարդանյանն ունի  ՀՀ քաղաքացիություն, ապա մնում է Երևանում տուն առնելն ու գրանցվելը: Եթե չունի, ապա պետք է այն ստանալու նպատակով անմիջապես գա Երևան և դիմում ներկայացնի: Ենթադրում եմ, որ դիմումի բավարարումը կձգձգվի, որպեսզի իրավունք չունենա մասնակցելու Երևանի ավագանու ընտրություններին: Բնականաբար, պետք է դիմի դատարան գործընթացն արագացնելու նպատակով: Կարծում եմ, որ երբ այն ավարտվի, ապա նրա քաղաքացիություն ստանալը պետք է ձևակերպվի ոչ թե անձնագիր ստանալու, այլ դիմելու օրվանով: Այդպիսի կարգավորում է գործում, օրինակ, թոշակի ձևակերպման առումով: Թոշակի հաշվարկը սկսվում է ոչ թե գործընթացն ավարտելու պահից, ինչը տևում է 3-4 շաբաթ, այլ դիմելու օրվանից: Դա որպես թոշակառուի վերածված անձնավորություն եմ ասում: 

Կարծում եմ, որ Ռուբեն Վարդանյանը կարող է դառնալ այն անձը, որի շուրջը կմիավորվի ընդդիմությունը: Նույնիսկ դրա այն հատվածը, որը դրա հետևանքով կկորցնի իր կարգավիճակը որպես ղեկավարություն: Բայց հանուն Նիկոլին հեռացնելու՝ դա պետք է կատարվի: Այդպես էր, չէ՞, արտահայտվում ՀՀ երրորդ նախագահը՝ կարևորը Նիկոլին հեռացնելն է և ոչ թե ՀՀ վարչապետի համար կռիվ տալը: Եվ որպես ընդդիմադիրներ պարտավոր են իրենց կողմնակիցներին ուղղորդել դեպի Վարդանյանը: Քանի որ իրենք ունեին բավարար ժամանակ Նիկոլին հեռացնելու, սակայն դա իրենց չհաջողվեց: Իսկ Նիկոլին հեռացնելուց հետո ապագայում կարող են կրկին փորձել իրենց բախտը: Այնպես որ պետք է փորձել կրկնելու մեր հարևան վրացիների արածը Բիձինայի առումով: