«Պարգեւավճար»․ բարոյական անհամատեղելիություն

«Պարգեւավճար»․ բարոյական անհամատեղելիություն

Պատերազմական իրավիճակում պետական ծառայողների կողմից պարգեւատրություններ ստանալու խնդիրը, փաստորեն, որոշ պաշտոնատարների համար բնավ էլ «խնդիր» չէ․ նրանք, ինչպես պնդում են, օրինակ, ՊԵԿ նախագահը, ֆինանսների նախարարը, կշարունակեն պարգեւատրումներ ստանալ նաեւ առաջիկա ամիսներին։ Միակ «անպարգեւը» հոկտեմբեր ամիսն է, որի համար ամենաբարձր մակարդակներից բացառել են պարգեւատրումների անհաղթահարելի «սովորույթի» գործողությունը՝ պայմանավորված այն իրողությամբ, որ այդ ամիսը ծայրեծայր պատերազմական է։ Մինչդեռ, ահա, սեպտեմբերը 30 օրերից 26-ում քանի որ խաղաղության ամիս է եղել, պատերազմի տրամաբանությունը նրա վրա չի տարածվում։ Էկոնոմիկայի նախարարության մամուլի պատասխանատուի խոսքերով՝ «Էկոնոմիկայի նախարարությունում պարգեւավճարները բաշխվել են ըստ նախօրեին տարածված կառավարության պարզաբանման. պետական կառավարման համակարգի մարմիններում սեպտեմբեր ամսվա պարգեւատրումը աշխատողներին տրվել է մինչ ռազմական դրության հայտարարման սկիզբը»: Ասել է թե՝ սեպտեմբեր ամսվա պարգեւատրումները հասել են իրենց արժանավոր հասցեատերերին՝ մինչեւ ռազմական դրության հայտարարումը։ 

Սակայն այստեղ է, որ սկսվում է զավեշտը։ Դա կարելի է համարել հաշվապահական, ֆինանսական զավեշտ, բայց ավելի լավ է՝ տնտեսագիտական, քանի որ կատարվել է, ինչպես հավաստում է վերոնշյալ մեջբերումը, էկոնոմիկայի նախարարությունում։ Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն հայտարարվել է սեպտեմբերի 27-ին՝ պատերազմի առաջին օրը, հետեւաբար, մեր պաշտոնյաներն իրենց պարգեւատրումները պետք է ստացած լինեին մինչեւ սեպտեմբերի 27-ը։ Սովորական տրամաբանությունը պահանջում է, որ որեւէ աշխատողի որոշակի ամսվա համար պարգեւատրումներ սահմանվեն այդ ամսվա ավարտից հետո, դա նշանակում է՝ հաջորդ ամսվա սկզբներին։

Դա անհրաժեշտ է այն պարզագույն տրամաբանությամբ, որ մարդը որոշակի ժամանակահատվածում որոշակի եւ չափելի արդյունքներով բան արած պիտի լինի, որի համար էլ պարգեւատրվի։ Հիմա՝ ամիսը, այսինքն՝ չափելի ժամանակահատվածը չլրացած՝ օրեր առաջ ինչպե՞ս է որոշվել մարդու արած-չարածը, նրա արժանիությունը պարգեւին կամ պարգեւատրման չափին։ Բացի այդ՝ հնարավոր չէ՞, որ սեպտեմբերի 27-ից օրեր առաջ իր կեսմիլիոնանոց պարգեւատրությունն ստացած պաշտոնյան սեպտեմբերի 28-ին արդեն ձախողած լիներ աշխատանքային պարտականությունների կատարումը կամ, ենթադրենք, բռնված լիներ կաշառակերության հանցանքի մեջ։ Այնպիսի տպավորություն է, որ մեր պաշտոնեական վերնախավերում խիստ անհամբեր են պարգեւատրություններ ստանալու հարցում, այնքան անհամբեր, որ մոռանում են սովորական տրամաբանության եւ նույնիսկ Աշխատանքային օրենսգրքի մասին, որը ոչ մի կերպ չի նախատեսել որեւէ աշխատողի պարգեւատրություն ավելի առաջ, քան նա կանի պարգեւի արժանի իր գործը։ 

Ի դեպ, դեռ 2019 թվականին վարչապետի աշխատակազմը պարգեւատրումների կարգում փոփոխություններ կատարելու առաջարկ էր արել («Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով պետական իշխանության մարմինների համար նախատեսված պարգեւատրման ֆոնդից աշխատողների պարգեւատրման միասնական կարգը եւ պայմանները սահմանելու մասին»), որի նախագիծը, սակայն, այդպես էլ նախագիծ մնաց՝ չկարգավորված թողնելով ոլորտը, ինչից հայ պաշտոնատարներին հնարավոր դարձավ օգտվել՝ ըստ «կամաց յուրյանց»։ Այդ նախագծի դրույթներից մեկով սահմանվում էր․ «Տվյալ ամսվա ընթացքում աշխատողի կատարած աշխատանքի փաստացի ձեռք բերված արդյունքները գնահատում է անմիջական ղեկավարը եւ ներկայացնում է աշխատողին պարգեւատրելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին»։ 

Սեպտեմբեր ամսվա պարգեւատրությունների պարագայում, ինչպես տեսնում ենք, «տվյալ ամսվա» պարզ տրամաբանությունը չի գործել»։ 

ՀԳ․ Բարձր պաշտոնյաների եւ հանրային բառապաշարում այսօր գործածվում է «պարգեւավճար» բառը։ Դա նորահնար, բայց եւ անհաջող բառ է, որովհետեւ ներսում իմաստային անհամատեղելիության խնդիր ունի․ «պարգեւը» չի «վճարվում», ոչ էլ «պարգեւի» համար են «վճար/վ/ում»։ 

Բայց մեր պաշտոնյաների պարագայում առավել ցցուն է այդ բառի ներքին՝ բարոյական անհամատեղելիությունը պատերազմական իրավիճակի հետ։ Անհամատեղելիությունը չի վերանա նաեւ հետպատերազմական որեւէ իրավիճակում։