Ադրբեջանի նախիջեւանյան բեռը

Ադրբեջանի նախիջեւանյան բեռը

Միլլի մեջլիսում եկող տարվա բյուջեի նախագծի քննարկմանն ուշագրավ բացահայտում է արել Ադրբեջանի ֆինանսների նախարար Շարիֆովը; Նա տեղեկացրել է, որ 22 միլիոն մանաթով կրճատվում է Նախիջեւանին հատկացվող տարեկան դոտացիան: Ըստ Շարիֆովի, Նախիջեւանի կառավարությունը խոստացել է նույն չափով ավելացնել սեփական հարկային մուտքերը: Ավելի վաղ նման պայման Նախիջեւանի ղեկավար Թալիբովին ներկայացրել էր Իլհամ Ալիեւը՝ հրապարակելով ուշագրավ տեղեկատվություն, ըստ որի՝ Նախիջեւանն ապահովում է սեփական ծախսերի ընդամենը քսան տոկոսը, մնացած ութսուն տոկոսը տրամադրում է Բաքուն:

Ալիեւը հրապարակել է նաեւ մինչ այդ գաղտնի պահվող թիվ՝ Նախիջեւանի տարեկան բյուջեն կազմում է 380 միլիոն մանաթ կամ շուրջ  200 միլիոն ԱՄՆ դոլար: Պաշտոնապես Նախիջեւանի բնակչությունը 400 000-ից ավելի է: Եւ եթե տարեկան բյուջեն ավելին չէ, քան 200 միլիոն ԱՄՆ դոլարը, ապա դա խոսում է այն մասին, որ այնտեղ տիրում է բացարձակ աղքատություն, տնտեսություն գրեթե գոյություն չունի: Անկախ աղբյուրները հենց դա էլ փաստում են, ինքնավարության աշխատունակ բնակչությունը վաղուց արտագաղթել է Թուրքիա, մյուսներն ապրում են ստացվող դրամական փոխանցումների հաշվին: Անկախությունից ի վեր Ադրբեջանը չի կարողանում լուծել Նախիջեւանի խնդիրը: Դեռ որքա՞ն ժամանակ է Բաքուն կրելու այդ բեռը՝ ոչ ոք հստակ ոչինչ չգիտի: Ոմանք հեռանկարային են տեսնում Նախիջեւանի թուրքական կլանումը: