Մենք ունենք մի դուռ, որը դրսից մեր թշնամիներն են փակել, իսկ ներսից ՝ մենք

Մենք ունենք մի դուռ, որը դրսից մեր թշնամիներն են փակել, իսկ ներսից ՝ մենք

Մենք ունենք մի դուռ, որը դրսից մեր թշնամիներն են փակել , իսկ ներսից ՝ մենք… Մինչդեռ կա մի ճեղք, որի արանքից կարող ենք բացել օտարի փակած սողնակը…

Մենք ասես կրակն ենք ընկել մեր երկրի ,ավելի ճիշտ՝ պետություն ունենալու և նրա անկախությունը պահելու ձեռքը: Երեսունմեկ տարի է` չենք կարողանում համակերպվել այն մտքին, որ մեր պետությունը մե՛նք՝ հայերս պիտի կայացնենք ու հզորացնենք...

Ես մի ուրիշ առիթով էլ եմ ասել, որ պետությունը կորցնելու և առհասարակ քաղաքականության մեջ անհաջողություններ ունենալու պատճառը ամեն հայի մտածելու,վերլուծելու կարողություն ունենալն է...Գուցե շատերը զարմանան:

Օրինակ՝ մենք համոզված ենք, որ մեզնից յուրաքանչյուրն ավելի լավ թագավոր, նախագահ ու նախարար կլինի, քան գործողներն են...Իհարկե լինում է և այնպես, որ գործող ղեկավարն իսկապես ապիկար է լինում:Մեզ դժվար է ոտքի հանել և համընդհանուր խնդրի շուրջ միակամ ու միաբան դարձնել,եթե անգամ մի տեղ հավաքվենք, որովհետև մեզնից յուրաքանչյուրն իր հաստատուն կարծիքն ունի: 

Մենք հոտի ժողովուրդ չենք. մեզնից ամեն մեկը հովիվ է...Դա լավ է միայն արվեստի ու գիտության աշխարհում, որտեղ կարևոր է մարդու անհատականությունը...Մենք այդ ասպարեզներում անմրցակից ենք...

Բայց պետականաշինության մեջ դա խանգարող գործոն է...Մինչդեռ ինքներս լավ իմանալով մեր ազգային առանձնահատկություններն այդ հարցում՝պետք է մանկությունից մեր երեխաների մեջ պատվաստենք համայնքային մտածողություն: Մեր որոշ քաղաքական գործիչներ և քաղաքական մեկնաբաններ, իրենց առանձին հարցազրույցների և մամլո ասուլիսների ժամանակ Հայաստանի և Արցախի ռազմական իրավիճակի շուրջ վերլուծություններ անելիս քաղաքականից զատ անում են նաև հոգեբանական ներգործություն ունեցող անպատասխանատու հայտարարություններ:Ես չեմ տարածի այդօրինակ հայտարություն անողների անունները, բայց այս հայտարարություն անողները հաստատ կհիշեն իրենց խոսքերը, թե՝ «Արցախի բնակիչները կհեռանան հայրենի բնակավայրերից...եթե.... » կամ մեկ այլ մեկնաբան, թե՝ «Արցախին սպասում է նախիջևանացում» և այլ մռայլ «կանխագուշակումներ»:

Արգո’ քաղաքագետներ և քաղաքական վերլուծաբաններ, մենք չենք ներում Ձեզ այսպիսի հուսալքող մեկնաբանություններ անելու համար :

Քաղաքագետի վերլուծությունները պետք է լինեն ուղղորդող, սթափեցնող,բայց ոչ տագնապի և հուսահատության մղող:Դուք ուշացել եք, որ ժամանակին չեք ստեղծել հայ քաղաքագետների միություն:անկախ Միություն.եղածները ,ինքներդ էլ գիտեք, որ կախյալ են…

Մի՞թե չէիք կարող այս տարիներին Արցախում և Հայաստանում գտնել քաղաքական համախոհներ, և պաշտոնապես ստեղծել «Անկախ քաղաքագետների միություն» և մշակել ՀՀ ռազմաքաղաքական մի հայեցակարգ, որն իր կանխատեսումներով և ճկուն խորհրդատվությամբ դուրս կբերեր մեր երկիրը ռազմական սպառնալիքից...

Ձեր համատեղ մշակած հայեցակարգը նախ՝ պիտի ներկայացնեիք մեր ժողովրդին ,ապա քաղաքագետների այդ միության անունից պարբերաբար ընդունելություն պահանջեիք ՀՀ այսօրվա վարչապետից և Արցախի նախագահից / նույնկերպ նաև նախորդ նախագահների կառավարման տարիներին /, հանդիպեիք և սեղանին դնեիք Հայաստանը ՝ Արցախով հանդերձ, ճգնաժամային այս վիճակից դուրս բերելու Ծրագիրը...Մեզնից շատերը բազմիցս սուր քննադատել և քննադատւմ են ՀՀ վարչապետին իր թյուր և թույլ քաղաքականության համար: Բայց հետո մի բան հասկացանք,որ նա ոչ միայն պետություն կառավարելու քաղաքական փորձ և կարողություն չունի ,այլև կամք չունի, հետևաբար այս պարագայում պետք էր ազնիվ ու անսակարկ, քաղաքական և տնտեսական անբասիր կենսագրություն ունեցող մարդկանց հետ միավորվել և քաղաքական պարտադրող ՈՒԺ ձևավորել, որին կվստահի և մեր ժողովուրդը,այն ժողովուրդը , որի մի դյուրահավատ զանգվածը միամտություն ունեցավ անվերապահորեն հավատալու Փաշինյանին,այո՛, միայն նրան հավատացին,այլ ոչ թե նրա թիմակիցներին,. նրա թիմակիցները պարզապես կամազուրկ պալատականներ են: Ենթադրվում է,որ վարչապետը հիմա մի քանի կողմից՝ քաղաքական , ռազմական և հոգեբանական հզոր ճնշման տակ է...Այլ կերպ չէր կարող լինել. իհարկե այդ վիճակում մեկ օրում չէ, որ նա հայտնվել է.դրանում առկա է նրա քաղաքական ոչ հասուն լինելը կամ ծրագիր իրականացնելը….Սրանում իրենց ներդրումն ունեն նաև նախորդ երեք նախագահները:Բայց այսօր երկիրը քաղաքական և ռազմական անելանելի վիճակում է և դրանում Փաշինյանի քաղաքական սխալներն առավել ,քան ակնհայտ են: Բայց թողնել , որ նրա քաղաքական բացթողումներն ավելի խորանան և դառնան կործանարար,աններելի և անհանդուրժելի է:Մենք բոլորս պատասխանատու ենք մեր Հայրենիքի ու պետության գոյության համար: Աստված մի՛ արասցե, ի՞նչ պիտի անենք մենք, որ այս էլ քանի տարի ,խելոք-խելոք խոսում ենք ու վերլուծություններ գրում, բայց ոչինչ չենք նախաձեռնում, որպեսզի իրավիճակը այսքան չբարդանար...Ի՞նչ ենք անելու,չարախնդալու՞ ենք, թե՝ «Ես ասում էի ,չէ՞, որ....»

Վարչապետի ՝ ոչ մեկի հետ չխորհրդակցելու, ոչ մեկի օգնությանն ու օժանդակությանը չդիմելու հայտնի պահվածքը կարելի է բնորոշել նաև որպես հոգեբանական ընկճվածություն.նա հավանաբար գիտակցել է, որ ինքն անկարող է պետությունը կառավարել ոչ միայն այս քաղաքական և ռազմական ծանր պայմաններում, այլև առհասարակ, և մենակ , առանց խորհրդակցելու գնում է երկիրը կառավարելու, որպեսզի ոչ ոք չիմանա, որ նա գործից գլուխ չի հանում: 

Նենսի Փելոսիի այցը Երևան և մեր երկրում ժողովրդավարության մակարդակի բարձր գնահատումը հաստատապես Ադրբեջանին հակադրելու միտում ուներ և Հայաստանին օժանդակելու պատուհան էր բացում:

Կարծում եմ, այդ գնահատականից Փաշինյանը բնավ չպետք է ոգևվորվի և մուրճը ձեռքն առնի: Հիմա ՀՀ և ԱՄՆ քաղաքական շահերը լիովին համընկնում են՝որպես բնական դաշնակիցների. մեզ պետք է, 
**որ Ադրբեջանը հեռացնի իր զորքը Հայաստանից,Արցախից և ազատագրված մեր տարածքներից,
** որ Թուրքիան հեռանա Արցախից, մեծ հաշվով ՝Կովկասից, 
**որ ռուսաստանը այլևս չմիջամտի մեր քաղաքական ,այստեղից ածանցյալ՝տնտեսական և այլ գործերին, հեռացնի իր կիսատ-պռատ խաղաղապահ անձնակազմը, որի ակադեմիական սառնասրտության պայմաններում եղան նոր տարածքների կորուստներ,անգամ զոհեր: 
ԱՄՆ-ին պետք է
** վերահսկել Կովկասն ու դեպի Արևելք տանող ռազմավարական կարևոր այս ուղին,
**թույլ չտալ, որ Սյունիքի հաղորդակցության ուղին վերածվի ՄԻՋԱՆՑՔԻ և վերահսկվի ռուսատանի և Թուրքիայի կողմից :

Այս լուծումը նաև Իրանի շահերից է, քանի որ նա իր նավթն ու գազը կարող է հանգիստ ու կարճ ճանապարհով հասցնել Եվրոպա

Այս լուծումը շահեկան է նաև Եվրոպային, որպեսզի նա կախում չունենա ռուսական գազից:…
Ահա այսպիսի իրավաիճակ է ստեղծվել Հայաստանի ու Արցախի շուրջ:
Արդյոք մեր քաղաքական վերլուծաբանները կանխատեսել են Ռուսաստանի հետագա, ես կասեի՝ մոտակա քաղաքական քայլերը, երբ ՀՀ-ն ՀԱՊԿ-ից դուրս գալու ցանկություն հայտնի,կամ՝կհասցնի՞ ԱՄՆ-ն Հայաստանին ավելի վաղ օժանդակել, քան Ռուսաստանն ու Թուրքիան կհեռացվեն տարածաշրջանից…Սրանք ոչ այնքան քաղաքական վերլուծաբանների կանխատեսելու շնորհիվ կարող են դրական ընթացք ենթադրել, որքան հետագա քաղաքական ճիշտ քայլեր կատարելը դիվանագիտական ասպարեզում:

Ի դեպ, այս քաղաքական վերլուծաբանների  միավորումում չպետք է տեղ ունենան նախկին իշխանություններին պաշտպանողները և ՔՊ-ական կողմնորոշում ունեցողները,ընդգծված ռուսամետ և արևմտամետ :քաղաքագետները:Քաղաքական դաշտը պետք է մաքրել՝ներարկելով ազգային բարձր գիտակցություն…

Նենսի Փելոսիի այցը Հայաստան և նրա այն միտքը, թե՝ «Մենք ձեզ չենք ասելու , թե դուք ի՞նչ անեք, այլ հարցնելու ենք՝ դուք ինչի՞ կարիք ունեք»-ը հիստերիայի մեջ է գցել Կրեմլի պատվերակատար լրագրողնրին և քաղաքական վերլուծաբաններին, անգամ Ծիծեռնակաբերդում Նենսի Փելոսիի հուզվելն ու արտասվելը զավեշտի են վերածում…Բայց թող այդ խամաճիկները չմոռանան, որ Հայոց Ցեղասպանությունը պաշտոնապես ՌԴ Պետդուման ճանաչել է դեռևս 90-ական թվաաններին,բայց դա իրենց համար անցած փուլ է երևի, որովհետև իրենք Թուրքիայի հետ առայժմ կենակցային հարաբերությունների մեջ են,մինչև որ Թուրքիան կհանգստանա ռուսաստանի խորքերում…
Եվ այսպես, Հայաստանի համար քաղաքական նոր էջ է բացվում:

Արգո՛ քաղաքական գործիչներ, քաղաքական վերլուծաբաններ և միջազգային իրավունքի մասնագետներ, ի մի բերեք ՁԵՐ մասնագիտական կարողությունները, թողե՛ք անձնական առավելապաշտությունը, միաբանվե՛ք մեկ ընդհանուր և Հայոց համար հույժ կարևոր մի Գաղափար-Ծրագրի շուրջ և պարտադրե՛ք Կառավարությանը ,որ նա դիմի ԱՄՆ-ի նախագահին՝վերանայելու 102 տարվա անժամանցելի քաղաքական ուժ ունեցող Իրավարար Վճիռը, որը 1920 թվին մշակեց և նոյեմբերի 22-ին հանձնվեց Փարիզի խաղաղության ժողովին՝վավերացնելու, ինչը և իրականացվեց: Ահա այդ վավերացման հիման վրա իրականացվելու էր Հայաստան-Թուրքիա պետությունների միջև սահմանազատումը…
Նենսի Փելոսիի այցը Հայաստան,Ծիծեռնակաբերդ ,նրա ոչ երկիմաստ խոսքը մեզ պարզորոշ հուշում են , որ իրենք պատրաստ են օգնելու Հայաստանին՝ ինչի կարիք որ մենք ունենք և այդ մասին հայտնենք…

Պահը ճակատագրական է,թող քաղաքական դաշտից հիմա հեռանան բոլոր երեք նախագահները՝ իրենց նախկին վարչակազմով և. Կուսակցական-քաղաքական խաղերով, եթե իսկապես ուզում են,որ Հայաստանը դուրս գա այս ծանր ճգնաժամից. որը կարող է ճակատագրական լինել Հայաստանի՝որպես պետության և հայ ժողովրդի համար: Փաշինյանը այստեղ պետք է այնքանով, որքանով նա է այսօր ՀՀ ներկա կառավարության ղեկավարը և պաշտոնապես միայն նա կարող է դիմել ԱՄՆ-ին:

Հայրենակիցնե՛ր,հիմա բնավ ժամանակը չէ հանրավաքներում անձնական վիրավորանքները հիշելու, այսօր,անգամ եթե որոշ մարդիկ քաղաքական և ֆինանսական չարաշահումներ են կատարել այս տարիներին և հետապնդվել են նոր իշխանությունների կողմից,պետք է մոռանան դա, որովհետև հարստություն կարելի է ձեռք բերել ցանկացած տեղ և ցանկացած ժամանակ, բայց հայրենիքն ու պետությունը կորցնելուց հետո, ոչ մի արժեք չի ունենա ցանկացած նյութական հարստություն…

Հարգելի՛ հայրենակիցներ, մեր հորդորն է ու պահանջը քաղաքական ակտիվ մեր հայրենակիցներից,
Աջակցե՛ք քաղաքական այն ուժերին, որոնք կվերհանեն Վուդրո Վիլսոնի Իրավարար Վճիռը՝ քաղաքական և իրավական դաշտ բերելու համար:Հայաստանի ու հայ ժողովրդի փրկությունը միայն Վիլսոնյան Իրավարար Վճիռն է, որից սարսափում է նախ՝ Թուրքիան, ապա Ադրբեջանը, որովհետև երկուսն է կզրկվեն մեր բռնազավթած հողից…Անկասկած է, որ այս դաժան պատերազմի հիմնական պատճառը Հայաստանը վերջնականապես քաղաքական ասպարեզից հեռացնելն է, իսկ հայ ժողովրդին սարսափով վարակելը,որպեսզի մենք վերջնականապես մոռանաք Իրավարար Վճիռը…
Իրավարար Վճիռը հենց այդ ԱԹՍ-ն է,որ կախված է Թուրքիայի և Ադրբեջանի գլխավերևում…
Ուրեմն՝դեպի ԻՐԱՎԱՐԱՐ ՎՃԻՌ…

Մարի Բարսեղյան-Խանջյան
գրող,հրապարակախոս և
մի խումբ հայ մտավորականներ