Պետք չէ գայթակղվել ուժային կենտրոնների «քաղցր խոսքերով»
«Իրավիճակի սթափ վերլուծությունը ակնհայտորեն ի ցույց է դնում Հայաստանի շուրջ զարգացումների իրական հեռանկարները և կողմերի նպատակները»։
Քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանը գտնում է , որ ի սկզբանե պետք է փաստել, որ հայկական այն կոնցեպտը, որ` «տանք Արցախը և հանգիստ ապրենք» բերեց պատերազմը Հայաստան, և արդեն ուղղակի վտանգված է Հայաստանի գոյությունը։
Այսինքն, պետք է ֆիքսել, որ բոլոր նրանք` սկսած պաշտոնյաներից և վերջացրած շարքային քաղաքացիներ, ովքեր միտումնավոր, կամ առանց խորքային նպատակների գեներացնում Էին հակարցախյան տրամադրություններ Հայաստանում, փաստացի սպասարկում էին թուրք-ադրբեջանական տանդեմի շահերը Հայաստանի մասնատման, ոչնչացման առումով։
Աբովյանը սա որպես փաստ է արձանագրում։
Ըստ Աբովյանի, հիմա ականատես ենք լինում մի իրավիճակի, երբ թուրք-ադրբեջանական ոհմակը` ռազմական ճնշումների ներքո փորձում է գեներացնել տրամադրություններ, որ հայկական հասարակության մեջ ամրապնդվի տեսլական, որ` դե «տրամադրենք միջանք, ճանապարհ» Հայաստանի տարածքով, և դիմացը կստանաք խաղաղություն։
Սա կրկին բխում է թուրք-ադրբեջանական շահերից և միանշանակ բերելու է արդեն Հայաստանի փաստացի մասնատմանը, ինչը միանշանակ կհանգեցնի Հայաստանի վերջնական կործանմանը։
Աբովյանի կարծիքով տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանը դեմ է միայն «միջանցքի» գաղափարին, իսկ ճանապարհ տրամադրելու առումով առարկություններ չունի։ Այստեղ գոյանում է մի իրավիճակ, երբ մենք պետք է մեր համար հասկանանք, որ նույնիսկ ճանապարհ տրամադրելու գաղափարը ունի իր վտանգները։
«Նախ պետք է ասել, որ գրեթե բոլոր հիմնական խաղացողները տարածաշրջանում «մերվել են» այն փաստի հետ, որ հայկական կողմը համաձայն է այսպես կոչված «կոմունիկացիաների բացման և դելիմիտացիայի, դեմարկացիայի» շղարշի ներքո սպասարկել շուրջ բոլորի շահերը` դիմացը կրկին ակնկալելով «խաղաղություն»` իհարկե, ոչ մի խաղաղություն դա չի բերի, այլ հակառակը։ Սակայն խոշոր խաղացողները չեն ընդդիմանա, եթե մենք որոշել ենք խաղաղություն բղավելով գնալ ինքնաոչնչացման ։
Ինչևիցե, այսօր ունենք մի իրավիճակ, որ խոշոր աշխարհաքաղաքական կենտրոնները կատաղի պայքար են տանում, թե ո՞վ է ի վերջո վերահսկելու լոգիստիկ հանգույցները տարածաշրջանում»-նշեց Աբովյանը ։
Աբովյանն ասում է, որ թե իրանցիները, թե եվրոպացիները, թե ամերիկացիները, թե ռուսները ունեն կոնսենսուս,որ թուրքերի ձեռքը չի կարելի տալ լոգիստիկ հանգույցների վերահսկողությունը , քանզի իրենցից ոչ մեկին պետք չէ, որ Հայաստանի տարածքով անցնող ճանապարհների հաշվին ձևավորվի նոր թուրքական մեծ էթնո-քաղաքական միավորում։
Սակայն մեզ համար ամենավատ լուրը նա է, որ Հայաստանի իշխանությունները բոլորի կողմից դիտարկվում է ոչ թե որպես քաղաքական միավոր, այլ ընդամենը որպես անկանխատեսելի, անլուրջ և խճճված գործոն ,որը ինքը չի հասկանում իր որոշումների և քայլերի հետևանքները։
«Պետք չէ գայթակղվել ուժային կենտրոնների «քաղցր խոսքերով», պարզապես հետևեք իրադարձությունների տրամաբանությանը և հասկացեք` ոչ մի պետություն չի պաշտպանի մեր շահերը, երբ մենք մեր շահերը պարզապես փոխանակակեցինք թրքահաճո և ադրբեջանամետ «խաղաղության դարաշրջան» անիրականալի երազանքների հետ։
Եվ ցավոք, էական փոփոխություն մեր ինքնասպան քայլերի մեջ չի երևում»,- եզրափակեց Աբովյանը ։
Կարծիքներ