Հայրենասիրությունը մեզ մոտ գիտակցական մակարդակում է. Վ. Այվազյան

Հայրենասիրությունը մեզ մոտ գիտակցական մակարդակում է. Վ. Այվազյան

«Մեր տունը Հայաստանն է» դաշինքը Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու մոտ պատգամավորության բոլոր թեկնածուների մասնակցությամբ ամփոփեց քարոզարշավը։

Պատգամավորի թեկնածու, դաշինքի նախընտրական շտաբի ղեկավար, ԵՊՀ Սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ Վարդան Այվազյանը քարոզարշավը եկեղեցու մոտ ամփոփելը բացատրեց նրանով, որ ցանկանում են ընդգծել իրենց «հավատարմությունը համամարդկային և համազգային արժեքներին»։

«Մենք այս վայրում հավաքվելով՝ նաև մեկ անգամ ևս ցանկանում ենք շեշտել մեր հավատարմությունը համամարդկային և համազգային արժեքներին։ Եվ եթե «Մեր տունը Հայաստանն է» կուսակցության ծրագրային դրույթներին ծանոթանաք, ապա մի ստվար հատված, մի պատկառելի հատված նվիրված է հենց նոր պետականության տեսլականին, որի մեջ ներկայացված է մարդը որպես բարձրագույն արժեք լինելու հանգամանքը», - լրագրողներին ասաց Այվազյանը։

Նրա խոսքերով՝ իրենց թիմում հայրենասիրությունը գիտակցական մակարդակում է։

«Հայրենասիրությունը մեզ մոտ ոչ թե խոսքային, այլ գիտակցական մակարդակում է։ Ես չեմ կասկածում՝ ցանկացած հայ յուրովի հայրենասեր է, անկախ՝ որ քաղաքական թիմից կլինի։ Բայց երբ որ հայրենասիրությունը գիտակցական մակարդակում չէ, ճիշտ, համարժեք մեթոդաբանությամբ չի լինում, դա այնքան էլ նպաստավոր չի լինում։ Եվ այս տեսակետից մեր թիմում հայրենասիրությունը գտնվում է ամենաբարձր գիտակցական մակարդակի վրա։ Եվ հենց դա էլ գրավականն է այն բանի, որ մեր քաղաքական թիմն ունի փաստացի ունակություններ ինչպես իր առաքելությունը կատարել օրենսդիր իշխանության մարմնում, այնպես էլ՝ գործադիր իշխանության», - նշեց պատգամավորի թեկնածուն։