Ադրբեջանի սպասումներն ի դերեւ եղան

Ադրբեջանի սպասումներն ի դերեւ եղան

Սոչիում Պուտին-Էրդողան բանակցությունների արդյունքում ձեռք են բերվել, ՌԴ նախագահի գնահատմամբ՝ «ճակատագրական պայմանավորվածություններ»: Այդ առթիվ Ադրբեջանից դեռեւս պաշտոնական արձագանք չի հնչել, թեեւ տրամաբանական է, որ Սիրիայի հյուսիս թուրքական ներխուժմանը համերաշխվելով՝ Ալիեւի կառավարությունը պետք է որ վերաբերմունք արտահայտի նաեւ դրա քաղաքական հետեւանքների շուրջ: Մեծամասամբ լռություն է պահպանում նաեւ ադրբեջանական փորձագիտական հանրությունը: Դա, ըստ երեւույթին, բացատրելի է նրանով, որ թեմայի վերաբերյալ Ալիեւի աշխատակազմից կամ ԱԳՆ-ից համապատասխան հրահանգ դեռեւս չի իջեցվել, իսկ Ադրբեջանում անկախ վերլուծաբաններ պարզապես չկան: Այդուհանդերձ, դատելով նախընթաց մի քանի օրերին ադրբեջանական մամուլում տեղ գտած ենթատեքստային հրապարակումներից, Բաքվում մեծ էին սպասումները, որ Թուրքիան մինչեւ վերջ կջախջախի սիրիացի քրդերին, իսկ հետո «կգա Լեռնային Ղարաբաղում համատեղ հակաահաբեկչական ռազմերթի ժամանակը»: Էրդողանի բանակցությունները նախ ԱՄՆ փոխնախագահի, ապա եւ Ռուսաստանի նախագահի հետ ի դերեւ հանեցին Բաքվի սպասումները:

Ալիեւը, թվում է, վերջնականապես պետք է համոզվի, որ միջազգային քաղաքական ասպարեզում Թուրքիան այնքան էլ ինքնուրույն խաղացող չէ, ինչպես, ամենայն հավանականությամբ, Բաքվի հետ շփումներում խրոխտանում է Անկարան: Եւ՝ որ չնայած սուր տարաձայնություններին, ԱՄՆ-ը եւ Ռուսաստանը երբեք հարաբերությունները չեն հասցնի ճգնաժամային իրավիճակի: Սիրիայի հյուսիսում թուրքական արշավանքի կոշտ կասեցումն, անկասկած, ռուս-ամերիկյան պայմանավորվածությունների արդյունք է, եւ դա, կարծես, Անկարայում հասկանում եւ ընդունում են: Թուրքիայի սիրիական «բլից-կրիգի» արգելափակումն, անշուշտ, ուղերձ է նաեւ Ալիեւին, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները չեն հանդուրժի հայ-ադրբեջանական դիմակայության գոտում իրավիճակի ապակայանուցման ցանկացած փորձ:

Իսկ դա նշանակում է, որ բանակցություններում Ալիեւը զրկվում է պատերազմի սպառնալիքը գործադրելու հնարավորությունից: Այդուհանդերձ, բաց է մնում մի սկզբունքային հարց՝ ռուս-թուրքական, թող որ՝ ոչ լիովին անկեղծ, պայմանավորվածությունները միայն Սիրիայի վրա՞ են տարածվում, թե՞ ունեն ավելի լայն ընդգրկում: Մասնավորապես՝ ընդունելով Թուրքիայի «անհանգստությունները» Սիրիայում, Ռուսաստանը Թուրքիայից փոխարդարձաբար Ադրբեջանում իր հետաքրքրությունների նկատմամբ ընկալունակության ազդակներ ստացե՞լ է: Ամենակարեւորը՝ Միացյալ Նահանգները եւ Ֆրանսիան ընդունու՞մ են, որ Ռուսաստանը եւ Թուրքիան կարող են համաձայնության գալ ազդեցության գոտիների «փոխանակման» հարցում: Ավելի պարզ ասած՝ ԱՄՆ-ը եւ Ֆրանսիան Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման «կուրատոր» ճանաչում են Ռուսաստանի՞ն: Ադրբեջանի վերջին հույսն, ըստ երեւույթին, մնացել է դա՝ որ ԼՂ հարցում հնարավոր է ռուս-թուրքական պայմանավորվածություն եւ կարգավորման «Լավրովի պլանի» վերակենդանացում: Ադրբեջանական մամուլն ակնարկում է 2011թ.-ին Կազանում բաց թողնված հնարավորության մասին: Երեւում է, ռուսական կողմը խնդիր է դրել Հայաստանի նոր իշխանություններին վերադարձնել հենց այդ պայմանավորվածությանը: