Իլհամ Ալիեւի «հայկական թեմատիկայով» հայտարարություններն այդպես էլ մնացին անարձագանք ՀՀ ԱԳՆ-ի կողմից

Իլհամ Ալիեւի «հայկական թեմատիկայով» հայտարարություններն այդպես էլ մնացին անարձագանք ՀՀ ԱԳՆ-ի կողմից

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը երեկ այդ երկրի մայրաքաղաքում մեկնարկած Գոբալ 9-րդ ֆորումի բացման արարողությանն ունեցած ելույթի ժամանակ հայտարարել էր, թե Վրաստանն առաջարկել է եռակողմ հանդիպում անցկացնել Հայաստան-Վրաստան-Ադրբեջան ձեւաչափով, ԱԳ նախարարների մակարդակով, սակայն պաշտոնական Երեւանն այդ առաջարկը մերժել է։ Ի պատասխան այդ հայտարարությանը, երեկ ՀՀ ԱԳՆ-ն «Արմենպրեսի» հարցմանն ի պատասխան հայտարարել էր, որ Երեւանը որեւէ կերպ չի մերժել այդ հանդիպման առաջարկը։ Հայկական կողմի ներկայացրած մեկնաբանություն-հայտարարությունում կարդում ենք․ «Մենք ոչ միայն չենք մերժել, այլեւ մշտապես դրական ենք արտահայտվել նման հավանական հանդիպման մասին՝ միաժամանակ նշելով, որ պետք է աշխատանք տանել հանդիպման արդյունավետությունն ապահովելու ուղղությամբ»։ Մեկնաբանությունն ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանինն է։ Այս առնչությամբ կարծում ենք, որ տեղին է մի քանի դիտարկում կատարելը։

• Նախ, հայաստանյան հանրությունը թերեւս երախտագիտություն պետք է հայտնի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին, որ իր ելույթում բարձրաձայնեց, թե Վրաստան-Հայաստան-Ադրբեջան ձեւաչափով, ԱԳ նախարարների մակարդակով հանդիպում էր կայանալու (կամ դեռ գուցե կայանալու է)։ Եթե Ալիեւն այս մասին չխոսեր, հայաստանյան հանրությունն այս մասին տեղեկատվություն չէր իմանա, որովհետեւ Հայաստանի գործող իշխանությունները, որոնք ամեն պատեհ-անպատեհ առիթով խոսում են թափանցիկ աշխատաոճից, ժողովրդավարությունից, ժողովրդի հետ անկեղծ լինելու անհրաժեշտությունից, հանրային հաշվետվողականությունից կամ իրենց հաշվետու գործունեությունից, մեղմ ասած, «լայեղ» չեն անում գոնե երկու տողանոց հաղորդագրությամբ տեղեկացնել այս եւ այլ կարեւոր հարցերի մասին։

• Դատելով հայկական կողմի արձագանքից՝ կարելի է ասել, որ նման հանդիպման հավանականությունը դեռ պահպանվում է, ու պաշտոնական Երեւանն էլ իր հերթին ամեն ջանք գործադրելու է, որպեսզի այդ հանդիպումը կայանա ու լինի արդյունավետ։ 

• Պաշտոնական Երեւանի արձագանք-մեկնաբանությունը կարելի է համարել Ռուսաստանին նետված ձեռնոց եւ Բրյուսելի ուղղությամբ արված ռեւերանս, որովհետեւ, որքան հասկանում ենք, նախ՝ Վրաստանը թեեւ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման որեւէ ձեւաչափում ներկայացված չէ, սակայն հասկանալի է, որ որպես Արեւմուտքի հարավկովկասյան հենակետ, վրացական կողմն առանց Բրյուսելի հավանության կամ ուղիղ ցուցման նման առաջարկ չէր ներկայացնի։ 

• Հակված չենք մտածելու, որ Ալիեւը պարզապես սուտ է խոսել՝ ասելով, թե Երեւանը մերժել է նման հանդիպման անցկացումը։ Ինչպես ցույց տվեց 44-օրյա պատերազմի ընթացքը, Ադրբեջանի նախագահն իր ժողովրդի ու նույնիսկ նաեւ հայ հանրության հանդեպ շատ ավելի անկեղծ էր, քան հայաստանյան իշխանություններն էին անկեղծ ու ճշմարտախոս իրենց ժողովրդի հանդեպ։ Վկան պատերազմի օրերին Արծրուն Հովհաննիսյանի «Գյուլնազ տատի հեքիաթների» ժանրից հայտարարություններն էին, որոնք ընթերցողը երեւի դեռ չի մոռացել։

• Ավելի շատ կարծում ենք, որ նման առաջարկ եղել է, Երեւանը, վախենալով Ռուսաստանի հանդեպ կենտրոնախույս քայլերից, իրեն պահել է ոչ ադեկվատ, ինչի պատճառով էլ Ալիեւը հարցը հանրայնացրել է, ու հիմա, երբ Մոսկվայում էլ գիտեն, Երեւանում՝ «մանր խուլիգան ժուլիկի» հոգեբանությամբ, փորձում են ինչ-որ կերպ «լողալ-սողալ» եւ իրավիճակին հարմարվել։

• Հատկապես զարմանալի էր, որ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունում արձագանքել են միայն այս հարցին, մինչդեռ Ալիեւը երեկ բավականին շատ հայտարարություններ է արել «հայկական թեմատիկայով»՝ խաղաղության պայմանագրից ու «Զանգեզուրի միջանցքից» մինչեւ Հայաստանի հանդեպ հերթական անգամ տարածքային պահանջներ ներկայացնելը։ Սակայն առ այս պահն այդ հայտարարությունները մնացել են անպատասխան կամ անարձագանք, ու միայն թբիլիսյան հնարավոր հանդիպման մասին են Երեւանում հարկ համարել խոսել։ Ինչը խոսում է այն մասին, որ մյուս կետերում համաձայն են կամ ասելիք չունեն։ Եվ Ալիեւը կրկին հաղթում է վերբալ պատերազմում։