Կորոնավիրուսը չի ապահովագրվում  Հայաստանում

Կորոնավիրուսը չի ապահովագրվում  Հայաստանում

Կորոնավիրուսի վարակակիրների թիվը ողջ աշխարհում արդեն մոտենում է 100 հազարի սահմանագծին։ Այս առումով հետաքրքիր է, թե արդյոք կորոնավիրուսը մտնում է այն հիվանդությունների կամ վիրուսների ցանկ, որոնք ենթակա են ապահովագրման։ Ինչպես հայտնի է՝ կան hիվանդություններ, որոնք ապահովագրվում են, կան՝ որ ոչ։ 

Այս հարցը պարզելու համար «Հրապարակը» զանգահարեց Հայաստանում գործող ապահովագրական ընկերություններից «Ինգո Արմենիա», որտեղից հայտնեցին․« Մեզ մոտ (Հայաստանում) չկա նման մոտեցում՝ վիրուսը ապահովագրվում է, թե ոչ, մեր մոտ հիվանդություններն են ապահովագրվում և մենք ունենք տարբեր, իրարից տարբերվող  փաթեթներ՝ տարբեր  հիվանդությունների համար։ Դուք ասում եք՝ կորոնավիրուս, դրանից առաջանում է թոքաբորբ, տարբեր խրոնիկական հիվանդությունների բարդություններ ․․․»։

Ապահովագրող աշխատակցին հայտնեցինք՝ եթե հայտնաբերվում է հարուցիչը, առաջանում է հիվանդություն, դա ապահովագրվո՞ւմ է։

Աշխատակիցն ասաց․«Եթե հարուցիչը հայտնաբերվում է, առաջանում է հիվանդություն, ապա հիվանդը բուժվում է պետպատվերի շրջանակներում։ Կորոնավիրուսը համաճարակային, ողջ աշխարհում համար առաջին առողջապահական համակարգի ուշադրության կենտրոնում գտնվող իրավիճակ է։ Եվ եթե ապահովագրության մեջ կա նման իրավիճակ, դա պետության հոգածության ներքո է և հիվանդը կարանտինային բուժում է ստանում հատուկ ստացիոնարում՝ պետպատվերի շրջանակներում, ըտեղ էլ ծախս էլ չի առաջանում, որ ապահովագրականը հոգա։ Այսինքն՝ ապահովագրությունը կարող է հոգալ իր էն շահառուի ծախսերը, որոնք պետությունը չի հոգալու»։

Նշենք, որ այնուամենայնիվ ռուսաստանյան որոշ զբոսաշրջիկներ սկսել են հետաքրքվել երկրից դուրս ճամփորդությունների դեպքում կորոնավիրուսից ապահովագրությամբ։ Նշենք, որ ռուսաստանյան մի շարք ապահովագրականներ այն անում են, թեև ոչ բոլորը։