«Հրապարակ». Իրանը կարողացավ կանխել Սիրիայի մասնատումը, հերթը Հարավային Կովկասինն է

«Հրապարակ». Իրանը կարողացավ կանխել Սիրիայի մասնատումը, հերթը Հարավային Կովկասինն է

«Հրապարակի» զրուցակիցն է իրանցի քաղաքագետ Փույա Հոսսեյնին։

- Ադրբեջանում երեկ մահափորձ է կատարվել պատգամավոր Մուստաֆաեւի դեմ, մահափորձի սլաքներն ուղղում են դեպի Իրան։ Պատահակա՞ն են արդյոք այս ուղղորդումները։

- Նշված պատգամավորը հայտնի է հակաիրանական եւ հակաշիայական հայացքներով, այդ պատճառով մահափորձի համար ընտրված է հենց ինքը, որպեսզի սլաքներն ուղղվեն դեպի Իրան։ Պետք է հասկանալ, թե ում է ձեռնտու նման օպերացիայի կազմակերպումը, եւ ով է դրանից շահում։ Իրանը ոչ մի շահ չունի այդ պատգամավորի դեմ մահափորձ անելու համար, որովհետեւ ինքը, որպես թիրախ, որեւէ վտանգ չի ներկայացնում Իրանի համար։ Այդ ամենը նախեւառաջ այն բանի համար է, որ Իրանը որպես ահաբեկչության հովանավոր ներկայացվի թե՛ Ադրբեջանի հասարակությանը, թե՛ միջազգային հանրությանը։ Մենք ականատես եղանք, թե Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա մի անձի հարձակումը` անձնական դրդապատճառներով, Իլհամ Ալիեւն ինչպես էր դիտավորյալ շեշտում որպես ահաբեկչություն` Իրանի կողմից։ Հիմա էլ նույն գիծն են առաջ տանում` անհիմն մեղադրելով Իրանին՝ Իրանի դեմ ապագա գործողությունների համար հող նախապատրաստելու, այդ գործողություններն արդարացնելու համար։ Իրանում խիստ կասկածներ կան, որ ե՛ւ ԻԻՀ-ում Ադրբեջանի դեսպանության վրա հարձակումը, ե՛ւ այս պատգամավորի դեմ մահափորձը, ե՛ւ նմանատիպ այլ գործողությունները հենց Ադրբեջանի եւ Իսրայելի ձեռքի գործն են։

- Վերջին օրերին Ադրբեջանում ձերբակալվում են շիա հավատացյալներ, որոնց մեղադրանք է առաջադրվում երրորդ պետության հատուկ ծառայությունների համար աշխատելու եւ պետության դավաճանության հոդվածներով։ Ո՞րն է այս ձերբակալությունների նպատակը, եւ արդյո՞ք սա ունի հակաիրանական բնույթ։

- Իրանը, որպես ամենամեծ շիայական պետություն, բոլոր այն երկրներում, որոնք ունեն շիա բնակչություն, ունի մեծ ազդեցություն եւ շատ հետեւորդներ։ Տարիներ շարունակ Ադրբեջանը պայքարել է շիա կրոնական արարողությունների, սիմվոլների ու հավատացյալների դեմ, որպեսզի թույլ չտա Իրանին` կրոնի միջոցով խոր ազդեցություն պահպանել Ադրբեջանի հասարակության վրա։ Դեռ հակառակը` երկար տարիներ աշխատել է իր հասարակության հետ, որպեսզի նացիոնալ ֆաշիզմի ոգով սերունդներ աճեցնի։ Դրա համար էլ Թուրքիայի ազդեցությունը մեծացավ Ադրբեջանում, ոչ թե` Իրանի։ Ձերբակալված անձինք ունեն պրոիրանական կողմնորոշում եւ շիայական համոզմունքներ։ Հենց այդ պատճառով այդ մարդկանց ներկայացնելով որպես դավաճաններ եւ Իրանի կողմից հավաքագրված լրտեսներ՝ Ադրբեջանն իր հասարակության մեջ հակաիրանական տրամադրություններ է ստեղծել եւ շարունակում է խորացնել ատելությունն Իրանի հանդեպ, որպեսզի հասարակությանը պատրաստի՝ ապագա հնարավոր բախումներն արդարացնելու համար։

- Նախօրեին Իրանի հեղափոխության պահապանների հետ փոխկապակցված տելեգրամյան ալիքները հայտարարել են, որ եթե Ադրբեջանը Հայաստանի Հանրապետության դեմ պատերազմ սկսի, ապա Իրանը զորքեր կմտցնի Սյունիք։ Ի՞նչ է նշանակում այս հայտարարությունը։ 

- 2020 թվականի արցախյան 44-օրյա պատերազմից ի վեր Իրանի ռազմաքաղաքական բարձրաստիճան ղեկավարությունը բազմիցս հայտարարել է, որ թույլ չի տալու միջազգային սահմանների փոփոխություն, Հայաստան-Իրան սահմանի տարանջատում եւ, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքի իրականացում։ Դա Իրանի համար կենսական կարեւորության հարց է։ Այդ իսկ պատճառով Հայաստանի սահմանի դեմ ոտնձգություններն Իրանի համար կարմիր գիծ են։ Այս հարցում Իրանի ու Հայաստանի անվտանգությունը փոխկապակցված է միմյանց։ Իրանի հնարավոր ռազմական գործողությունը նպատակ կունենա Ադրբեջանի հնարավոր հարձակումներն ու ոտնձգությունները կանխելու։ Իհարկե, Իրանը հարգում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը եւ նպատակ ունի պաշտպանել այն` առաջնորդվելով սեփական անվտանգությամբ ու շահերով։

- Իրանում ինչպե՞ս են գնահատում Հայաստանի դերը ստեղծված իրավիճակում: Եվ՝ Իրանի տրամադրվածությունը կապվա՞ծ է ՀՀ իշխանությունների հետ, թե՞ հասկանում են, որ ՀՀ իշխանությունները պրոարեւմտյան դիրքորոշում ունեն, որոնք միշտ չէ, որ բխում են Հայաստանի ազգային շահից։

- Ստեղծված իրավիճակն ունի երկու պատճառ` ներքին եւ արտաքին։ Ներքին պատճառն այն է, որ Ադրբեջանը մի գիշերում չի այսքան հզորացել, որ տարածաշրջանի ուժային բալանս խախտի։ Դա իր կողմից տարիներ շարունակ տնտեսական եւ ռազմական հզորացման հետեւողական քաղաքականություն վարելու արդյունք է` Հայաստանի բացթողումների ֆոնին։Եթե արդարացի գնահատենք, որեւէ իրավիճակի համար Հայաստանի բոլոր ժամանակների բոլոր իշխանություններն իրենց չափաբաժինն ունեն, նաեւ` ներկայիս իշխանությունը։ Մեկ այլ հարց է, թե որ իշխանության ժամանակ են առաջացել ամենամեծ անվտանգային խնդիրները։ Մյուս հանգամանքն աշխարհի ուժային կենտրոնների շահերի ու հակասությունների բախումն է, որը վերջին շրջանում Մերձավոր Արեւելքից տեղափոխվել է Հարավային Կովկաս, հետո` Ուկրաինա։

- Եթե Ադրբեջանը պատերազմ սկսի Հայաստանի դեմ, արդյոք Իրանը պատրա՞ստ է միջամտել, ու եթե այո, հավանական պատասխանն ինչպիսի՞ն է լինելու։

- Եթե Ադրբեջանը փորձի հատել Իրանի կողմից հայտարարված կարմիր գիծը, ապա Իրանն ամենալուրջ դիմադրությունը կցուցաբերի եւ թույլ չի տա տարածաշրջանի սահմանների վերաձեւում, եթե անգամ դա լինի ռազմական միջամտության միջոցով։ Իսկ հարցի երկրորդ մասի պատասխանն այն է, որ ԱՄՆ-ն Ադրբեջանին պաշտպանելու համար ուղիղ բախման չի գնա. հնարավոր է, որ, ինչպես Ուկրաինայի պարագայում, միայն զենք, զինտեխնիկա եւ լոգիստիկ աջակցություն տրամադրի։  Ավելի հավանական է, որ Իսրայելն ու Թուրքիան ուղիղ բախման մեջ մտնեն Իրանի հետ։ Բայց, ինչպես պատմությունն է ցույց տվել, Իրանի կամքն այնպիսին է, ինչպիսին տեսնում եք Սիրիայում․ Թուրքիայի, Իսրայելի եւ այլ ուժերի չար ու կործանարար գործունեության դեմ Իրանը կարողացավ հաջողությամբ կանխել Սիրիայի մասնատումը։ Եթե Սիրիայում, Իրաքում, Լիբանանում, Եմենում Իրանը կարողացել է պահպանել այդ երկրների ամբողջականությունը՝ դեմ-հանդիման դուրս գալով հակառակորդ ուժերին, ապա Ադրբեջանում եւ Հայաստանում, որոնք Իրանի հետ սահմաններ ունեն եւ առավել հասանելի են Իրանին, հաստատ կկարողանա վերահսկողության տակ պահել իրավիճակը` թելադրելով իր խաղի կանոնները, որոնք չեն հակասում Հայաստանի շահերին։

- Վերջերս ուշագրավ զարգացումներ տեղի ունեցան` Սաուդյան Արաբիան ու Իրանը որոշեցին վերականգնել դիվանագիտական հարաբերությունները։ Արաբական երկրները որոշել են դո՞ւրս գալ ԱՄՆ-ի ազդեցության գոտուց։

- Տարիներ շարունակ Իսրայելը, ԱՄՆ-ն եւ այլ պետություններ իրանաֆոբիայի մեծ դաշտ են ստեղծել տարածաշրջանում եւ աշխարհում, որպեսզի միլիարդավոր դոլարների զենք վաճառեն արաբական պետություններին` նրանցից էժան էներգետիկ ռեսուրսներ գնելով, եւ իրենց վերահսկողության ու ազդեցության տակ պահելով տվյալ երկրները՝ նրանց էներգետիկ մեծ ռեսուրսներն ու հարստությունները վերահսկեն։ Տարիներ անց միայն արաբական պետությունները հասկանում են, որ մինչեւ ատամները զինված լինելն էլ չի օգնի իրենց, ինչպես Եմենում, Սիրիայում, Իրաքում` Իրանին դիմադրելու համար։ Մյուս կողմում էլ Չինաստանն է, որն ուզում է մեծացնել իր ազդեցությունը Մերձավոր Արեւելքում եւ արաբական պետությունների վրա ու դրանով նվազեցնել ԱՄՆ-ի ազդեցությունն այս տարածաշրջանում։ Այդ իսկ պատճառով է, որ Չինաստանը նախաձեռնող եղավ Իրան-Սաուդյան Արաբիա հաշտեցման գործում, քանի որ Չինաստանը մեծ կախվածություն ունի Մերձավոր Արեւելքի էներգետիկ ռեսուրսներից եւ շահագրգռված է այդ տարածաշրջանում անվտանգության մթնոլորտ պահպանելու հարցով, որպեսզի դեպի Չինաստան էներգետիկ ռեսուրսների մատակարարման գիծն անվտանգ եւ էժան լինի։