Զիջեք, նահանջեք

Զիջեք, նահանջեք

Ինչո՞ւ գործող վարչակարգը ոչ մի սանտիմետր չի ուզում նահանջել իր դիրքերից, զիջել իր ունեցած բացարձակ իշխանությունը` հանուն պետության եւ հանուն հանրային համերաշխության վերականգնման: Չէ՞ որ ակնհայտ է, որ իշխող ուժին չի հաջողվում հմտորեն կառավարել երկիրը, զերծ պահել ցնցումներից, արտաքին քաղաքական ասպարեզում հաջողությունների հասնել, հանրային պառակտումը վերացնել եւ համազգային համախմբում ապահովել, որպեսզի մեր առջեւ ծառացած խնդիրները կարողանանք լուծել: Պարզ է, չէ՞, որ համախմբված հասարակության համար ավելի հեշտ է հաղթահարել դժվարությունները, դիմանալ փորձություններին:

Ի՞նչն է խանգարում Նիկոլ Փաշինյանին եւ նրա թիմին՝ որոշ ասպարեզներում, որոշ պաշտոնների նշանակել, առաջ քաշել ոչ թե ՔՊ-ական մանկլավիկներին եւ իշխանություններին սիրաշահող անձանց, այլ՝ չեզոք, անգամ ընդդիմադիր գործիչներին: Օրինակ, ինչո՞ւ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում չառաջարկել հակաիշխանական ճամբարից որեւէ մեկին: Ինչո՞վ է օմբուդսմենը խանգարելու Փաշինյանին եւ նրա թիմին` վայելելու իրենց իշխանությունը: Կամ` ինչո՞ւ թույլ չտալ, որ ինքնավար պաշտոններում, առանձին կառույցներում առաջ գնան նաեւ ոչ իշխանական մասնագետները:

Ինչո՞վ են, ասենք, Արմեն Ղուլարյանը, Ստեփան Մնացականյանը կամ Ատոմ Ջանջուղազյանը գերադասելի այն բազում պաշտոնյաներից ու մասնագետներից, որոնք հայտնվել են լուսանցքում եւ ատամները սեղմած, սրտի կսկիծով կողքից հետեւում են, թե ինչպես են նաեւ իրենց ջանքերով կառուցված երկիրը վարի տալիս, տանում դեպի անդունդ: Ինչպե՞ս կարող են մի քանի քննադատական ելույթը, Փաշինյանին ուղղված հրաժարականի պահանջներն այդքան խոցել կառավարության ղեկավարին, որ նա մի կողմ դնի պետության շահն ու առաջնորդվի անձնական վրեժխնդրությամբ: