Բանակում ծառայությունը պատիժ չէ․ չի կարելի կրկնակի ծառայություն պահանջել                                      

Բանակում ծառայությունը պատիժ չէ․ չի կարելի կրկնակի ծառայություն պահանջել                                      

«Հրապարակ» օրաթերթի խմբագրություն է դիմել 1993 թվականին ծնված Ռուդոլֆ Ամիրխանյանը, որը 2004 թվականից Ռուսաստանի Դաշնության քաղաքացի է, սակայն ծնվել է Հայաստանում ՝ Վանաձոր քաղաքում։ Ռուդոլֆ Ամիրխանյանը այն բազում հայ տղաների թվում է, ով երկար տարիներ ապրել է արտերկրում, այս տարիներին Հայաստան չի այցելել, իսկ երբ փորձել է այցելել, պարզվել է, որ իր նկատմամբ հետախուզում է հայտարարված ՀՀ իրավապահների կողմից եւ իրենից ակնկալում են, որ պետք է գա եւ հայկական բանակում ծառայի։ Եւ դրա հիմքը բացառապես այն է, որ իր ծնողները ՀՀ քաղաքացիներ են, ուրեմն ինքն էլ՝ ավտոմատ ՀՀ քաղաքացի է եւ պարտավոր է զինծառայության իր պարտքը կատարել հայրենիքի առաջ։ 

Բայց ամբողջ բանն այն է, որ Ռուդոլֆը ոչ միայն ապրել է Ռուսաստանում, այլեւ արդեն իսկ ծառայել է Ռուսաստանի զինված ուժերում՝ ունի զինգրքույկ, հաշվառված է ՌԴ զինված ուժերում, Ռուսաստանի իրավապահները՝ ստանալով ՀՀ իրավապահների հայտը՝ հետախուզում հայտարարելու մասին, տարակուսել են եւ մերժել իրենց տարածքում նրա նկատմամբ հետախուզում հայտարարելը, քանի որ մարդը կարող է երկքաղաքացի լինել, բայց երկու երկրների բանակներում ծառայություն իրականացնելը ոչ միայն պարտադիր չէ, այլեւ ուղղակի անհեթեթ է։ Բայց տարբեր տարիներին ՀՀ իրավապահներին ու պետական կառույցներին գրված նրա դիմումներին որեւէ հոդաբաշխ պատասխան չեն տվել եւ տղային զրկել են իր հայրենիք, իր տատ ու պապին այցելելու հնարավորությունից անգամ։

Մենք պարզեցինք, որ նման կարգավիճակում մեծ թվով հայազգի տղաներ կան, որոնց նկատմամբ հետախուզում է հայտարարված եւ քրեական մեղադրանք է առաջադրված։ Մեզ ասացին, որ «ՀՀ քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի համաձայն՝ այն է․ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերած ծնողների մինչև 14 տարեկան երեխան ձեռք է բերում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն» հանդիսանում է ՀՀ քաղաքացի, իսկ ՀՀ Սահմանադրության 46-րդ հոդվածի համաձայն յուրաքանչյուր քաղաքացի պարտավոր է օրենքով սահմանված կարգով մասնակցել Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը։ 
«Հրապարակի» հետ զրույցում ՀՀ Քննչական Կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 7-րդ կայազորային քննչական բաժնի ավագ քննիչ Վ․Բաբայանը, որը զբաղվում է Ռուդոլֆ Ամիրխանյանի գործով, նշեց․ «Եթե ծնողները հանդիսանում են ՀՀ քաղաքացիներ այս պահին, ապա նա ևս ՀՀ քաղաքացի է, ուստի ենթակա է ծառայության։ Եթե այլ երկրում ծառայում են, գալիս են այստեղ և նոր են քաղաքացի դառնում, ապա կարող են չծառայել, բայց եթե մինչև այդ են ձեռք բերել քաղաքացիություն, պետք է ծառայեն։ Կապ չունի, թե որ երկրի քաղաքացի են կամ որտեղ են ծառայել։ Պարտականություն կա կատարելու և պետք է կատարեն»։ 

Եթե այս պարագայում կա օրենքի բաց եւ կարգավորված չէ ԵԱՏՄ անդամ երկրների քաղաքացիների զինծառայության հարցը, չնայած կա ԵԱՏՄ եւ, տրամաբանությունը հուշում է, որ այդ երկրների միջեւ պետք է լինի նաեւ զինծառայության հետ կապված ինչ որ պայմանավորվածություն, ուրեմն պետք է անհապաղ շտկել այս բացը։ Չի կարող պատանին 4 տարի զինծառայություն իրականացնել՝ տարբեր երկրների զինված ուժերում։ Դա անիմաստ է, մարդու իրավունքների ոտնահարում է եւ հակասում է Եւրասիական միության տրամաբանությանը։