Լավրովի «պլան» չկա, բայց հետո՞

Լավրովի «պլան» չկա, բայց հետո՞

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Զախարովան ասել է, որ, չնայած կորոնավիրուսի համավարակին, ԼՂ կարգավորման խորհրդատվությունները շարունակվում են, ինչից հայրենական լրատվամիջոցը վարկածում է, թե տպավորությունն այն է, որ ռուսական կողմը փորձում է կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակն օգտագործել՝ «տարածաշրջանում» մասնավորապես՝ ԼՂ կարգավորման գործընթացում իր ազդեցությունը մեծացնելու, ինչու ոչ՝ նախկինում ունեցած իր մտադրությունները նորոգելու եւ դրանց մոդիֆիկացիաները կյանքի կոչելու համար,,:

Ակնարկն ակնհայտորեն ԼՂ կարգավորման Լավրովի «պլանի» մասին է, որի առկայությունը Մոսկվան պաշտոնապես հերքել է, ինչը կողմնակիորեն հաստատել են նաեւ ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի եւ ֆրանսիացի համանախագահները: Խնդիրն այն է, որ Ադրբեջանը, ինչպես բազմիցս ենք շեշտել մեր հրապարակումներում, վճռականորեն դեմ է իր տարածքում ռուսական ռազմական ներկայությանը: Ըդսմին, երկրի տարածքում օտար զինուժի առկայությունն արգելված է Ադրբեջանի սահմանադրությամբ: Եւ այս նկատառմամբ Լավրովի «պլանի» մասին խոսակցությունները, դրանց վրա կառուցվող «հավանական սցենարները,, թողնում են «խազած ձայնասկավառակի»  տպավորություն: Չկա ԼՂ կարգավորման Լավրովի «պլան» եւ, մեծ հավանականությամբ կարելի է պնդել՝ սպառվուն են  նաեւ այդ հարցում ռուս-թուրքական գործարքի ռազմա-քաղաքական ռեսուրսները: Արդեն ակնհայտ է, որ Թուրքիան եւ Ռուսաստանը փոխադարձաբար հիասթափված են: Թե ինչու՞՝ մասնագետ վերլուծաբանների ուսումնասիրության թեմա է: Մենք ելնում ենք իրողություններից եւ այն ակնհայտությունից, որ ինչքան սերտ չեն ռուս-թուրքական հարաբերությունները, նույն չափով Ադրբեջանը հեռանում է Ռուսաստանից: Ամբողջ խնդիրն այն է, թե որքանո՞վ է դա մեզ ձեռնտու կամ, ընդհառակը՝ ոչ: Հարցերի հարցը սա է: Անցյալում է «կազանյան փաստաթուղթը»: Չկա Լավրովի «պլան»: Բայց հետո՞: Ի՞նչ ուղղություն է վերցնում ԼՂ կարգավորումը: «Մադրիդյան սկզբունքները» մնու՞մ են օրակարգային: Համանախագահներն աշխատում են նոր գաղափարների՞ վրա: Իսկ ո՞վ է ստանձնում իրավիճակի կառավարելիության պատասխանատվությունը: Կա՞ երաշխիք, որ կորոնավիրուսով պայմանավորված՝ նոր իրավիճակում ԵԱՀԿ ՄԽ համանախագահները շարունակելու են գործել կոնսոլիդացված: