Քարերը ժողովելու ժամանակը

Քարերը ժողովելու ժամանակը

Արցախի ինքնապաշտպանական ուժերի առաջին հրամանատար Արկադի Կարապետյանը հարցազրույց է տվել 1in.am-ին եւ ասել, որ նախագահ Արայիկ Հարությունյանը պետք է լեզու գտնի բոլորի հետ, որովհետեւ մեզ կոնսենսուս է պետք:

 Ընտրական փուլում Կարապետյանը դիրքավորված էր որպես ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի աջակից եւ, որքան հիշում եմ, կոնսենսուսային մտահոգություն չի հնչեցրել: Արդարությունը պահանջում է ասել, որ նման դիրքորոշում ուներ միայն ՀՅԴ Արցախի կառույցը, որ քաղաքական խորհրդատվություններ էր նախաձեռնել եւ փորձում էր ձեւավորել ընդհանուր օրակարգ եւ այդ պլատֆորմով հասնել նախագահի միասնական թեկնախուի շուրջ լայն համաձայնության: Դաշնակցությունը մտահոգ էր, որ ներքաղաքական ստատուս-քվոն կմասնատվի, սակայն նրան չընդառաջեցին: Այդուհանդերձ, ՀՅԴ Արցախի կառույցը գրեթե միակն էր, որ պարկեշտ քարոզարշավ տարավ՝ չխուսափելով իր բաժին պատասխանատվությունից: Մյուսները կատաղի ընդդիմադիր էին եւ փաստացի ունեինք կոնսենսուս՝ մինուս մեկ քաղտեխնոլոգիական մատրիցա, որ կենցաղային լեզվով ձեւակերպվում էր «միայն թե Արայիկ Հարությունյանը նախագահ չընտրվի» հռետորաբանությամբ:

Համապետական արդեն պատմություն դարձող ընտրությունները քաղաքագիտական խոր վերլուծության են արժանի, բայց այլ բան է «տեսությունը» եւ բոլորովին այլ՝ իրականությունը: Կյանքն իրենը պահանջում է, եւ Արցախին, իրոք, պետք է մեծ հանդուրժողականություն, լայնախոհություն: Ընտրված նախագահը հայտարարել է, որ քաղաքական հետապնդումներ չեն լինելու, իր օրակարգի հիմքով պատրաստ է համագործակցել ցանկացած ուժի եւ անհատի հետ: Արայիկ Հարությունյանը Երեւանում հանդիպումներ է ունեցել նախագահ Սարգսյանի, վարչապետ Փաշինյանի, ԱԺ նախագահ Միրզոյանի, ԱԽ քարտուղար Գրիգորյանի, պաշտպանության նախարար Տոնոյանի հետ: Նախագահ ընտրվելու կապակցությամբ նրան շնորհավորել են ազգային ավանդական կուսակցությունները: Սա ինքնին կոնսենսուս է, Արցախի նախագահի լեգիտիմությունը կնքվել է համազգային համաձայնությամբ: Եկել է քարերը ժողովելու ժամանակը: Ավելի ճիշտ՝ նետած քարերից դառնացածությունը կողմ թողնելու եւ պետական լրջագույն աշխատանքի անցնելու ժամանակը: Կոնսենսուս՝ մինուս մեկ մատրիցան այլեւս անցյալ-կորուսյալ է: Հարկ է ձեւավորել նախագահ՝ պլյուս պատասխանատու ուժեր մատրիցա՝ գերակա ունենալով Հայաստան-Արցախ պետական եւ քաղաքական ներդաշնակությունը: Արայիկ Հարությունյանն այդ մասին հայտարարել է վճռականորեն: Դա ներացախյան համաձայնության նախապայմանն է: Ովքե՞ր են պատրաստ: Առայժմ քաղաքական հայտարարություններ չկան: