Ոնց որ ծնողդ վտանգի մեջ լինի, ասեն՝ փող տուր ու մի կողմ քաշվիր

Ոնց որ ծնողդ վտանգի մեջ լինի, ասեն՝ փող տուր ու մի կողմ քաշվիր

ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը շրջանառության մեջ է դրել օրենքի նախագիծ, որը 27 տարին լրացած և պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիներին հնարավորություն կտա ազատվել քրեական պատասխանատվությունից։ Եթե գլոբալ մասշտաբով հարցը վերցնենք, ՀՀ-ի բոլոր ոլորտներում այդպես էլ արվում է, Հայկ Սարգսյանը նոր հեծանիվ չի հայտնաբերում։ Փողը տալիս, ազատվում են քրեական պատասխանատվությունից։ ՀՀ քաղաքացին  այդպես էլ չի հասկանում՝ մեզ թալանող եղել է, թե՞չի եղել, մեզ թալանու՞մ են , թե՞ չեն թալանում։ Կամ եթե, ինչպես նրանք են ասում, նախկինները մեզ թալանել են, ու՞ր են հետ բերված մեր փողերը, որտե՞ղ են երևում։ 

Հիմա մասնագիտությամբ հաշվապահ  Հայկ Սարգսյանի նախագծից խոսենք։ Պարզ սխեմա է։  Փողը տուր, «չենք նստցնի» , քրեական գործ չենք հարուցի։ Հայաստանի նման երկրում, երբ պետականության գոյության խնդիր է դրված, երկիրը պիտի դրվի հայրենասիրության ռելսերի վրա։ Ամեն կերպ երիտասարդների մոտ ոգի պիտի կերտել, որ վտանգի մեջ է հայրենիքը, պաշտպանության կարիք ունի։  Դրա փոխարեն ավելի են աղճատում երիտասարդության դեմքը։  Ոնց որ ծնողդ վտանգի մեջ լինի, ասեն՝ փող տուր ու մի կողմ քաշվիր։ Դա էլ այն դեպքում, երբ չգիտես, թե  փող վերցնողը ինչի՞  համար կօգտագործի այն։  Փողի հավաքման կենտրոնացում է կատարվում։ Այդ կենտրոնացման համը տեսել ենք արդեն։ Միլիարդներ են կենտրոնացվել, ըստ իրենց հայտարարությունների, հավաքվել ու ժողովրդի «բերանով բան չի ընկել»։

Էլի նույն աղքատն ու քանդվածն են։ Փոխարենը իրենք են այս աղքատ, գաղթական, պատերազմող երկրում հարստանում։ Ժողովրդին ներկայացված թատերական  թվեր պետք չեն, իրենք արդյունքը տեսնում են սեփական մաշկի վրա։  Եկել է մի խումբ, որը  ինչ կարողանում խլում, իրենով է անում։ Որը փողի ինչ երակ տեսնում, հեքիաթի մանուկ հրեշի պես  պես վրա է ընկնում երկրի ցամաքող ստինքին ու պոկ չի գալիս։ Սրանց գործելակերպը որ տեսնում ես, ուրիշ բան չի մնում մտածելու՝ «զոլոտաիսկատելն առած» փողի երակ են ման գալիս․․․ Գիտեն թե Հայաստանը ոսկու հանք է ու պիտի կաթիլ- կաթիլ քամեն․․․ Հետն էլ թշնամուն նշմար են տալիս, հանգիստ եղեք մեր բանակն արդեն մի բուռ է դարել։ Տեսեք Հայկ Սարգսյանն ինչ տվյալներ հրապարակում․  «2010 թվականին ունեցել ենք ավելի քան 44 հազար ժամկետային զինծառայող և հետագա 9 տարիների ընթացքում այդ թիվը պակասել է 44 տոկոսով։ Զինծառայողների թիվը 44 հազարից դարձել է 24 հազար»։