Ինչ վիճակ է Նորատուսում և Գավառում

Ինչ վիճակ է Նորատուսում և Գավառում

Երեկվա վենդետայից հետո ոստիկանական ուժերը վերահսկում են Նորատուսի այն բնակիչների տները, որոնք Գավառում սպանվածների հարազատների ազգականներ են, գյուղում շատերը ձերբակալված են` «Հրապարակ»-ին հայտնեց Նորատուսի գյուղապետ Մուրադ Հարությունյանը։ Կոնկրետ թիվ չնշեց, միայն հայտնեց, որ ձերբակալվածների շրջանում կին չկա։ Վիճակն էլ նկարագրեց այսպես․ «Նորմալ ա, տենց եսիմինչ արտառոց վիճակ չկա, ոստիկանությունն էլ կա»։ Գյուղապետը հանձն չառավ հաստատելու կամ հերքելու, թե արդյոք հարձակումը եղել է 500 հոգո՞վ։ Առաջարկեց ոստիկաններից ճշտել։

Tert.am-ի տեղեկություններով` Գավառում հնչած կրակոցներից հետո հարձակումը կազմակերպել է սպանված «Նորատուսցի Արջ» մականունով հայտնի անձի եղբայրը։ Նա մի խումբ անձանց հետ ձողերով ու այլ իրերով զինված՝ մուտք է գործել հիվանդանոց, ըստ նախնական տեղեկությունների, երկու վիրավորի պարանոցը կտրել է, վնասվածք է ստացել մեկ անձ ևս, որը ոչ մի կողմի ներկայացուցիչ չէ։ Tert.am-ի տեղեկություններով, կրակոցներից հետո հարձակման ենթարկված անձանցից մեկին վիրահատել են, մյուսի վիճակը ծանր է, նրան տեղափոխել են Երևան։
Գավառ քաղաքի մուտքերին ու ելքերին կենտրոնացված են ոստիկանության ուժեր։ Նշենք, որ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը երեկ լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում հայտնել էր, թե Գավառի հիվանդանոց են ներխուժել 500-ից ավելի քաղաքացիներ, մասնավորապես՝ Նորատուս համայնքի բնակիչներ: Մարզպետը հավելել էր, որ իրականությանը չեն համապատասխանում նաև այն լուրերը, թե ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանը շուրջ 500 քաղաքացիների՝ հիվանդանոց ներխուժման պահին եղել է այնտեղ: Ըստ Սանոսյանի՝ ինքն ու ոստիկանապետն այդ պահին գտնվել են կրակոցների վայրում՝ Գավառ քաղաքի Ազատության փողոցում:

Գյուղապետին հարցրինք՝ բնակիչների շրջանում շրջանառում են այդ վարկածները, վերջինս ասաց՝ լիքը պատմություններ կան։

Երեկ, երբ սոցիալական ցանցում պատահարը քննարկվում էր, և շատերը զարմացած էին միջնադարյան բարքերից, օգտատերերից մեկը գրել էր՝ էդ գյուղը տենց է։ Գյուղապետին հարցրինք՝ այդպե՞ս է, նա էլ ասաց՝ չէ, այդպես էլ չեմ ասի։

Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանի հետ խոսել չհաջողվեց, նա պատասխանեց հեռախոսազանգին ու խոստացավ, որ կես ժամ հետո կզանգի իր տեղակալն ու կպատասխանի հարցերին։ Գուրգեն Մարտիրոսյանը խոստումը կատարեց, բայց զանգահարողը քաղաքապետարանի մամուլի պատասխանատւ Ալլան էր, որը նույնպես էական մանրամասներ չհայտնեց։ «Ոստիկանների կատարած լավ աշխատանքի պատճառով հիմա խաղաղ վիճակ է, Գավառն իր բնական առօրյայով է, գիշերը, փառք Աստծո, քաղաքում խաղաղ, հավասարակշիռ վիճակ է»,- ասաց Գավառի քաղաքապետարանի մամուլի քարտուղարը։

Հարցին, թե մարդիկ դո՞ւրս են գալիս փողոց, ասաց, որ շատ չէ շարժը, բայց, այո, մարդիկ գնում են խանութ, առևտուր անում։  Սպանվածների մասին՝ քննիչ Զորիկ Պարոնիկյանի եւ Արմենի ու Խաչիկի մասին մամուլի քարտուղարն ասաց․ «Լավ հարգանք վայելող տղա է եղել, ցանկացած գավառցու կարող եք հարցնել։ Ամուսնացած էր, ուներ երկու անչափահաս երեխա, Արմեն ու Խաչիկ անունները որ կան․․․ իրենք էլ գյուղատնտեսությամբ էին զբաղվում, անասնապահությամբ, մանկավարժի ընտանիքից էին, սիրում, հարգում են գավառցիներն իրենց»։

Հարցին՝ այնուամենայնիվ, հարձակումը 500 հոգո՞վ է եղել, թե՞ ավելի քիչ մարդկանց կողմից, որովհետև շատերը, այդ թվում՝ նախկին ոստիկանապետի նախկին խորհրդական Նարեկ Մալյանը պնդում են, որ նման բան չկա, մամուլի քարտուղարը նույնպես անորոշ պատասխանեց․ «Դե, մենք էլ, Ձեզ պես, այդ ամենը կարդում ենք, մեզ չեն թույլատրում այնտեղ լինել»։