Զինծառայողնե՞րն էլ կստանան փոխհատուցում

Զինծառայողնե՞րն էլ կստանան փոխհատուցում

Զինծառայողների ապահովագրության (1000 դրամների) հիմնադրամի անդամ Մեսրոպ Մանուկյանն առաջարկ էր հնչեցրել` երկրի սահմաններում զոհված եւ հաշմանդամ դարձած զինծառայողներին տալ նույնքան փոխհատուցում, որքան իշխանությունն առաջարկել եւ հաստատել է Մարտի 1-ի զոհերի համար, այն է` 30 միլիոն դրամ։

ԱԺ փոխխոսնակ, օրենքի համահեղինակ Ալեն Սիմոնյանին հարցրինք՝ ընդունելի՞ է Ձեզ համար այդ առաջարկը։

«Պետք է հարցն ուսումնասիրել. որոշակի փոփոխություններ այդ զինծառայողների հետ կապված՝ արդեն իսկ եղել է։ Նկատի ունեմ, որ գումար տրվում է ժամանակագրական «հետհաշվարկով», եթե չեմ սխալվում՝ մինչեւ 2008 թվականն արդեն իսկ հատկացվում է՝ պլանավորված էր ավելի կարճ կտրվածքով։ Պետք է հասկանալ` ինչ ճանապահով է Ձեր ասածը հնարավոր կյանքի կոչել»:

Դե, եթե Մարտի 1-ի համար գտնվել է գումարը, կարելի է հայրենիքի զինվորի համար եւս գտնել, ի դեպ` առաջարկն անողները նշում են ֆինանսական աղբյուրները եւս` ավտոմեքենաների մաքսազերծումից ստացված գումարները, որոնք շատ լուրջ թիվ են կազմում։ «Գիտեք, նախ հնարավոր չէ կարգավիճակները հավասարեցնել Երեւանում` քաղաքական իրադարձությունների արդյունքում զոհված եւ սահմանում զոհվածների միջեւ։ Առաջին դեպքում քաղաքական բաղադրիչ կար»: Ի՞նչ ասել է «քաղաքական բաղադրիչ». նրանց կյանքն ավելի՞ թանկ է։ «Ոչ, որեւէ մեկը կյանքեր չի գնահատում. կյանքն անգին է, եւ դրա համար վարչապետը քանիցս հարկ է համարել ասել, որ Մարտի 1-ի զոհերին տրվող գումարը ոչ թե փոխհատուցում, այլ հատուցում է, սակայն, բոլոր դեպքերում, պետք է հարցը հասկանալ, եւ եթե տեսնենք՝ հնարավորություն կա, բնականաբար, պետք է լրացնել այդ բացը»: Դուք կդառնա՞ք դրա ջատագովը, ինչպես դարձաք Մարտի 1-ի «ջատագովը»։ «Կա՞ մարդ, որը կարող է հնարավորություն ունենալ եւ դա չանել»: