2 ամսում 8 անգամ ավելի սպիրտ է արտահանվել, քան 2019-ին

2 ամսում 8 անգամ ավելի սպիրտ է արտահանվել, քան 2019-ին

Կորոնավիրուսի տարածման շրջանում, երբ երկրները սահմանափակում էին ախտահանող միջոցների ու նյութերի, բժշկական պարագաների արտահանումը՝ ի պաշտպանություն սեփական բնակիչների, Հայաստանում ծաղկում էր սպիրտի բիզնեսը: Ներքին շուկայում սպիրտը թանկացել է: Այս մասին ահազանգում էր մամուլը: Սամվել Ալեքսանյանի սուպերմարկետներում 96 տոկոսանոց «Լուսաստղ» մակնիշի սպիրտի 0,5 լիտրը վաճառվում է 2 հազար 800 դրամով: «Երեւան սիթիի» տնօրինությունից պատասխանում էին, որ ոչ մի թանկացում չկա, որ սպիրտն ու օղին թանկացել են հունվարից, եւ համավարակի հետ սա կապ չունի: 

Մեր աղբյուրներից տեղեկացել էինք, որ Հայաստանից դեպի Իրան ահռելի ծավալով էթիլային սպիրտ է արտահանվում, սակայն պաշտոնապես լուրը երկար ժամանակ ճշտել չէր հաջողվում: Պետեկամուտների կոմիտեն գցում էր առողջապահության նախարարության վրա, նախարարությունը՝ կոմիտեի: Երեկ վերջապես ՊԵԿ մաքսային վիճակագրության եւ եկամուտների հաշվառման վարչությունից ստացանք հետեւյալ պատասխանը. «Ըստ մաքսային վիճակագրական տվյալների շտեմարանի, 2019-2020 թթ․ փետրվար-մարտ ամիսներին ՀՀ-ից արտահանվել է համապատասխանաբար 104 հազար 190 լիտր եւ 839 հազար 574 լիտր ԱՏԳ ԱԱ 2207 ծածկագրով էթիլային սպիրտ»: Այլ կերպ ասած, այս տարվա երկու ամիսներին Հայաստանից 8 անգամ ավելի սպիրտ է արտահանվել, քան նախորդ տարի: 

Այսպիսով, կորոնավիրուսի համաճարակի պայմաններում պետությունները խստիվ արգելում են այն բոլոր նյութերի ու բժշկական պարագաների արտահանումն այլ երկրներ, որոնք պետք են սեփական քաղաքացիներին վարակից փրկելու համար, մեր այս նեղ պայմաններում որոշ մարդիկ ձեռքերն են տաքացնում համընդհանուր դժբախտության կրակի վրա: Հիշեցնենք, որ ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանի մարտի 19-ի որոշմամբ ժամանակավորապես սահմանափակվել է որոշ ապրանքատեսակների, այդ թվում՝ էթիլային սպիրտի արտահանումը: Չի բացառվում, որ ահռելի քանակի նշված միջոցները դուրս են բերվել Հայաստանի Հանրապետությունից մինչ պարետի որոշումը եւ առանց առողջապահության նախարարության թույլտվության: Բայց անգամ այս դեպքում պետք է ընդունել, որ որոշումն այս ժամկետանց էր: Այն պետք է ընդունված լիներ դեռեւս փետրվարի կեսերին, երբ հարեւան Իրանը պաշտոնապես հայտարարեց, որ կորոնավիրուսով հիվանդներ ունի: