Պահանջել ենք ԱԳՆ-ից` դեմարշներ անել եւ բացատրություն պահանջել ՄԱԿ-ից

Պահանջել ենք ԱԳՆ-ից` դեմարշներ անել եւ բացատրություն պահանջել ՄԱԿ-ից

Մինչ Ադրբեջանը զբաղված է հակահայկական քարոզչությամբ եւ ամեն ինչ անում է իր վայրագություններն արդարացնելու համար, իսկ միջազգային հանրությունը, ՄԱԿ-ը փորձում են ամեն հնարավոր ձևով արդարացնել Ադրբեջանի վայրագությունները և «լվանալ» Իլհամ Ալիևի արյունոտ դեմքը, ինչով է զբաղված մեր քաղհասարակություն կոչվածը` երբեմնի ակտիվ հասարակական կազմակերպություններն ու իրավապաշտպանները, որոնք մինչեւ 2018-ի հայտնի դեպքերը ավելի քան ակտիվ էին և արձագանքում էին ցանկացած իրավախախտման` օրերով, շաբաթներով ակցիաներ անում, հեղեղում միջազգային կառույցները զեկույցներով ու հայտարարություններով: Հիմա ճիշտ ժամանակն է իրենց արեւմտյան դոնորներին դիմելու, համաշխարհային աղմուկ բարձրացնելու, ամեն մի արցախցու պատմությունը` փաստաթղթավորված արեւմուտքին ներկայացնելու եւ ադրբեջանական ստերը հերքելու: Թե՞ դրամաշնորհ տվող դոնորները դա չեն խրախուսում եւ նրանք լռում են, որ արեւմուտքի թելադրած խաղաղության դարաշրջանը Հայաստան էլ «մտնի»: 

Տպավորություն է, թե քաղհասարակություն ասվածը Հայաստանում 2018 թվականից հետո լուծարվել է, քանի որ դրա ներկայացուցիչները զբաղված են բացառապես իշխանությունների շահերը սպասարկելով: Եւ այստեղ հարց է առաջանում. ինչո՞ւ են շարունակում այս ՀԿ-ները որպես քաղհասարակություն ներկայանալ, այլ ոչ թե բացահայտվել` որպես իշխանությանն առնթեր կառույցներ: 

Նախօրեին տեղեկացանք, որ ադրբեջանական ագրեսիայի ավարտից հետո ՄԱԿ-ի առաքելությունն այցելել է Արցախ` մոնիթորինգ իրականացնելու: Արդյունքում արևմտյան ամենախոշոր ու ազդեցիկ կառույցներից մեկը` ՄԱԿ-ը եկել է այն եզրակացության, որ Լեռնային Ղարաբաղում հայերի իրավունքները ոտնահարված չեն, որևէ մեկն արցախահայերին բռնի կերպով չի տեղահանել իրենց հայրենի հողից և քաղաքացիական կառույցներն էլ բացարձակապես չեն տուժել այս դեպքերի արդյունքում, հայերին էլ ադրբեջանցիներն Արցախում բավականին հոգատարությամբ են վերաբերվում:

Ի՞նչ են այս մասին մտածում Հայաստանի արևմտամետ ՀԿ-ներն ու իրավապաշտպանները, ի՞նչ կոնկրետ քայլեր են ձեռնարկել, կամ ձեռնարկում իրականությունը միջազգային հանրությանը ներկայացնելու համար, այս և այլ հարցերի շուրջ «Հրապարակը» զրուցել է Երևանի մամուլի ակումբի նախագահ, հայացքներով արեւմտամետ Բորիս Նավասարդյանի հետ:

- Պարոն Նավասարդյան, ՄԱԿ-ի դիտորդներն Արցախում այն եզրակացությանն են եկել, որ արցախահայերին ազերիները լավ են վերաբերվում` չեն ստիպում նրանց լքել իրենց հայրենիքը: Մինչդեռ մենք ականատես ենք լինում 1915 թվի գաղթի տեսարանների այս օրերին, արցախցի երեխաներ են հողին հանձնվել, ճակատագրեր են խեղվել ադրբեջանական վայրագությունների արդյունքում: Դուք և ձեր գործընկերներն այս օրերին ինչո՞վ եք զբաղվում: Փորձո՞ւմ եք իրականությունը ներկայացնել միջազգային կառույցներին:

- Հիմա քաղաքացիական հասարակության տարբեր կառույցների կողմից հետևյալ հարցերն են քննարկվում. Պահանջներ ներկայացնել ԱԳՆ-ին և այլ պետական կառույցների, որպեսզի դեմարշներ անեն ՄԱԿ-ի ներկայացուցիչների նկատմամբ և բացատրություն պահանջեն ՄԱԿ-ի երևանյան ներկայացուցչությունից: Չի բացառվում է, որ հաշվետվության վերաբերյալ մի շարք ՀԿ-ներ հայտարարությամբ հանդես գան, ներկայացնելով կոնկրետ փաստեր, խիստ քննադատելով ՄԱԿ-ի հայտարարության բովանդակությանը:

- ՀՀ ԱԳՆ-ին և ՀՀ պետական կառույցներին ինչո՞ւ եք դիմում: Նրանք ի՞նչ կապ ունեն միջազգային կառույցների հետ:

- Արդեն իսկ ներկայացրել ենք ԱԳՆ-ին` ներքին խողովակներով:

- Ի՞նչ պահանջով եք դիմել:

- Որպեսզի ԱԳՆ-ն իր դիրքորոշումը ՄԱԿ-ի գործողությունների վերաբերյալ հայտարարի:

- Իսկ ինչո՞ւ միջազգային կառույցներին զեկույցներ, տեղեկատվություն չեք ներկայացնում: Ինչո՞ւ եք ԱԳՆ-ի հույսին թողնում այս հարցերը:

- Ո՞վ է ասում չենք դիմում: Այս ընթացքում տարբեր ՀԿ-ներ բազմաթիվ տեքստեր են ուղարկել դրսի կառույցներին, որտեղ նկարագրվում է իրական վիճակը:

- Ո՞ր ՀԿ-ների մասին է խոսքը:

- Հիմա չեմ կարող մտաբերել:

- Իսկ կոնկրետ ձեր կազմակերպությունը ո՞ր կառույցներին է դիմել:

- Մեր կազմակերպությունը միացել է այդպիսի հայտարարությունների: Մասնակցել է տեքստերի կազմմանը:

- Ո՞ր կառույցներին են այդ հայտարարություններն ուղղված եղել:

- Դրանք տարբեր դեսպանատների են ուղղված եղել: Ուղղված են եղել նաև Եվրամիությանը, Եվրոպայի Խորհրդին և ՄԱԿ-ին: Այդ աշխատանքները տարվել են շատ ինտենսիվ` 2020 թվականի նոյեմբերից սկսած:

- Վերջին օրերի մասին է խոսքը:

- Սեպտեմբերի 19-ի և 20-ի վերաբերյալ ևս տարբեր կառույցների դիմել ենք:

- Ի՞նչ արձագանքներ եք ստացել:

- Առայժմ արձագանքները ֆորմալ բնույթի են: Դեռևս ոչ մի կոնկրետ բան:

- Հաղորդագրություններ, հայտարարություններ չե՞ք տարածում այդ մասին:

- Կոնկրետ մեր գծով հաղորդագրություններ տարածվեց հունիսին, երբ Շուշիում անցկացվեց մեդիաֆորում: