Մտցնելու մասին

Մտցնելու մասին

- Արա, Վարդան ես, Ադիկ ես, ինչ ես, որ եկել եմ, է, էդ տոնածառը վերցնելու եմ ու մտցնեեեեմ…

- Վայ, չէ, չէ, Կառլեն Մառլենիչ…

Կառլեն Մառլենիչի համբերությունը սպառվել էր: Նա առավոտյան ժամը 8:30-ին փորձել էր ավտոմեքենան կայանել Խորենացու փողոցում գտնվող «Ոսկու շուկա» ԱԿ-ի դիմաց եւ խանութ մտնել սիգարետ ու վառիչ գնելու համար: Սակայն կանգնելու տեղ չէր գտել, որովհետեւ «Ոսկու շուկայի» լեւի պարկովշչիկը ինչքան երկաթեղեն էր գտել, բերել շարել էր կայանատեղիի ողջ երկարությամբ, որպեսզի «օտար» ավտոմեքենա չկանգնի` մինչեւ առեւտրի կենտրոնի բացվելը: Կառլեն Մառլենիչն էլ մեքենան թողեց ճանապարհի երթեւեկելի հատվածում, բայց այնպես, որ տեսախցիկներից ոչ միայն իր մեքենան նկարվի, այլեւ պարկովշչիկի երկաթեղենը:

- Թող փորձեն ակտ գրել ու կտեսնեն, թե որտեղ կհայտնվի այս երկաթեղենը,- ինքն իրեն մտածեց Մառլենիչն ու անշտապ մտավ խանութ:

«No parking» մակագրությամբ երկաթները Երեւանում նոր երեւույթ չեն: Դեռ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն է սկսել պայքարը դրանց դեմ: Վիճակն իսկապես խայտառակ էր: Կանգառն արգելող երկաթներ էին դրվում նույնիսկ «կարմիր գծերի» մեջ, որպեսզի, երբ շեֆի ավտոն գա, կանգնելու նախապես ամրագրված տեղ ունենա: Այս թեմայով Վլադիմիր Գասպարյանի խիստ ելույթից հետո ՃՈ ավտոմեքենաներն սկսեցին շրջել քաղաքով եւ հիմնարկների ղեկավարներին ու նրանց պարկովշչիկներին հարկադրել հավաքել ինքնաշեն «No parking»-ները: Ինչ-որ բան սկսեց կարգավորվել, բայց հենց այդ ժամանակ թավշյա հեղափոխություն բարձրացավ Հայաստանում` իր ճանապարհից սրբելով կարգ ու կանոն, նաեւ` կարգ ու կանոն հաստատող մարդկանց: Հիմա նորերն են եկել, պաշտոններ են ստացել, ոմանք` մեկի տեղ երկուսը եւ մայրաքաղաքը վերածել, հազար ներողություն, մեկ միլիոնանոց քարվանսարայի:

Եվ սա էր Կառլեն Մառլենիչի զայրույթի հիմնական պատճառը: Բայց թե Երեւանի նոր իշխանություններն ինչքան վնաս են տվել մայրաքաղաքին, բամբ ձայնով այդ տղամարդը տակավին չգիտեր ու մտածում էր, որ տոնածառի հետ կապված իր սպառնալիքներով կկարողանա ինչ-որ բան կարգավորել Երեւանում:

Նոր քաղաքատերերը «վարի» են տվել ամեն ինչ, սկսած աղբահանությունից եւ վերջացրած տրանսպորտի գրեթե լուծված հարցի տապալումով: Էլ չենք խոսում քաղաքաշինական մանր-մունր ծրագրերի ձախողման մասին: Եվ այս ամենն արդյունք է Երեւանի ղեկն «ուրախ» տղաների վստահելու, որոնք էկրանից դուրս երկու էշի գարի իրարից ջոկել չեն կարողանում: Իսկ ամենավտանգավորն էլ այն է, որ Երեւանն այդ տղաներին են վստահել մարդիկ, որոնք այսօր երկիր են ղեկավարում եւ իրենք էլ իրենց հերթին են «վարի» տալիս ճանապարհին հանդիպող ամեն ինչ: Նոր իշխանությունների` այս ընթացքում թույլ տված ֆունդամենտալ սխալները հաշվելու համար երկու ձեռքի մատներն այլեւս չեն բավարարում: Մեզ սկսել է ձեռ առնել նույնիսկ ողջ աշխարհի ծաղրուծանակին արժանացած Լուկաշենկոն, որն ամեն անգամ իր լեզուն համապատասխան տեղն է մտցնում, երբ ինչ-որ մեկը պինդ բռնում է նրա կոռումպացված ամորձիներից:

Վիճակը տխուր է, բայց, ներողություն, հարգելի ընթերցող, ես կընդհատեմ ասելիքս, որովհետեւ տեսնում եմ` Մառլենիչը դուրս է գալիս խանութից: Նա կարող է լսել այս ամենն ու հիմա էլ սպառնալիքներ տեղալ ՀՀ ղեկավարների հասցեին, որոնք դժվարությամբ են կուլ տալիս քննադատությունը: Հասկանալի է, չէ՞, որ սրանք էլ իրենց հերթին կսպառնան Մառլենիչին` կփռեմ ասֆալտին, պատերով կտամ, ու էլի կսկսվի… «հու, հու, գըմփ»:

Մինչ Կառլեն Մառլենիչը կհասներ փողոցի կենտրոնում թողած իր ավտոմեքենային, հանկարծ ՃՈ «Տոյոտան» մոտեցավ եւ սկսեց բարձրախոսով կարդալ Մառլենիչի մեքենայի համարը. «Տը, տը, տը, տը «Մերսեդեսի» վարորդ, մոտեցիր ավտոմեքենային»:

Ես ձեռքով, ոտքով նշան էի անում ոստիկաններին. «Արա, ախպեր, քշեք գնացեք, էսա ք…ն եք ընկնելու, չգիտե՞ք ում ավտոմեքենան է դա»: Բայց ապարդյուն… Հաջորդ վայրկյանին արդեն Մառլենիչը մի հատ «No parking» էր վերցրել ու սպառնում էր մտցնեեել…