Արձագանքում ենք հասարակության պահանջին եւ առաջարկում լուծումներ

Արձագանքում ենք հասարակության պահանջին եւ առաջարկում լուծումներ

Երկաթուղային ուղեւորափոխադրումների ոլորտում առկա իրավիճակի եւ նոր նախաձեռնությունների իրականացման ծրագրերի մասին զրուցել ենք «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության ուղեւորափոխադրումների տնօրինության պետի պաշտոնակատար Հրանտ Միքայելյանի հետ:

- Ամռանը ՀԿԵ-ն հաշվետվություն էր ներկայացրել 2023 թվականի առաջին կիսամյակում ուղեւորափոխադրումների երկնիշ աճի մասին: Ինչպե՞ս եք գնահատում այդ աճը: Ինչպիսի՞ն է դինամիկան այս պահին, երբ ամառային սեզոնն արդեն հետեւում է:

- Այս պահի դրությամբ ամառային սեզոնի ընթացքում փոխադրվել է ավելի քան 30 հազար ուղեւոր, ինչը 60 տոկոսով գերազանցում է 2022 թվականի համանման ցուցանիշը։ Ամառային երթեւեկության գրաֆիկը կպահպանվի մինչեւ սեպտեմբերի 30-ը, եւ այդ ժամանակ ցուցանիշները դեռ կաճեն։ Ընդհանուր առմամբ, ընթացիկ տարում ՀԿԵ միջազգային հաղորդակցությունում փոխադրվել է ավելի քան 45 հազար ուղեւոր, ինչը 13%-ով գերազանցում է 2022 թվականի համանման ցուցանիշը։ Նշեմ, որ մենք արձանագրում ենք ուղեւորահոսքի աճ բոլոր ուղղություններով։ Օրինակ՝ ընթացիկ տարում 15 տոկոսով ավելի մարդ է օգտվել Երեւան-Շորժա-Երեւան մերձքաղաքային էլեկտրագնացքի ծառայությունից՝ ավելի քան 8 հազար մարդ։ Ընթացիկ տարում մենք որոշում ենք կայացրել գնացքի մեկնման կետը տեղափոխել Երեւանի կայարան (Սասունցի Դավթի հրապարակ), նախկինում գնացքը մեկնում էր «Ալմաստ» կանգառից (Քանաքեռ-Զեյթուն համայնք)։ Այս որոշումն արդարացված էր, քանի որ ուղեւորների համար ավելի հարմար է օգտվել Երեւանի գլխավոր կայարանի զարգացած ենթակառուցվածքից: Ինչ վերաբերում է ուղեւորների ընդհանուր թվին, ապա տարեսկզբից մենք տեղափոխել ենք ավելի քան 370 հազար ուղեւոր, ինչը 7.2% -ով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից։

- Եվ դա՝ չնայած ներքին հաղորդակցության մեջ տոմսերի արժեքի բարձրացմանը…

- Փորձը վկայում է, որ մեր հյուրերը ըմբռնումով են մոտեցել տոմսերի արժեքի որոշակի բարձրացմանը, եւ որ երկաթուղու գները միանգամայն մրցունակ են ավտոմոբիլային տրանսպորտի հետ: Բացի այդ, մենք մշտապես աշխատում ենք ուղեւորներին մատուցվող ծառայությունների շրջանակի ընդլայնման ուղղությամբ, ինչը նույնպես դրական է ազդում մեր փոխադրումների աճի վրա։

- Օրինակ։

- Անցյալ տարվանից մենք սկսել ենք զարգացնել Երեւանի կայարանային ենթակառուցվածքը՝ մեր հյուրերի համար առավելագույն հարմարավետություն ստեղծելու նպատակով։ Սկսեցինք մեծ ուշադրություն դարձնել տոմսերի ձեռքբերման մատչելիությանը, որի նպատակով մշակեցինք հավելված՝ ներքին չվերթների տոմսերի առցանց գնման համար՝ բավականին պարզ ինտերֆեյսով։ Այժմ միջազգային եւ Երեւան-Գյումրի-Երեւան արագընթաց գնացքի չվերթներում մենք ունենք տոմսերն առցանց ձեռք բերելու հնարավորություն։ Այժմ բոլոր ցանկացողները կարող են ձեռք բերել տոմսեր առցանց եւ ներքին չվերթների համար՝ ներբեռնելով «Հայաստանի էլեկտրագնացքներ» հավելվածը կամ այցելելով մեր պաշտոնական կայք: Ծառայությունը տարածված է ոչ միայն օտարերկրյա քաղաքացիների, այլեւ Հայաստանի քաղաքացիների շրջանում: Միջազգային չվերթներում մեզ մոտ ուղեւորների 2/3-ը ՀՀ քաղաքացիներ են։
Այս տարի Երեւանի կայարանում մենք սկսեցինք մատուցել բավականին պահանջված ծառայություն՝ ուղեբեռի պահպանման խցիկ, ինչը չի եղել 90-ականներից ի վեր: Այն նաեւ մեծապես բարելավում է երկաթուղով ճանապարհորդելու հարմարավետությունը: 
Ճանապարհորդության համար անհրաժեշտ մանրածախ առեւտրի կետեր, բանկոմատներ, հասարակական սնունդ, միջազգային եւ որոշ ներքին չվերթների ժամանակակից վագոններ, որակյալ սպասարկում․ այս ամենն ազդել է քաղաքացիների երկաթուղային տրանսպորտի պահանջարկի աճի վրա:

- Վերջերս տեղեկություն տարածվեց Գյումրի-Վանաձոր-Գյումրի նոր քաղաքամերձ երթուղու բացման մասին: Նախատեսվո՞ւմ է արդյոք նոր երթուղիների բացում։

- Իսկապես, սեպտեմբերի 1-ից մեր կարգավորող մարմնի՝ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության նախաձեռնությամբ փորձնական ռեժիմով գործարկեցինք Գյումրի-Վանաձոր-Գյումրի էլեկտրագնացքը։ Բացի այդ, տեղական իշխանությունների խնդրանքով մենք 4 կայարանով երկարացրել ենք Արաքս-Երեւան երթուղին։ Այժմ էլեկտրագնացքը սկսում է երթեւեկել Արագած կայարանից: Երկու երթուղիներն էլ դեռ փորձարարական կարգով են աշխատում՝ հասկանալու համար, թե որքանով են այդ երթուղիները պահանջված լինելու քաղաքացիների շրջանում։ Եթե մենք բավարար պահանջարկ արձանագրենք, ապա դրանք կլինեն որպես մշտական երթուղիներ։ Այնպես որ, համագործակցելով կառավարության եւ տեղական ինքնակառավարման մարմինների հետ՝ փորձում ենք պահանջարկ գտնել եւ համապատասխան լուծումներ առաջարկել։

- Ուղեւորափոխադրումների հետագա զարգացման առումով ի՞նչ ծրագրեր կան։

- Հաշվի առնելով ընթացիկ տարում իրականացված միջոցառումները՝ մեր ընկերությունը նախատեսում է շարունակել ուղեւորափոխադրումների զարգացման աշխատանքները, մասնավորապես՝ ավելացնել ծառայությունների շրջանակը Գյումրի քաղաքի կայարանում: Հաշվի առնելով Երեւան-Գյումրի ուղղությամբ ուղեւորահոսքի շարունակական աճը՝ կապված Հայաստանի մշակութային մայրաքաղաքում մշակութային միջոցառումների ավելացման, ինչպես նաեւ երկաթուղային տրանսպորտով ճամփորդել սիրող տարբեր երկրներից ժամանած զբոսաշրջիկների հոսքի ավելացման հետ, տեղական ինքնակառավարման մարմինների, զբոսաշրջության կոմիտեի եւ տարբեր տուրիստական ընկերությունների հետ համագործակցությամբ նախատեսվում են մի շարք միջոցառումներ՝ ուղղված երկաթուղային ճանապարհորդությունների եւ զբոսաշրջային երթուղիների հանրահռչակմանը: Կարճաժամկետ հեռանկարում նախատեսվում է Հայաստանի խոշոր երկաթուղային կայարաններում ստեղծել տրանսպորտային հանգույցներ՝ ապահովելով տրանսպորտի տարբեր տեսակների կապը եւ տրանսպորտային լոգիստիկայի զարգացումը՝ ՀՀ տարածքում ճանապարհորդությունների հարմարավետության բարձրացման նպատակով:

Արեգ Մարգարյան