Սոչիից առաջ

Սոչիից առաջ

Նորից Հայաստանը դարձել է կռվախնձոր Արեւմուտքի եւ Ռուսաստանի միջեւ։ Մեզ չհաջողվեց խուսափել գերտերությունների բախումների կիզակետում հայտնվելու փորձությունից, չհաջողվեց նաեւ օգտվել այդ շահերի բախումից եւ նրանց հակասությունների շնորհիվ մեզ համար ավելի շահեկան լուծումներ ստանալ աշխարհից։ Ոչ միայն տարբեր երկրների էմիսարներ են մեկը մյուսի ետեւից շտապում Հայաստան, այլեւ հակամարտող բեւեռների խոսնակներն են պարբերաբար անդրադառնում տարածաշրջանին՝ ի ցույց դնելով, որ չեն պատրաստվում նահանջել ու Հայաստանը զիջել մյուսին։ Ըստ էության, մենք հայտնվել ենք գրեթե նույն վիճակում, ինչ Ուկրաինան՝ մի տարբերությամբ, որ առայժմ մեր տարածքում ռազմական գործողություններ չեն ծավալվում։ Բայց խոսքային փոխհրաձգության պակաս չկա։

Ահա՝ ԱՄՆ Պետդեպի խոսնակ Նեդ Փրայսն է անդրադարձել մեր խնդրին, ասելով․ «Մենք հստակ նշել ենք, որ շահագրգռված ենք տեսնել կայուն կովկասյան տարածաշրջան, մի տարածաշրջան, որտեղ մենք աշխատում ենք ե՛ւ Հայաստանի, ե՛ւ Ադրբեջանի հետ, որպեսզի թուլացնենք լարվածությունն այդ երկու երկրների միջեւ եւ աշխատենք թուլացնել ցանկացած ավելի լուրջ լարվածություն, որը կարող է առաջանալ»:

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան ավելի կտրուկ է, նա ասում է․ «Մենք տեսնում ենք, թե ինչ աննախադեպ արտաքին ճնշման է ենթարկվում եղբայրական Հայաստանը։ Մեր երկրների ու ժողովուրդների դարավոր կապերին վնաս հասցնելու համար քայլեր են ձեռնարկվում՝ տարածաշրջանում Ռուսաստանի քաղաքականությունը վարկաբեկելու ուղղությամբ։ Բազմաթիվ հիմնադրամներ, հասարակական կազմակերպություններ եւ լրատվամիջոցներ, որոնք գործում են Վաշինգտոնի եւ Բրյուսելի թելադրանքով, կրկնապատիկ եռանդով ձգտում են հասարակության մեջ հակառուսական տրամադրություններ սերմանել»։