Այսքան էլ հիշաչարությո՞ւն

Այսքան էլ հիշաչարությո՞ւն


Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն աննախադեպ մեղադրանք է ներկայացրել Հայաստանի իշխանություններին` ասելով, որ նրանք «չկարողացան ներազդել կենտրոնական իշխանությունների վրա» եւ հայ ժողովրդի նկատմամբ իրականացվեց «Կոլցո» ռազմագործողությունը: «Ինչ-որ պայմանավորվածությունների մեջ մտան, թե ինչ եղավ, մենք այդպես էլ չհասկացանք: Հետեւանքները եղան այն, որ մենք այդ տարածքները կորցրեցինք»- հավելել է Արամ Սարգսյանը:

Ըստ էության, նա իշխանություններին մեղադրում է Մոսկվայի հետ գաղտնի համաձայնության գալու եւ Գետաշենն ու մյուս հայկական գյուղերն Ադրբեջանին հանձնելու մեջ: Սա պատմական իրողության կոպտագույն խեղաթյուրում է: «Կոլցո» ռազմագործողությունը Մոսկվայում ծրագրվել եւ գործողության մեջ է դրվել այն բանից հետո, երբ Հայաստանը հրաժարվել է ԽՍՀՄ պահպանման հարցով հանրաքվեի անցկացնելուց:

Հանրաքվեն չի անցել նաեւ Արցախում: Կենտրոնական իշխանությունների խնդիրն էր` հայ ժողովրդի դեմ պատժիչ գործողություններով ճնշում գործադրել Հայաստանի ժողովրդավարական իշխանությունների վրա, որպեսզի նրանք հրաժարվեն անկախության հռչակումից: Ի պատիվ այդ իշխանությունների, նրանք չտրվեցին բռնաճնշումներին, 1991թ. սեպտեմբերին  21-ին Հայաստանը հռչակվեց անկախ պետություն: Իսկ «Կոլցո» ռազմագործողության ընթացքում օկուպացված տարածքների մի մասը` Հադրութի հարավային գյուղերը եւ Բերդաձորը 1992-ի գարնանն ազատագրվեցին:  Չի կարելի այդքան հիշաչար լինել: