Համոզված եղեք՝ ավելի սուր հարցեր ենք ուղղելու

Համոզված եղեք՝ ավելի սուր հարցեր ենք ուղղելու

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր  Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու առաջադրեց փաստաբան Վահե Գրիգորյանին։ Այդ լուրը ցնծությամբ են ընդունել Գրիգորյանին համակրող ակտիվ քաղաքացիները, որոնք տարիներ շարունակ այս կամ այն կերպ առնչվել են նրա իրավապաշտպան գործունեությանը։
Քանի որ նախկին խորհրդարանական մեծամասնությունը մերժել էր ՍԴ դատավորի թեկնածուներ Էմիլ Տարասյանին, Վահե Գրիգորյանին, իսկ նոր խորհրդարանը՝ Գոռ Հովհաննիսյանին եւ Արթուր Վաղարշյանին, ապա հետաքրքիր է, թե ինչ զարգացումներ են սպասվում նոր խորհրդարանում ՍԴ դատավորի թեկնածու առաջադրված Վահե Գրիգորյանի դեպքում։
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ, պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Վահագն Հովակիմյանը վստահեցնում է, որ իր համար նախընտրելի է, որ ՍԴ անդամի թեկնածուն լինի ՀՀ-ի լավագույն իրավաբանը, իսկ նախկին թեկնածուները չեն համարվել լավագույնը։
«Իմ քվեարկությունը պայմանավորված է այն բանով, որ նախկին երկու թեկնածուները Հայաստանի լավագույն իրավաբանները չեն։ Իսկ ՍԴ դատավորի թափուր տեղի համար պետք է առաջադրվի լավագույն իրավաբանը։ Վահե Գրիգորյանն իմ սուբյեկտիվ կարծիքով ՀՀ-ի լավագույն իրավաբանն է»,- ասաց Վահագն Հովակիմյանը։
Մեր հարցին, թե ինչո՞ւ է Վահե Գրիգորյանը համարվում լավագույնը, ի՞նչ չափանիշներով է որոշվում լավագույնը, նրանո՞վ, որ Մարտի 1-ի դեպքերից, Հյուսիսային պողոտայի տուժած քաղաքացիների հայցե՞րն է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարանում, ԱԺ պատգամավորն արձագանքեց․ «Կրկնում եմ՝ դա իմ կարծիքն է։ Վահե Գրիգորյանը եվրոպական բազմաթիվ կառույցներում որպես փորձագետ համագործակցել է, նրան դիմել են,  որպես փորձագետ, իր կարծիքն իմանալու համար իրավաբանական տարբեր նախագծերի մասին»։
Նկատեցինք, որ ԱԺ պատգամավորները հարցախեղդ արեցին եւ չխնայեցին ՍԴ դատավորի նախկին երկու թեկնածուներին՝ Գոռ Հովհաննիսյանին եւ Արթուր Վաղարշյանին։ Սոցիալական ցանցերում հնչում էին կարծիքներ, որ այդ հարցերն ավելի շատ ունեն քաղաքական ուղղվածություն, քան հենց բուն իրավական են։
Ակնկալվո՞ւմ է, որ իշխանական խմբակցության պատգամավորները նույնքան անկողմնակալ եւ սուր հարցեր կուղղեն նաեւ Վահե Գրիգորյանին։
«Համոզված եղեք, որ Վահե Գրիգորյանին ավելի սուր հարցեր կուղղենք։ Թեկնածուները եկել են ԱԺ՝ քաղաքական մարմին եւ պատասխանել են քաղաքական գործիչների՝ ԱԺ պատգամավորների հարցերին։ Իսկ խորհրդարանից հետո հաջորդ մարմինը, որը քաղաքական որոշումներ է կայացնում, Սահմանադրական դատարանն է։ ՍԴ-ի որոշումներն իրենց ենթատեքստում ունեն լուրջ քաղաքական կոմպոնենտ․ դա վերաբերում է թե՛ համաձայնագրերին, թե՛ օրենքներին»,- ասաց մեր զրուցակիցը։
Հանրային հարթակներում քննարկվում է նաեւ այն հարցը, որ իշխանությունները Վահե Գրիգորյանին ցանկանում են տեսնել ՍԴ նախագահի պաշտոնում։
«Ո՞վ է մշակել այդ սցենարը, գուցե ասեք՝ իմանանք։ Իշխանությունը սցենարներ չի մշակում, գուցե հուշեք՝ իմանանք»,- հարցին հարցով արձագանքեց Վահագն Հովակիմյանը։