Թուրքիան իր ամբողջ հոգով ու հնարավորություններով Ադրբեջանի կողքին է. Էրդողան

Թուրքիան իր ամբողջ հոգով ու հնարավորություններով Ադրբեջանի կողքին է. Էրդողան

Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր երեկոյան հանդես է եկել իր քաղաքացիների ուղղված կոչով, որում վերստին հրապարակավ աջակցություն է հայտնել Ադրբեջանին՝ Հայաստանի և Արցախի դեմ սանզաձերծված պատերազմում։ Այդ մասին հաղորդում է Akunq.net-ը՝ վկայակոչելով թուրքական լրատվամիջոցներով ուղիղ եթերով հեռարձակված տեսագրությունը։ Էրդողանը շարունակելով սեփական ոճրագործությունները զոհերի վրա բարդելու թուրքական ավանդական քաղաքականությունը, հայությանը մեղադրել է նաև «ադրբեջանցիների դեմ կոտորածների իրականացման մեջ»։

Աղբյուրի համաձայն՝ Էրդողանը մասնավորապես նշել է․

«Դժբախտաբար միջազգային հանրությունը լուռ է այն ստորության հանդեպ, որ Ղարաբաղի տարածքները գրավված են հայերի կողմից։ Ավելին, Ղարաբաղը ոչ միայն գրավված է, այլ՝ միևնույն ժամանակ այստեղ իրականացվել են մարդկության համար ամոթալի կոտորածներ։ Հայերի արածներն ադրբեջանցի երեխաների, կանանց և տղամարդկանց դեմ, որոնց մասին նրանք հպարտությամբ են խոսում, անպատիժ են մնացել։

ԵԱՀԿ-ի հովանու տակ կազմավորված Մինսկի խումբը, որի համանախագահներն են ԱՄՆ-ը, Ռուսաստանը և Ֆրանսիան, և որի առաքելությունն այս խնդրի լուծումն էր, այն կարգավորելու փոխարեն՝ դատապարտել է անլուծելի լինելու։ Մոտ 30 տարի է, որ Մինսկի խմբի եռյակը անտարբերության է մատնել այս խնդիրը։ Եւ հենց դա է պատճառը, որ այն չի կարգավորվել։

Մեր եղբայր Ադրբեջանի ժողովուրդը տարիներ շարունակ ապրել է իր տարածքների գրավյալ լինելու փաստի և իր կորուստների ցավով։ Հայաստանն անցյալում իր կատարած հանցանքների դիմաց չվճարելու պատճառով երես է առել և վերստին հարձակվել Ադրբեջանի տարածքների վրա։

Սակայն Հայաստանն այս անգամ հանդիպել է իր համար անսպասելի դրության․ Ադրբեջանի բանակն անմիջապես գործի է անցել Հայաստանի հարձակմանը պատասխան տալու և Ղարաբաղը գրավումից ազատագրելու համար։ Մինչ այժմ Ղարաբաղում բազմաթիվ բնակավայրեր ազատագրվել են գրավումից։ Որպես Թուրքիա՝ հայտարարում ենք, որ մեր ամբողջ հոգով և հնարավորություններով Ադրբեջանի կողքին ենք։ Ադրբեջանի՝ գրավման տակ գտնվող տարածքները ազատագրելու համար մղված պայքարում նրան աջակցելը յուրաքանչյուր պատվավոր պետության պարտականությունն է։

Քանի դեռ աշխարհը չի փրկվել ավազակ պետություններից և ավազակ իշխանություններից, մարդկությունը չի կարող խաղաղության և հանգստության հասնել։ Դժբախտաբար, հատկապես մեր տարածաշրջանում ավազակ պետությունների թիվը չափից դուրս շատ է․ Իսրայելից մինչև Կիպրոսի հունական հատված և Սիրիա ձգվող այդ ավազակ պետությունները թե իրենց իսկ քաղաքացիներին են բռնության ենթարկում և թե աշխարհի կայունությունը սասանում։ Մեկ անգամ ևս մեր ադրբեջանցի եղբայրներին կրկնում ենք, որ իրենց կողքին ենք լինելու՝ մինչև հաղթանակ»։

Այսպիսով, Թուրքիան հանդես գալով ամենաբարձր պաշտոնյայի անունից՝ մեկ անգամ ևս հաստատեց Ադրբեջանին իր անմիջական և անթաքույց աջակցությունը։