Նիկոլ Փաշինյանը չէր կարող տեղյակ չլինել Զորակոչի մասին օրենքից

Նիկոլ Փաշինյանը չէր կարող տեղյակ չլինել Զորակոչի մասին օրենքից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Facebook-յան ուղիղ եթերում կոչով հանդես եկավ, որը տարակուսանք է առաջացրել։ Նա այս թեժ պատերազմական իրավիճակում ուղիղ եթերում հայտարարեց նախորդ տարվա ընթացքում բանակից զորացրված զինծառայողների զորահավաք՝ մանրամասնություններով ներկայացնելով որոշ տվյալներ՝ սկսած զինվորների թվից մինչև տեղակայման վայր։ ՀՀ վարչապետն անգամ խոստովանեց, որ պետությունը չունի մոբիլիզացիոն պլան վերջին մեկ տարում զորացրվածների համար՝ կոչ անելով նրանց իրենց ունեցած զինվորական համազգեստները հագնել և ներկայանալ կոնկրետ հասցեում գտնվող հավաքական։

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց նաև, թե ինքը չի իմացել՝ նոր է տեղեկացել, որ ըստ գործող օրենքի՝ քաղաքացին ենթակա է զորահավաքի ժամկետային զինծառայության ավարտից ոչ շուտ, քան մեկ տարուց։ Բանն այն է, որ ՀՀ վարչապետը չէր կարող տեղյակ չլինել այդ օրենքի մասին, քանի որ Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքը վերջին անգամ փոփոխության է ենթարկվել 2017 թվականի նոյեմբերի 15-ին, երբ Փաշինյանը ԱԺ պատգամավոր էր՝ «Ելք» խմբակցության ղեկավարը։ Իսկ այդ օրենքի 59-րդ հոդվածի 5-րդ մասում տառացիորեն կրկնված է հետևյալ դրույթը. «Պարտադիր զինվորական ծառայությունից սույն օրենքով սահմանված կարգով արձակված և պահեստազորում հաշվառված պահեստազորայինները կարող են վարժական հավաքի կանչվել զինվորական ծառայությունից արձակվելուց հետո` մեկ տարուց ոչ շուտ»: Ավելին, «Ելք» դաշինքը դեմ է քվեարկել նախագծին։

Պատերազմի ժամանակ զորահավաքը բնական պրոցես է, բայց դրան այսպիսի հնչեղությունը տալը՝ առնվազն անհասկանալի։ Հարկավոր էր ուղղակի ԱԺ արտահերթ նիստում աննկատ փոփոխության ենթարկել նշված դրույթը և քաղաքացիներին ծանուցագրերով զորակոչել, ոչ թե հրապարակայնորեն հայտնել գաղտնի կոորդինատներ՝ տվյալներ տալով հակառակորդին։