Նախարարի վարքին պետք է գնահատականներ տան կառավարությունը եւ դատախազությունը

Նախարարի վարքին պետք է գնահատականներ տան կառավարությունը եւ դատախազությունը

Պետական լիազոր մարմինները, փոխարենը երկրում ձևավորելու մշակույթ՝ փոխադարձ հարգանքի մթնոլորտում հրապարակային շփումներում, ի պաշտոնե իրենց գործառույթներն իրականացնելիս օրինակ ծառայելով, որոշ դեպքերում իրենք են իջնում հասարակության որոշ անձանց մակարդակին՝ դրանից բխող բոլոր բացասական հետևանքներով, ինչն անթույլատրելի է։
Մասնավորապես արդարադատության նախարարը, ով ի պաշտոնե նաև կառավարության գլխավոր իրավախորհրդատուն է և պետք է օրինակ ծառայի՝ հրապարակային հայտարարություններում լինելով բացառապես օրենքի դաշտում, նաև լինելով փոխադարձ հարգանքի և օրենքի դիկտատուրայի և իրավունքի գերակայության կառավարական ջահակիրը, իր հրապարակային հայտարարություններում, կարծում եմ, ոչ միայն մտնում է դատական համակարգի ներքին տիրույթը, այլ նաև ըստ էության, միջամտում է արդարադատությանը, որի իրավունքը սահմանադրության ուժով ոչ միայն չունի, այլ նաև արգելված է՝ որպես կառավարության անդամի։

Կարծում եմ, որ դատական համակարգի վերաբերյալ հրապարակային քննադատողական դատողություն օրենքի ուժով իրավունք ունի իրականացնելու չորրորդ իշխանությունը, քաղաքացին կամ իրավաբանական անձը, իրավապաշտպանները։ Սակայն ոչ երբեք կառավարության անդամը։
Դատավորի կայացրած դատական ակտը կամ դատավարական գործողությունները օրենքով սահմանված կարգով և չարգելված եղանակով բողոքարկելու, այդ թվում հրապարակային կարգով, իրավունք ունեն բացառապես քաղաքացիները, իրավաբանական անձիք, փաստաբաններն ու դատախազները, իսկ քրեաիրավական գնահատական տալու իրավունքը բացառապես օրենքով սահմանված կարգով տրված է քննիչներին ու դատախազներին, բայց ոչ կառավարության անդամներին։

Սույն հոդվածը չէի գրի, եթե նախարարը չլիներ պրակտիկ իրավաբան, ավելին՝ իմ կողմից ընդունված հարգելի մարդ, փաստաբան։
Անհրաժեշտ է, որպեսզի նախարարի հրապարակային հայտնած դիրքորոշմանը, որն, ըստ իս, միջամտություն է արդարադատություն իրականացնող մարմնին, իր քաղաքական գնահատականը տա կառավարությունը, իսկ իրավական գնահատականը տա դատախազությունը։
Հարկավոր է իմանալ.

Պետականաշինության գործում կործանարար է մերոնք-ձերոնքի, սև-սպիտակի քաղաքականությունը։ Եվ օրենսդիրը, և գործադիրը, դատականն ու չորրորդ իշխանությունը, իրավապաշտպանները, գործարարները, յուրաքանչյուր անձ ունի պոզիտիվ պարտավորություն և հավասար իրավունքներ միասնաբար լուծելու բոլոր խնդիրները՝ յուրաքանչյուրը կատարելով իր բաժին աշխատանքը, որի երաշխավորը, ըստ սահմանադրության, Բարձր Դուռն է։
Հ.Գ. Արդարադատության նախարարի կողմից դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու իրավասությունը դիտում եմ ևս գործադիրի կողմից միջամտություն արդարադատություն իրականացնող անձանց նկատմամբ, որն անթույլատրելի է։

ՓԱՍՏԱԲԱՆ ԼԵՎՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ