«Հրապարակ». Այդ դեպքում ո՞ւմ հույսով ես հարաբերություններդ փչացնում միակ դաշնակցիդ հետ

«Հրապարակ». Այդ դեպքում ո՞ւմ հույսով ես հարաբերություններդ փչացնում միակ դաշնակցիդ հետ

Ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը իր տարակուսանքն է հայտնում Փաշինյանի հայտարարությունների առթիվ. «Եթե մի պահ պատկերացնենք՝ կա նման վտանգ, այդ դեպքում ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը հարաբերությունները փչացնում մեր ավանդական դաշնակցի` Ռուսաստանի հետ»: Նա կարծում է, որ այն, ինչ այսօր տեղի է ունենում, բրիտանաթուրքական ծրագիր է։ «Որպեսզի Ադրբեջանի ծավալապաշտական պահանջները կյանքի կոչվեն, հարկավոր է վերջնականապես ճնշել մեր հանրության պաշտպանական իմունիտետը, իսկ ի՞նչ է հարկավոր դրա համար` վախեցնել պատերազմով: Իրականում մենք ունենք դիմադրելու ռեսուրս, ունենք արագ վերականգնվելու հնարավորություն, եթե գրագետ արտաքին քաղաքական կուրս որդեգրենք եւ մեր հարաբերությունները վերականգնենք Ռուսաստանի Դաշնության հետ՝ հարաբերությունները խորացնելով նաեւ բարեկամ Իրանի հետ: Լսելով Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները՝ հարց է առաջանում. մի պահ ընկնելով ֆանտազիայի գիրկը՝ պատկերացնենք, որ Փաշինյանն իսկապես իր երկրի ցավով ապրող մեկն է, այդ դեպքում ինչո՞ւ է նման իրավիճակում հարաբերությունները, ինչպես ինքն է նշում, սառեցնում դաշնակիցների հետ: Հայտարարում է, որ ոչ ավել, ոչ պակաս՝ Թուրքիան Արմավիրից հարձակվելու է Հայաստանի վրա։ Եղբայր, այդ դեպքում ո՞ւմ հույսով ես ստրատեգիական հարաբերություններդ փչացնում քո միակ դաշնակցի հետ, որ ո՞վ սատարի քեզ: Նույն Թուրքիայից հարձակման պարագայում կան հստակ հարձակման սցենարներ` 102-րդ ռազմաբազայի ներգրավման հետ կապված: Փաստորեն, մի կողմից սպառնում է պատերազմով, մյուս կողմից` թուլացնում է երկրի պաշտպանունակությունը: Այստեղ հարց է ծագում․ դու ի՞նչ խնդիր ես լուծում վարչապետի պաշտոնը զբաղեցնելով: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Բաքվում ուղիղ խոսքերով հաճոյախոսել է Ալիեւին, ասել այն, ինչ ցանկանում էր Իլհամը լսել: Այստեղ նորից հարց է ծագում․ Ռուսաստանը քեզ հետ չէ, Արեւմուտքն էլ ունի լիովին պրոադրբեջանական դիրքորոշում, ի՞նչ պետք է անես դու: Ռուսաստանի հետ չեմ, այո, գուցե եղել են որոշակի խնդիրներ, բայց դրանք եղել են հաղթահարելի, հիմա, այս պարագայում ինչպե՞ս է Փաշինյանը Հայաստանի պաշտպանությունը պատկերացնում: Ներքին ռեսուրսները բավարար չեն, իսկ արտաքինը հետեւողականորեն վերացվել է: Կարճ հետեւություն` հիմա շանտաժի լեզվով այս մարդն ուզում է կյանքի կոչել Ադրբեջանի ծավալապաշտական նկրտումները: Այս իշխանությունների գերխնդիրը ոչ թե Թուրքիայից եւ Ադրբեջանից փրկելն է, այլ ամեն գնով Ռուսաստանից պոկելը, ռուսական ազդեցությունն այստեղ չեզոքացնելը, անկախ նրանից, թե ինչ գնով կլինի: Ավելորդ է արդեն ինքնիշխանության մասին խոսելը, անգամ հարցականի տակ է մեր երկրի պետականությունը: ՆԱՏՕ-ի ընկալումներում Թուրքիան եւ Ադրբեջանը շատ կարեւոր երկրներ են, իսկ Հայաստանը զուտ հակառուսական պլացդարմի կարգավիճակում է: Ի՞նչ կարող է անել Թուրքիան բզկտված Հայաստանի հետ՝ դա ՆԱՏՕ-ին ամենեւին չի հետաքրքրում: ՀՀ իշխանությունը բրիտանաթուրքադրբեջանական շահերի կույր սպասարկողներն են, ու քանի դեռ սրանք չեն հեռացել իշխանությունից, մեր երկրի անվտանգության խնդիրները միայն ու միայն ավելանալու են, իսկ մենք` հայերս, կանգնելու ենք օրհասական խնդիրների առաջ»,- ասում է ռազմական փորձագետը: Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ սահմանազատում է տեղի ունենալու:

Մարդիկ ինչպե՞ս տարբերեն սահմանազատումը հող հանձնելուց։ «Շատ դժվար է Փաշինյանի իշխանության պարագայում սահմանազատումը հող հանձնելուց տարբերելը, ըստ էության՝ այս իշխանության համար դա լրիվ նույն բանն է, բայց նորմալ իշխանության պարագայում «սահմանազատում» ասվածը բարդ ու ժամանակատար գործընթաց կարող էր լինել: Հազար ու մի դետալ կա, որը պետք է հաշվի առնվի, ի վերջո` Տավուշում կան ստրատեգիական նշանակություն ունեցող ճանապարհներ: Օրինակ` Հայաստան-Վրաստան սահմանազատումը մեր անկախության առաջին տարիներից սկսվել է ու մինչ այժմ շարունակվում է: Այսօր իշխանությունները շարժվում են կապիտուլյացիայի տրամաբանությամբ, կուրորեն սպասարկում են թշնամու շահը, ուլտիմատում է դրվել, պետք է կատարել ու վերջ: Անգամ ամենասարսափելի մղձավանջում չեմ պատկերացնում, թե այս մարդն ինչ կախվածություններ ունի Ադրբեջանից, որ անշեղորեն կատարում է այդ երկրի պահանջները: Ադրբեջանը չի կանգնելու մի քանի գյուղ վերցնելով, ինչպես կանգ չառավ Արցախի հայաթափումով: Առհասարակ, որեւէ իրավաքաղաքական հիմք չկա Ադրբեջանի ուլտիմատումներն ընդունելու, նորմալ, հայամետ իշխանության գոյության պարագայում միայն հիմնվել ԽՍՀՄ տարիների վարչական սահմանների հանգամանքի վրա՝ պարզապես անհնար կլիներ: Այն կարող էր ուղղակի լինել հերթականներից մեկը, այլ ոչ թե առաջնայինը, ինչու, որովհետեւ անկախություն ձեռք բերելու առաջին իսկ օրվանից Հայաստանն ադրբեջանական ագրեսիայի է ենթարկվում, նույնը կարող ենք ասել Արցախի մասով: Ագրեսիայից հետո առոչինչ են դառնում նախքան ագրեսիան գրված ու գծված բոլոր սահմանները: Անտեսել 90-ականների ադրբեջանական ագրեսիայի փաստը եւ ընդունել Բաքվի ծավալապաշտական նկրտումները, նշանակում է լինել ալիեւյան խամաճիկ, ուրիշ ոչինչ»,- եզրափակեց Ջամալյանը: