Փաշինյանն այս անգամ որտե՞ղ սխալվեց իր «հաշվարկներում»

Փաշինյանն այս անգամ որտե՞ղ սխալվեց իր «հաշվարկներում»

Ինչպես հայտնի է, երեկ Գրանադայում մեկնարկեց Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը, որը թվով երրորդն է։ ԵՄ անդամ 27 երկրների առաջնորդները եւ գործընկեր երկրների ղեկավարները, այդ թվում՝ Ուկրաինայի, Թուրքիայի, Հայաստանի, Ադրբեջանի, Մոլդովայի, բալկանյան երկրների եւ Կոսովոյի, հավաքվել էին, որպեսզի միասին «Եվրոպան դարձնեին ավելի կայուն, ծաղկուն եւ գեոստրատեգիական»։

Սպասվում էր, որ այդ գագաթնաժողովին տեղի է ունենալու նաեւ Նիկոլ Փաշինյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպումը՝ Ֆրանսիայի եւ Գերմանիայի ղեկավարների, ԵԽ նախագահի մասնակցությամբ, սակայն Բաքուն հրաժարվեց գնալ այդ գագաթնաժողովին։

Արդեն իսկ հնչել են տարբեր կարծիքներ, թե ինչու է Բաքուն որոշել չմասնակցել Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին ու չհանդիպել Հայաստանի ղեկավարի հետ։ Պաշտոնապես ասվում է, որ պատճառը Ֆրանսիայի հայամետ կեցվածքն է, Բաքուն նեղացած է նաեւ այն հանգամանքից, որ Բեռլինն ու Փարիզը դեմ են, որ հանդիպմանը մասնակցի Թուրքիան։ Եթե տրամաբանորեն նայենք հարցին, ապա Ալիեւը Գրանադայից պետք է չհրաժարվեր, նախքան Արցախի լիակատար հանձնումն ու հայաթափումը։ Այդ պարագայում նրան նույնիսկ այնտեղ ստորագրվելիք փաստաթուղթն էր պետք, անկախ այն հանգամանքից, թե ինչ կլիներ դրանում գրված։

Սակայն Արցախի լիակատար հանձնումից ու հայաթափումից հետո, հատկապես որոշ հանգամանքներ հաշվի առնելով, նրան այլեւս պետք չէ Գրանադան։ Ու նաեւ Ալիեւին, մեծ հաշվով, այլեւս պետք չէր այն հարթակը, որի շրջանակում շարունակվելու էին բանակցությունները։ Չի բացառվում, որ Ալիեւը որոշել է հերթական անգամ փոխել կեցվածքն ու ակցենտներն արեւմտյան հարթակից տեղափոխել տարածաշրջանային՝ «3+3» կամ ռուսական հարթակ, որով ավելի իրատեսական ու իր շահերին համահունչ է համարում Երեւանի հետ հարաբերությունների կարգավորումը։ Եթե պարզվի, որ այս տարբերակը որդեգրվել է Բաքվի կողմից, ապա կարելի է ասել, որ տարածաշրջանային խաղացողները, եւ Ռուսաստանը՝ առաջին հերթին, որոշել են Արեւմուտքին կտրուկ հեռացնել Հարավային Կովկասից, ինչն իր հերթին նշանակում է, որ Երեւանի եւ Բաքվի միջեւ արեւմտյան սցենարով խաղաղության պայմանագրի կնքումն առնվազն հետաձգվում է անորոշ ժամանակով։

Իսկ ինչ կարող է դա նշանակել։ Այն, որ Հայաստանի գործող ղեկավար Նիկոլ Փաշինյանը, անհասկանալի ջանասիրությամբ նվիրվելով Բաքվի հետ Երեւանի հարաբերությունների կարգավորման արեւմտյան հարթակին ու շտապելով ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ Արցախով հանդերձ՝ 86,6 հազար քառ․ կմ տարածքի սահմաններում, այժմ, բացի բանավոր կեսբերան հավաստիացումներից, որ Բաքուն էլ ճանաչում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը՝ 29,8 հազար քառ․ կմ տարածքի սահմաններում, ոչինչ չի ունենում։ Հատկապես՝ իր այնքան երազած խաղաղության պայմանագիրը չի ունենում անորոշ ժամանակով։ Դրա փոխարեն, սակայն, Փաշինյանն ունենում է չափազանց լարված քաղաքական հարաբերություններ Ռուսաստանի հետ, գրեթե զրոյական աջակցություն Արեւմուտքի կողմից (նույնիսկ հակառուսականությունը փոխհատուցելու ոչ ընդունակ աջակցություն) եւ միայնակ դեմ-հանդիման մնալու հավանականություն՝ առկա եւ խորացող մարտահրավերների առաջ։
Սա, եթե անկեղծ ասենք, աննախանձելի իրավիճակ է։ Ու այս պայմաններում հայտնված Փաշինյանին ամենամոտ ապագայում այլ բան չի մնալու, քան կա՛մ Սահակաշվիլու «փողկապ ծամելու քաղաքական մայրամուտի» ճակատագրին արժանանալ, կա՛մ «հետընթաց քայլեր» անելով՝ փորձել վերականգնել քաղաքական «այրած կամուրջները» եւ «քաղաքական ապաշխարության» գնով փորձել ինչ-որ բան փրկել։