Մեր վերջին՝ բացառիկ հերոսները

Մեր վերջին՝ բացառիկ հերոսները

Մեր հերոսները շատ-շատ են, եւ հերոս են ոչ միայն նրանք, ովքեր իրենց կյանքը զոհեցին հանուն հայրենիքի, այլ նաեւ նրանք, ովքեր պահել են իրենց հողը եւ պայքարել մինչեւ վերջին պահը, որ այն հայկական մնա: Հերոս են նաեւ նրանք, ում ադրբեջանցիներն ուխտադրուժ կերպով գողացան սահմանից ու գերի տարան Բաքու: Նրանք անգամ փորձ չարեցին փախչել ու փրկվել։

Ռուբեն Վարդանյան, Դավիթ Բաբայան, Լեւոն Մնացականյան, Դավիթ Մանուկյան, Բակո Սահակյան, Արկադի Ղուկասյան, Արայիկ Հարությունյան... նրանք ղեկավարել են Արցախը խաղաղ ժամանակ, բանակ են ստեղծել, անձնուրացաբար պայքարել են Արցախի ազատության, անկախության ու բարգավաճման համար: Նրանք չդավաճանեցին իրենց սիրելի Արցախը` մինչեւ վերջին վայրկյանը մնալով իրենց հայրենիքում, չնայած բազմաթիվ հնարավորություններ ունեին՝ օր առաջ դուրս գալու Արցախից եւ Հայաստանում կամ աշխարհի մի ապահով անկյունում ապրելու: 

Հավերժ փառք Արցախի հերոսական ու աննկուն ժողովրդին, որը դիմացավ ու դիմադրեց եւ միայն պարտադրաբար լքեց հայրենի հողը: Կան ժողովուրդներ, որոնք իրենց հայրենիքի իսկական զավակն են եւ արժանի են իրենց ծնած հողին: Արցախի ժողովուրդը դրա եզակի ու վառ օրինակներից է` հերոս ու անպարտ ժողովուրդ, որը 10 ամիս շարունակ դիմացավ բոլոր զրկանքներին` ի զարմանս հարմարվող ու նյութապաշտ աշխարհի, որին անհասկանալի էր այս բացառիկ ժողովրդի պահվածքը, եւ որը պաշտպան չկանգնեց այդ ժողովրդին: Իհարկե, մենք էլ ենք մեղավոր` չպետք է հույս դնեինք աշխարհի վրա՝ հաշվի չառնելով, որ կուշտը սովածին երբեք չի հասկանում։ 

Արցախն ընկավ, բայց նրա ժողովրդի հերոսությունն ընդմիշտ կմնա: Եվ Արցախի պատմության էջը փակված չէ` հայը երբեւէ վերադառնալու ու ետ է գրավելու հերոսական Արցախը: Եվ դա լինելու է իր ներկա ու ապագա հերոսների շնորհիվ, որոնց մի մասը թեեւ ֆիզիկապես չկա, բայց նրանց հոգիները երկնքից մեզ ուժ են տալիս:

Արցախը վերածնվելու է, քանի դեռ մեր ազգի զավակների մեջ կա Ռուբեն Վարդանյան, ով կարող էր մնալ ու աշխատել Ռուսաստանում` բազմապատկել իր ունեցվածքը, սակայն թողեց այդ ամենը, վերադարձավ հայրենիք՝ փորձելով մի փուշ հանել իր հայրենակիցների մատից: Նա եկավ մեծ հավատով, որպես նվիրյալ հայորդի, որ ուժեղացնի հայի հավաքական կամքն ու ոգին, որպեսզի միաբանի մարդկանց եւ փորձի փրկել հայի միակ հենարան Արցախը: Նա աննկատ եկավ եւ փորձեց բոլոր կարգավիճակներում օգտակար լինել իր ազգին` որպես պետնախարար, որպես շարքային քաղաքացի, հիմա` որպես գերի ու քաղբանտարկյալ: Եվ չնայած բամբասանքի եւ հայհոյանքի այն չափաբաժնին, որն ուղղվում էր Ռուբեն Վարդանյանի դեմ ե՛ւ Հայաստանից, ե՛ւ Ադրբեջանից, ի վերջո ապացուցեց, որ ինքը «Պուտինի մարդը» չէ ու ոչ մեկի «մարդը» չէ եւ նույնքան անպաշտպան է գազազած Ալիեւի ու նրա ոհմակի առաջ, որքան շարքային արցախցին: Գուցե` ավելի անպաշտպան, որովհետեւ շարքային արցախցիներին գոնե թույլ տվեցին գալ Հայաստան, իսկ ինքն ու հատուկենտ ազգային գործիչները գերեվարվեցին:  

Այս պարագայում հերթական անգամ համոզվում ենք, որ հայրենիքի նկատմամբ սերը մեկն է, սակայն դրա դրսեւորումը, մեր՝ արդեն զոհված փառապանծ հերոսների պարագայում լինի, Բաքվի բանտերում, թե Երեւանի հրապարակներում... նույնն է: 

Մի բան պարզ է, որ Ռուբեն Վարդանյանը կարող էր ուղղաթիռ կանչել Արցախ եւ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության հետ ապահով լքել Արցախը, կարող էր ռուս խաղաղապահներին կաշառել եւ դուրս գալ, կարող էր` մինչեւ այս դեպքերը դուրս գալ Արցախից, բայց չարեց: Չարեցին նաեւ Դավիթ Բաբայանը, Լեւոն Մնացականյանը, նախկին նախագահները, մյուսները: Վախենալն ու փախչելն այս տեսակին բնորոշ չէ: Թեեւ նրանք շատ լավ էին պատկերացնում էին, թե Բաքվում ինչ կարող է սպասվել իրենց, եւ գիտակցաբար գնացին դրան։ 
Ես խոնարհվում եմ մեր բոլոր հերոսների առջեւ՝ ե՛ւ նահատակների, ե՛ւ բանտերում գտնվողների, ուզում եմ, որ հայ մայրերն այսուհետ շատ ծնեն նման առյուծներ:

Աստծո օրհնանքը մեր հերոսական ժողովրդին ու Ձեզ...

Չգիտեմ` կհասնի՞ իմ կոչ-խնդրանքն աշխարհի բոլոր երկրներին, կարող անհատներին, հումանիստներին. խնդրում եմ` ոչինչ մի խնայեք, ամեն ինչ արեք, որ մեր պատանդները վերադառնան հայրենիք: Այսօր Ֆրիտյոֆնանսեններ են մեզ հարկավոր։

Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ