Ամրացնում է իշխանական լծակների ազդեցությունը կրթական համակարգի վրա․ Կարապետյան

Ամրացնում է իշխանական լծակների ազդեցությունը կրթական համակարգի վրա․ Կարապետյան

Իմքայլականներն արդեն իսկ սկսել են դպրոցներում խորհրդի կազմերի փոփոխությունների գործընթացը և դրանց իրենք կողմնակիցներին ներդնելու աշխատանքները։

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը 15 մարտին հրաման է ստորագրել (N 25-Ն), որով հաստատել է ԿԳ նախարարի 2010թ. մարտի 18-ի «Հայաստանի Հանրապետության «Պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության կոլեգիալ կառավարման մարմնի՝ խորհրդի ձևավորման կարգը և ուժը կորցրած է ճանաչել ՀՀ ԿԳ
նախարարի 2006 թվականի դեկտեմբերի 8-ի N 981-Ն հրամանը։

Հրամանն ուժի մեջ է մտել 2021 թվականի ապրիլի 1-ից:

Գեղարքունիքի մարզի Լիճք համայնքի հիմնական դպրոցի կառավարման խորհրդի նախագահ Վանո Կարապետյանը, ով համատեղության կարգով խորհրդում ներկայացնում է ԿԳՄՍ նախարարությունը, «Հրապարակի» հետ զրույցում ասաց, որ խորհրդի ձևավորման նոր կարգերը գերկենտրոնացման են տանում դպրոցների կառավարումը։

Կարապետյանը անտրաբանական է համարում դպրոցների միացյալ և առանձին խորհուրդների գաղափարների հիմքերը։

«Ներմուծվել է դպրոցների միացյալ և առանձին խորհուրդների գաղափարը, որի հիմքը, չգիտես՝ ինչո՞ւ, անտրամաբանորեն ընդունել են համայնքի բնակիչների թվաքանակը և ըստ հրամանի 4-րդ կետի «առանձին խորհուրդ ձևավորվում է առնվազն 3000 բնակչություն ունեցող բնակավայրերում գործող հաստատությունների դեպքում: Մինչև 3000 բնակչություն ունեցող բնակավայրերում գործող հաստատությունների դեպքում ձևավորվում է միացյալ խորհուրդ՝ ներառելով առավելագույնը երեք հաստատություն»:

Ըստ նրա՝ անկախ բնակավայրի մեծությունից, դպրոցի աշակերտների թվաքանակից նույնն են ուսումնական հաստատությունների կառավարման խորհուրդների գործառույթները, աշխատանքային ծանրաբեռնվածությունը։ «Ուստի անտրամաբանական է, որ փոքր համայնքների՝ առնվազն 3 դպրոցների համար ձևավորվում է միացյալ կառավարման խորհուրդ, իսկ խոշոր համայնքներում՝ առանձին կառավարման խորհուրդ։ Ավելին ասեմ, կառավարման խորհրդի անդամները աշխատում են հասարակական հիմունքներով՝ անվճար։ Դա նշանակում է, որ այստեղ չկա խնդիր ծախսերի կրճատման։ Ես կարծում եմ միացյալ խորհուրդների գաղափարը իշխանության կողմից ներդրվում է ոլորտը ուղղահայաց կառավարման տանելու համար, ինչը շատ վատ է», - նշեց Կարապետյանը։

Համաձայն նոր կարգավորումների՝ տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավարի ներկայացուցիչը՝ խորհրդի կազմում 1 (մեկ) անդամի փոխարեն դառնում է 2 (երկու) անդամ։ «Սա էլի ոչ ճիշտ մոտեցում է քանի-որ տեղական ինքնակառավարման մարմնի ներկայացուցիչները (բացառությամբ Երևանի) իրենց լիազորություններով առնչություն չունեն կրթության ոլորտի հետ։ Իմ կարծիքով՝ ՏԻՄ ղեկավարի ներկայացուցիչի թվի ավելացումն ունի միտում ավելացնել իշխանական լծակները կրթական ոլորտի վրա», - ասաց Կարապետյանը։

Նրա խոսքերով՝ դրական է հրամանի 5-րդ կետը. «Հաստատության խորհուրդը կազմվում է.
1. 9 անդամից՝ առանձին խորհրդի դեպքում,
2. առավելագույնը 19 անդամից՝ միացյալ խորհրդի դեպքում»:

«Նախկին կարգավորումով խորհրդի կազմը բաղկացած էր զույգ՝ 8 անդամից, իսկ դա միշտ քվեարկությունների ժամանակ առաջացնում էր խնդիրներ 50-50 ձայների բաշխման տեսակետից, որը դժվարանում էր խորհրդի որոշումներ ընդունելու աշխատանքները»։

«Կառավարման խորհրդի ինստիտուտը մեզանում կրում է ձևական բնույթ։ Շատ դպրոցներում կառավարման խորհուրդների նիստեր տեղի են ունենում տնօրենի ընտրությունից տնօրենի ընտրություն և այլն։ Կառավարման խորհուրդների իրավասությունները շատ մեծ են, ըստ օրենքի, հաստատությունը ղեկավարում է ոչ թե տնօրենը, այլ՝ կառավարման խորհուրդը։ Ես վստահ ասում եմ, որ թե՛ հին և թե՛ նոր մոդելները չեն աշխատելու, քանի որ կառավարման խորհրդի անդամը անվճար աշխատող է և չունի մոդիվացիա կատարելու իր վերահսկողական գործառույթները։
Ես կարծում եմ՝ եթե կառավարման խորհրդի անդամը իր աշխատանքի դիմաց վարձատրվի կամ այլ աշխատանքի ընդունման ժամանակ, առավելություն դիտարկվի խորհրդի անդամ լինելը, խորհրդի անդամը կունենա հստակ աշխատանքի մոտիվացիա», - նշեց նա։

Հանրային գործիչը նշեց, որ լավ կլիներ, եթե կառավարման խորհուրդների կազմի ձևավորման վերաբերյալ լիներ իրավական սահմանափակում, որպեսզի կառավարման խորհուրդների կազմը չվերածվեր փոխկապակցված անձանց ինստիտուտի։ «Օրինակ՝ Գեղարքունիքի մարզում  բազմաթիվ են նմանօրինակ դեպքերը, երբ ՏԻՄ ղեկավարները կամ մարզպետը  իրենց բարեկամներին նշանակում են ուս.  հաստատության կառավարման խորհրդի անդամ։ Սա ևս առաջացնում է շահերի բախում, և ամրացնում է իշխանական լծակների ազդեցությունը կրթական համակարգի վրա։ Ի՞նչու են շահագրգիռ ՏԻՄ ղեկավարները և մարզպետները կառավարման խորհուրդներում  ներդնել փոխկապակցված անձանց ինստիտուտ, պատասխանը մեկն է, որ ներքին կարգով ազդեն կառավարման խորհրդի վրա, որպեսզի միշտ տնօրեն ընտրել տան իրենց ուզած մարդկանց, և այդ տնօրենը միշտ շարժվի իրենց ուզած օրակարգով։ Նաև շատ լավ կլիներ, որ նախարարի նոր հրամանով ավելացված անդամը լիներ ոչ թե ՏԻՄ ղեկավարի ներկայացուցիչը, այլ լիներ համայնքի ավագանու ներկայացուցիչը», - ընդգծեց նա։

Կարապետյանը բացասական կարգավորում է համար նաև այն, որ առաջարկվում է խմբագրել ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 4-ի N 319-Ն որոշման հավելվածը և սահմանել տնօրենի թափուր տեղի մրցույթի կազմակերպման նոր ժամկետներ, ինչպես նաև փոխել հաղթող ճանաչելու համար նախատեսված ձայների հարաբերակցությունը: «Մասնավորապես հաղթող ճանաչվելու համար հավակնորդը պետք է ստանա կառավարման խորհրդի անդամների առնվազն 2/3-ի «կողմ» ձայները (գործող կարգով տնօրենն ընտրվում էր ձայների մեծամասնությամբ)»

Նա նաև նշեց, որ այս հրամանին հետևել է օրենքի նախագիծ։ «E-draft.am-ում կա օրենքի մի նախագիծ, այնտեղ ասում է, որ դպրոցի տնօրենը, որին ընտրում է կառավարման խորհուրդը, կարող է ընտրվել առնվազն ձայների 2/3-ով։ Իսկ 2/3-ը կարող են ապահովել իշխանության կողմից նշանակված անձինք։ Այսինքն, իշխանությունների կողմից նշանակված անձինք կարող են անցկացնել իրենց ուզած տնօրենին։ Գնում է ոլորտի գերկենտրոնացում»:

Նա դրական կարգավորում է համարում «զանգվածային լրատվության միջոցների և ոլորտում գործող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությունը՝ դիտորդի կարգավիճակով տնօրենի ընտրության ժամանակ»։

Բացասական է համարում նաև, որ «քվեարկության արդյունքում առավելագույն հավասար ձայներ հավաքած հավակնորդների միջև նույն օրն անցկացվում է կրկնակի քվեարկություն»: «Նույն օրը կրկնակի քվեարկության համակարգը մտցնելով՝ կարող են արհեստականորեն  կառավարման խորհրդին ստիպել նույն օրը փոխել քվեարկության արդյունքները։ Բացասական է նաև, որ քվեարկության արդյունքում առավելագույն հավասար ձայներ հավաքած հավակնորդների միջև նույն օրն անցկացվում է կրկնակի քվեարկություն: Նույն օրը կրկնակի քվեարկության համակարգը մտցնելով, կարող ես արհեսատականորեն ստիպել կառավարման խորհրդին նույն օրը փոխել  քվեարկության արդյունքները», - եզրափակեց Վանո Կարապետյանը։