Նիկոլ ընտրողը

Նիկոլ ընտրողը

Ժողովրդի 53 տոկոսը մուրճը տվեց Նիկոլի ձեռքը եւ հորդորեց` կոտրի մյուս 47 տոկոսի գլուխը: Նիկոլն այդ հորդորն ընդունեց որպես ձայն բազմաց` ձայն Աստծո: Այդ նույն մարդիկ Նիկոլի հանրահավաքին եկան` ձեռքներին մուրճ բռնած, իսկ Նիկոլի ձեռքը տվեցին պողպատե մանդատ: Դու՝ պողպատե մանդատով, մենք` մուրճերով, սկսենք գրոհը: Ջարդենք ու չխնայենք արժեքներ խնայել փորձողներին:

Ջարդենք նրանց գլուխը, ովքեր Արցախի անունը կտան, ովքեր կասեն` թշնամին մտել է մեր սահմաններից ներս: Ովքեր կհիշեն մեր զոհերի մասին, անհետ կորածների ու ռազմագերիների: Ովքեր կխոսեն մեր պետությունը, պետականությունը, ինքնիշխանությունը փրկելու եւ պահելու մասին: Ովքեր չեն հաշտվի պարտության, խայտառակության, նվաստացման հետ: Չեն ցանկանա ստորացված գոյություն քարշ տալ եւ կփորձեն մեր մեջքը շտկել` արժանապատիվ կեցվածքով:  Նիկոլ ընտրողը մազաչափ աղերս չունի հայկական ինքնությունը պահպանող որեւէ արժեքի հետ: Նրա մտավոր կարողությունների մեջ չեն տեղավորվում Հայ եկեղեցին, մեր մշակույթը, հայրենիքը: Որովհետեւ այդ ամենին դեմ է իրենց ընտրյալը:

Ընտրյալ, որ ջանասիրաբար ոչնչացնում է այն բոլոր արժեքները, որ ձեռք ենք բերել մեր վերջին անկախության շրջանում եւ դարերի մեջ` անկախություն ունեցած ու չունեցած ժամանակներում: Նաեւ այն անհատներին, ովքեր այդ արժեքները կրում են իրենց մեջ: Ընտրող ու ընտրյալ՝ ոսկերչական ճշգրտությամբ են իրար համընկել:   
Նիկոլ ընտրողը թշնամուն յուրային է տեսնում, յուրայինին` թշնամի: Նիկոլ ընտրողը տեսնում է թշնամու աչքերով, ոչ թե յուրայինի: 

Նիկոլ ընտրողն ասում էր` տանք Արցախը, որ լավ ապրենք: Ասում է՝ տանք Սյունիքը, Գեղարքունիքը, որ լավ ապրենք: Տանք Հայաստանը, որ... Այդ դեպքում ընդհանրապես չես ապրի: Բայց սա ապրելու արժեքը չգիտի, չի հասկանում, թե ինչ բան է: Միայն թե պահի մեջ մի բան կլլի ու ներս անի: Ես չեմ երեւակայում, մեկառմեկ խոսել եմ դրանց հետ: Բայց արդարանալու միջոց էլ ունեն, թե հաշտվեք եղածի հետ, դրանք նախկիններն էին տվել: Իսկ այն, որ նոր պետք է տրվի, դարձյալ նախկիններն են տվել, մեզ մնում է հանձնել: Անգամ կոնկրետ թվականներ ու անձեր են նշում ոչ միայն կատարվածի, նաեւ կատարվելիքի առումով: 

Սրանց պատմական հիշողությունը իրենցից տարբերների պատմական հիշողությունը չէ: Սրանցը հիշողության եւ պատմության հետ կապ չունեցող բան է, իսկ թե ինչ է` մասնագիտորեն ճշգրիտ կպատասխանեն առողջապահությունից: 

Նիկոլին հաջողվեց դատարկ հոգիների մեջ ներարկել պարտություն ու նվաստացում, նաեւ՝ խայտառակության եւ ստորացման հետ հաշտվողականություն: Հաջողվեց միտքն ու հոգեւորն արհամարհող, արժանապատվություն ու ինքնասիրություն չգիտակցող եւ թանկն ու նվիրականը, սրբությունը կճղակների տակ տրորող մի ստվար զանգված ստանալ, մեծամասնություն, որին ինքը կասի` ապագա կա՛, նա էլ կարձագանքի` կա՛ ապագա:

Նիկոլ ընտրողն այն կեդանին է, որ հյութեղ արոտավայր է ուզում: Ոչինչ, որ գիշատիչ գազանը կողքին է եւ հաջորդ վայրկյանին պատառ-պատառ է անելու. միայն թե մի բերան ավել խոտ ծամի:


Հուսիկ Արա