Ի՞նչ է լինելու 100 տոկոսանոց հայանպաստ համաձայնագրի հետ

Ի՞նչ է լինելու 100 տոկոսանոց հայանպաստ համաձայնագրի հետ

Ժամանակին բարձր եմ գնահատել Ռոբերտ Քոչարյանի կողմից ԼՂԻՄ-ում Պաշտպանության պետական կոմիտե ստեղծելն ու այն ղեկավարելը: Հետո, որպես տնտեսական ոլորտի լրագրող՝ բարձր եմ գնահատել նաեւ ՀՀ երկրորդ նախագահի տնտեսական ձեռքբերումները: Սակայն երբեք հիացած չեմ եղել նրա մարդկային տեսակով, քանի որ ինձ համար անբեկանելի սկզբունքներ են եղել օրինականությունը, արդարությունը եւ օրենքի առաջ բոլորի հավասարությունը: Եվ դա է եղել պատճառը, որ 2000-ականների սկզբներից մասնակցել եմ բողոքի ցույցերի՝ ընդդեմ «Ա1+» եւ «Նոյյան տապան» հեռուստաընկերությունների փակման, ընդդեմ ընտրակեղծարարությունների, ընդդեմ Երեւանի կանաչ զանգվածի զավթման եւ այլն: Դա էր նաեւ պատճառը, որ 2008-ին չընդունեցի ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ընտրությունը, իսկ 2018-ին ողջունեցի «ոչ բռնի, խաղաղ եւ թավշյա հեղափոխությունը»:

Սակայն 2020 թվականի պատերազմի պարտությունից հետո Փաշինյան Նիկոլի մնալը վարչապետի պաշտոնում նշանակում է պետականության կորստի անընդհատ զարգացող գործընթաց: Ինքը դա չի գիտակցում, քանի որ իր ուղեղում ստեղծել է աննորմալ՝ «սխալվելու վճռականությունը՝ ճշմարիտ ճանապարհ» կարծրատիպը: Եվ եթե վաղը Հայաստանը վերածվի Թուրքիայի վասալային պետության (երբ մի պետություն ենթարկվում է մյուսին՝ պահպանելով որոշ ներքին ինքնուրույնություն)՝ Նիկոլին կթվա, թե դա է հենց երկրի զարգացման ճշմարիտ ճանապարհը: Ու հենց այդ պատճառով ես եւ ինձ նման մտածող բազմաթիվ մարդիկ արտահերթ խորհրդարանական ընտրություններին քվե տվեցինք Ռոբերտ Քոչարյանին: Աջակցեցինք նրան, քանի որ մեր հայրենիքը կործանումից, դեպի ուր նրան «առաջնորդում» է կապիտուլյանտը, փրկելու այլընտրանք չգտնվեց: Իսկ Նիկոլը պետք է հեռացվեր, որպեսզի մենք կրկին տարածքներ, ճանապարհներ, մի ամբողջ միջանցք ու վերջնարդյունքում՝ Սյունիքը չնվիրեինք Ադրբեջանին:

Կար նաեւ մեկ այլ հանգամանք, որ դեռեւս հին հույներն էին ձեւակերպել. մարդը երկու անգամ չի կարող մտնել նույն գետը: Իսկ կաթոլիկ եկեղեցին միջնադարում հնարել է քավարանի գաղափարը: Դա վերաբերում է նաեւ Քոչարյանին, որի ղեկավարման ժամանակաշրջանը չի հատկանշվել վերը նշված սկզբունքներով՝ օրինականություն, արդարություն եւ օրենքի առջեւ բոլորի հավասարություն: Դրանց բացակայությունն էր, որ բերեց 2007-08 թվականներին ՀՀ առաջին նախագահի վերադարձին՝ տասնամյա լռությունից հետո: Եվ դրանց բացակայությունն էր, որ 2018-ի ապրիլին մեկ մարդու նման ոտքի հանեց ՀՀ ազգաբնակչությանը՝ ուղղորդելով ընդդեմ Սերժ Սարգսյանի: 2007-08 թվականների բողոքի ցույցերն իր մաշկի վրա զգալով, ինչպես նաեւ տեսնելով 2018-ի ապրիլյան իրադարձությունները՝ Քոչարյանը, ընտրվելու դեպքում, չէր կարող դրսեւորել այնպիսի վարքագիծ, ինչպիսին առկա էր մեկուկես տասնամյակ առաջ: Որովհետեւ օժտված է բանականությամբ, երեւույթները եւ դրանց հնարավոր հետեւանքները ճիշտ գնահատելու գիտակցությամբ ու կարողությամբ: Մի խոսքով, ինքն անցել էր քավարանով եւ դուրս էր եկել հոգեպես մաքրված: Սա էր, որ թույլ տվեց ինձ ջնջելու քոչարյանական անցյալը եւ որպես գիտակից քաղաքացի՝ ընտրել «Հայաստան» դաշինքը:

Սակայն իմ եւ մնացած գիտակից քաղաքացիների ցանկությունը կյանքի չկոչվեց՝ վերարտադրվեց Փաշինյան Նիկոլը: Վերարտադրվեց բազմաթիվ ընտրախախտումների շնորհիվ՝ ընդդիմադիր դաշինքների շտաբների եւ ներկայացուցիչների նկատմամբ ոստիկանական աննախադեպ բռնաճնշումներ, քրեական աշխարհի որոշ ներկայացուցիչների ներգրավում, մի քանի տասնյակ հազար զինվորականների ուղղորդված կամ, ավելի ճիշտ՝ պարտադրված քվեարկություն, ընդդիմադիր դաշինքների՝ համար 6 եւ 24 քվեաթերթիկների նկատմամբ տպագրական նենգություններ, ինչպես նաեւ քվեաթերթիկների հաշվարկի ընթացքում թույլ տրված կեղծումներ, որոնց նպաստեցին հոսանքի անջատումները մի շարք մարզերի բազմաթիվ բնակավայրերում: Մի խոսքով, «ժողովրդի իշխանության» 4-րդ տարում վերադարձանք ընտրակեղծարարության հին ու «բարի» ժամանակներին: Վերընտրվելուց անմիջապես հետո՝ հունիսի 21-ի հավաքի ժամանակ, Նիկոլը խոստացավ անցում կատարել «պողպատյա հեղափոխության»՝ իր ուսապարկերից ստանալով խորհրդանշական պողպատե մանդատ: Միաժամանակ ընդդիմադիրներին եւ իր համախոհներին ու կողմնակիցներին կոչ արեց դադարեցնել հայհոյախոսությունը, վերջ դնել թշնամանքին: 

Վերջինս, ի դեպ, խիստ նիկոլական երեւույթ էր՝ խոստանալ քաղաքական կադրային ջարդ, վեթինգ եւ այլ հակաժողովրդավարական միջոցառումներ ու միաժամանակ առաջարկել շրջելու ներքաղաքական թշնամանքի էջը: Թե այդ երկուսն ինչպես են միաժամանակ կյանքի կոչվելու՝ գիտի միայն «սխալվելու վճռականությունը՝ ճշմարիտ ճանապարհ» դատողության հեղինակը: Սակայն քանի որ նրա քաղաքական համախոհներն այդքան խոր մտածելակերպ չունեն, նրանք անմիջապես արձագանքեցին միայն առաջին մասին: Եվ առաջինը նախքան 2018-ի մայիսը դիջեյ աշխատող Նիկոլի ընկեր, վարչապետի աշխատակազմի նախկին ղեկավար Էդուարդ Աղաջանյանն էր, որն ԱԺ պատգամավորության ՔՊ-ական թեկնածուների ցուցակում է: Վերջինս իրեն իրավունք վերապահեց ՀՀ գիտակից քաղաքացիներին բնութագրելու որպես «ինտելեկտուալ ապուշներ», որոնց «ծնկի է բերել» եւ «միշտ է ծնկի բերելու» հայ ժողովուրդը: Կարծում եմ, որ իշխանափոխությունից հետո, ինչը վաղ թե ուշ կյանքի է կոչվելու, մենք ականատես կլինենք, թե ինչպես է ոչ ինտելեկտուալ այդ անձը ծնկի իջնելու նույն այդ ժողովրդի առջեւ:

Ինչպես արդեն հայտնի է, «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» դաշինքները դիմելու են Սահմանադրական դատարան՝ բողոքարկելով հունիսի 20-ի քվեարկության արդյունքները: Եվ միաժամանակ վերցնելու են մանդատները: Ինչպես ասվում է, դա թույլ կտա Նիկոլի իշխանության դեմ կռիվ տալ ինչպես փողոցում, այնպես էլ խորհրդարանում: Սակայն այդ դեպքում բաց է մնում Նիկոլի կողմից ստորագրվելիք՝ հասարակությունից գաղտնի պահվող համաձայնագիրը, որը, վերջինիս կարծիքով, 100 տոկոսանոց հայանպաստ համաձայնագիր է: Սակայն մեր երկրի գիտակից քաղաքացիների կարծիքով, որոնք արդեն վաղուց առաջնորդվում են վերջինիս ոչ թե խոսքերով, այլ գործերով, այդ համաձայնագիրը կարող է լինել իրականում 100 տոկոսանոց ադրբեջանանպաստ փաստաթուղթ: Այդ դեպքում ինչպե՞ս է խորհրդարանական փոքրաթիվ ընդդիմությունը խանգարելու դրա ստորագրմանը, հատկապես որ 2020 թվականի նոյեմբերի 9-ից սկսած՝ ոչ մի միջազգային փաստաթուղթ, որ ստորագրվում է Նիկոլի կողմից, չի վավերացվում Ազգային ժողովում եւ իրավական վերլուծության չի ենթարկվում Սահմանադրական դատարանում: Ի տարբերություն ներպետական օրենքների, որ իշխանափոխությունից հետո կենթարկվեն ռեւիզիայի, Նիկոլի ստորագրած միջազգային փաստաթղթերն այլեւս բեկանելի չեն լինի: Եվ հենց այդ փաստաթղթերով է շարունակելու իրականացվել մեր պետականության վերացման նիկոլական իշխանության ապազգային ծրագիրը: