Այս ամենը հետապնդում է մեկ նպատակ՝ վերջնականապես ստրկացնել դատական համակարգը

Այս ամենը հետապնդում է մեկ նպատակ՝ վերջնականապես ստրկացնել դատական համակարգը

Դատական համակարգի շուրջ տեւական ժամանակ ստեղծված իրավիճակը խաթարել է դատարանների բնականոն աշխատանքը։ Կարծես թե դատավորներն այլեւս իրավասու չեն սեփական որոշումներն ու վճիռները կայացնելու, իսկ տարիների  կրթությունն ու երկարամյա աշխատանքային փորձն առ ոչինչ են, եթե կայացրած որոշումներն օրվա իշխանությունների սրտով չեն։

Երեկ՝ հունվարի 7-ին, Երեւանի դատարանը՝ Դավիթ Արղամանյանի նախագահությամբ, բավարարեց Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին ԱԱԾ քննիչի միջնորդությունը: Բորիս Բախշիյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 348-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված արարք կատարելու մեջ, այն է՝ ակնհայտ ապօրինի կալանավորելը, որն առաջացրել է ծանր հետեւանքներ: Հայտնի է, որ գործով ամբաստանյալը հրաժարվել է դատական նիստին ներկայանալուց, դատավոր Բախշիյանն էլ նրան կալանավորելու մասին որոշում է կայացրել։ Ըստ վարույթն իրականացնող մարմնի՝ այդպիսով դատավոր Բախշիյանը չի ապահովել ամբաստանյալի լսվելու իրավունքը։ Եվ չնայած շուրջ մեկ շաբաթ է՝ հասարակության առաջադեմ հատվածը պայքարում է, որ այս խայտառակ հետապնդումը դադարեցվի, եւ դատավորը չկալանավորվի, սակայն ԲԴԽ-ն հնազանդորեն տվեց իր համաձայնությունը, իսկ միջնորդությունը լսող դատավորը բավարարեց այն, չնայած դատավորների մի մեծ զանգված՝ 100-ից ավելի անձ, հայտարարություն է արել, դրսեւորել իր բացասական վերաբերմունքը՝ ընդգծելով, որ սա անօրինական հետապնդում է։

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Բալայանը մեզ հետ զրույցում մեկնաբանեց դատական համակարգի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները․ «1999 թվականի փետրվարի 16-ից աշխատում եմ դատարաններում, անձամբ ծանոթ եմ եղել մինչ օրս կալանավորված բոլոր դատավորների հետ, նույնիսկ ընկերություն եմ արել նրանցից մի քանիսի հետ, դատավոր Բորիս Բախշիյանին չեմ ճանաչել ու նրան երբեւէ չեմ հանդիպել, սակայն երբեք դատավորի կալանավորմամբ այսպիսի ցավ չեմ ապրել․․․»։

Օրերս, ստեղծված իրավիճակով պայմանավորված, 93 դատավոր դիմել են վճռաբեկ դատարանի նախագահին՝ դատավորների ընդհանուր ժողովի արտահերթ նիստ հրավիրելու պահանջով։ Վճռաբեկ դատարանից փորձեցինք ճշտել՝ արդյո՞ք նշանակված է նիստի օրը։ Խոսնակ Ֆիլիպ Ղազարյանը հայտնեց․ «Ճիշտն ասած, այս պահին որեւէ ժողովի վերաբերյալ ոչինչ չկա»։
Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանն էլ մեզ հետ զրույցում խոսեց դատական համակարգի անկախության մասին․ «Դատական համակարգի անկախության վերաբերյալ բավական մտահոգություններ են հնչում, ինչը դեռեւս դատարանների շրջափակումից սկսած, պարբերաբար թարմացվել են, եւ ամեն մի նմանատիպ դրսեւորում, որը կապված է լինում այս կամ այն դատավորի գործունեության հետ կամ նրա հանդեպ որոշակի ճնշումների հետ, խնդիրը նորից գլուխ է բարձրացնում եւ դարձյալ առաջացնում է լուրջ մարտահրավերներ դատական համակարգի անկախության վերաբերյալ եւ ճնշման որոշակի մեխանիզնմեր այլ դատավորների համար, որպեսզի նրանք եւս վերանայեն իրենց գործողությունները՝ ապագայում կայացվելիք որոշումներում։
Իրականում այնպես չէ, որ դատական համակարգը եղել է լիակատար անկախ, կամ չեն եղել կոռուպցիոն դրսեւորումներ ու ռիսկեր, միշտ եղել են այդ խնդիրները, եւ դատական համակարգը լիովին անկախ չի կարողացել գործել, ուղղակի այսօր սպասելիքները՝ ավելի անկախ դատական համակարգ ունենալու վերաբերյալ, ավելի շատ էին, դրա համար արձագանքներն այսպիսին են»։

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանն էլ ընդգծում է, որ այս ամենը մի միտում ունի՝ պատժել բոլոր քաղաքական հակառակորդներին եւ այն դատավորներին, ովքեր չեն կատարում պատվերները․ «Այն, որ Բորիս Բախշիյանի կալանավորումն աղերս չունի իրավաբանության, իրավագիտության հետ, կարծում եմ՝ բոլորին հայտնի է, հայտնի է նաեւ նրանց, ովքեր չտեսնելու են տալիս այս ամեն ինչը կամ դեմքի լուրջ արտահայտությամբ խոսում են քրեական գործերի մասին։ Ես համոզված եմ՝ Հայաստանում չկա որեւէ անձնավորություն, որն իսկապես ենթադրի, որ սա քրեական գործ է։ Եթե այդպիսի հավատացողներ կան, ապա դրանք այն նույն մարդիկ են, որոնք 1937 թվականին հավատում էին, որ Չարենցն ու Բակունցը ժողովրդի թշնամիներն են։ Իսկ եթե դիտարկենք այսօրվա իշխանությունների վերաբերմունքն արդարադատության, դատական համակարգի հանդեպ, ապա հսկայական շղթա կարելի է կառուցել, սկսած 2018 թվականի «գաղտնազրույցներից», շարունակած «չկա այնպիսի դատավոր, որ ինձ չլսի», «դատարանների շրջափակում», համակարգիչների առգրավումը․․․ Սա մեր իրականությունն է, այս ամեն ինչի դեմ պայքարը չպիտի լինի միայն իրավական հարթությունում, հայտարարություններ, տարբեր տիպի դժգոհություններ՝ սրանք ոչինչ չեն նշանակում այսօրվա իշխանություն կոչվածի համար։ Պետք է քաղաքական պայքար, որը Հայաստանում բացակայում է։

Այս ամեն ինչը հետապնդում է մեկ նպատակ՝ վերջնականապես ստրկացնել դատական համակարգը, ինչպես ստրկացված են ԱԱԾ-ն, ոստիկանությունը, քննչական մարմինները, դատախազությունը»։