«Հրապարակ». Թուրքիան դարձյալ խոչընդոտում է  FLYONE Armenia-ի թռիչքներին

«Հրապարակ». Թուրքիան դարձյալ խոչընդոտում է  FLYONE Armenia-ի թռիչքներին

Թեեւ գործարար Խաչատուր Սուքիասյանը համարվում է հայ-թուրքական հարաբերությունների ամենամեծ ջատագովներից մեկը, նրա բիզնես հարաբերությունները Թուրքիայի իշխանությունների հետ, պարզվում է, այնքան էլ հարթ չեն ընթանում։

Պարբերաբար Թուրքիան, բառիս բուն իմաստով, փակում է FLYONE Armenia ընկերության օդերը։ Մայիսին այս երկիրը հրաժարվեց իր օդային տարածքը տրամադրել FLYONE Armenia-ին, եւ մինչեւ հունիսի 10-ը չեղարկվեցին չվերթները դեպի Փարիզ եւ Լիոն: Ընկերությունն էլ, բնականաբար, լուրջ վնասներ կրեց։

Հիմա էլ Լիբանանի ուղղությունն են փակել: FLYONE Armenia-ն մինչեւ հուլիսի 21-ը չեղարկել է դեպի Բեյրութ չվերթները: Ընկերությունը շտապել է հանգստացնել ուղեւորներին՝ հայտարարելով, որ նրանք կարող են փոխել թռիչքի ամսաթիվը, ամբողջությամբ հետ ստանալ գումարները: Հիշեցնենք․ ըստ մամուլում պտտվող տվյալների, FLYONE ARMENIA ընկերությունն ԱԺ պատգամավոր, գործարար Խաչատուր Սուքիասյանի ընտանիքի եւ մոլդովական Fly One ավիաընկերության համատեղ բիզնեսն է: 

Սուքիասյանի գրասենյակից, սակայն, հերքում են, որ FLYONE Armenia-ն նրա հետ առնչություն ունի։ «Պարոն Սուքիասյանը նույնիսկ բաժնեմաս չունի այդ ընկերության մեջ։ Այն կապ ունի միայն նրա փոքր եղբոր հետ։ Փոքր եղբայրներից մեկի բիզնեսն է։ Ինքն ընդհանրապես փայամաս չունի»,- հայտնեցին գրասենյակից։ Թե ինչու է Թուրքիան պարբերաբար խոչընդոտում Սուքիասյանի բիզնեսը, FLYONE Armenia-ից չեն պատասխանում։ 

Ընկերության խորհրդի նախագահ Արամ Անանյանի հետ կարճ զրույց ունեցանք։ Նա խորհուրդ տվեց բավարարվել տարածված հայտարարությամբ։ «Կարող եմ միայն ավելացնել, որ ավիացիոն գործունեության հետ կապված որեւէ պատճառ չենք տեսնում»։ 

- Մայիսին էլ էին խոչընդոտել ձեզ։ 

- Մենք արդեն վերսկսել ենք չվերթները Փարիզի ու Լիոնի ուղղությամբ։ 

- Սա Թուրքիայի կողմից հատուկ քաղաքականությո՞ւն է։ 

- Ես արդեն ասացի՝ ավիացիոն որեւէ պատճառ չեմ տեսնում overflight-ի հնարավորություն չտալու համար։ 

- Որեւէ բացատրություն տրվե՞լ է Թուրքիայի կողմից` այս արգելքի հետ կապված։ 

- Ոչ, այսքանի մեջ կարող եմ սահմանափակվել։ Մեզ թույլտվություն չեն տվել։ Սովորաբար դիմումը տալիս ես, կա՛մ պատասխանում են, կա՛մ չեն պատասխանում։ Մենք պատասխան չենք ստացել։ 

- Սա FLYONE Armenia-ի առաջին չվե՞րթն էր Բեյրութ։ 

- Ոչ, մի անգամ արդեն թռել ենք։ 

Ավիացիոն մասնագետ, «Հայկական ավիաուղիների» նախկին տնօրեն Շահեն Պետրոսյանը «Հրապարակի» հետ զրույցում պնդեց, որ Թուրքիան չի կարող քաղաքական պատճառներով խոչընդոտել հայկական ընկերությանը։ Նա հիշեցրեց, որ 1995 թվականին ինքն է ստորագրել պայմանագիրը երկու երկրների ավիացիոն գերատեսչությունների միջեւ։ «Այդ պայմանագիրը կա` դեռ 95 թվականից, եւ ըստ այդ պայմանագրի` իրենք չեն կարող մեր տարանցիկ չվերթներն արգելել։ Դա ICO-ի պահանջներից է»,- ասաց Շահեն Պետրոսյանը։ 

Այդ դեպքում ո՞րն է պատճառը։ «Ես կարծում եմ՝ փաստաթղթային խնդիր կա։ Սրանք առաջին չվերթներն են, երեւի թերի են եղել փաստաթղթերը»։ Այսինքն՝ քաղաքական ենթատեքստը, միտումը բացառո՞ւմ եք։ «Այո։ Նման բան չի կարող լինել, քաղաքական ենթատեքստը բացառում եմ։ Թուրքիան նման դեպքերում ոչինչ չի կարող անել»։ Շահեն Պետրոսյանին հարցրինք, թե արդյոք Թուրքիան կարո՞ղ է չասել պատճառը, չբացատրել։ «Այո, նրանք կարող են չբացատրել, քանի որ մենք չունենք դիվանագիտական հարաբերություններ»,- ասաց Պետրոսյանը։