Աննա Դանիբեկյանին պարզ չէ Ռոբերտ Քոչարյանի եւ Արմեն Գեւորգյանի կարգավիճակը

Աննա Դանիբեկյանին պարզ չէ Ռոբերտ Քոչարյանի եւ Արմեն Գեւորգյանի կարգավիճակը

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում, դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, շարունակվում է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի գործով դատական նիստը։
Այսօրվա նիստին ներկայացել են կողմերը, սակայն նիստն ընդմիջվեց, եւ ապակիներից այս կողմ հասկանալի չէր դրա պատճառը։

Գործով դատախազ Գեւորգ Բաղդասարյանը փոխանցեց, որ դատարանն արձանագրել է՝ նախորդ դատական նիստը հետաձգելու պատճառը շարունակվում է առկա լինել․

«Մասնավորապես, դատարանի համար պարզ չէ Ռոբերտ Քոչարյանի եւ Արմեն Գեւորգյանի կարգավիճակը, քանի որ նրանք «Հայաստան» դաշինքի ցուցակում են եղել եւ, հավանաբար, ԱԺ պատգամավոր կարող են դառնալ։ Դատարանին մտահոգում էր նրանց անձեռնմխելիության հարցը։ Պարզ էր, որ դատարանը գտնում է, որ նրանք ձեռք են բերում անձեռնմխելիություն, եւ նրանց քրեական հետապնդման ենթարկելու համար պետք է անձեռնմխելիություն հաղթահարվի։ Բայց Սահմանադրության կարգավորումները այլ ձեւակերպումներ ունեն, մասնավորապես՝ պատգամավորի անձեռնմխելիությունը սահմանող նորմը ունի հետեւյալ բովանդակությունը․ ԱԺ պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում չի կարող հարուցվել առանց ԱԺ համաձայնության, եւ չի կարող զրկվել ազատությունից առանց ԱԺ-ի։ Սա նշանակում է, որ երկու իրավիճակում անձեռնմխելիության հարց կարող է քննարկվել, մենք ազատությունից զրկելու հարց չենք քննարկում, որովհետեւ խափանման միջոցը ազատությունից զրկելու հետ կապված չէ, իսկ մնացած հարցերը վարույթի ավարտի հարցեր են»։

Դատախազի խոսքով՝ քրեական հետապնդում հարուցելու փուլը վաղուց ավարտված է․ «Մենք կարծում ենք, որ անձեռնմխելիության խնդիր չի առաջանա»։

Մեղադրող կողմը առարկել է դատարանի հայտարարության դեմ, որից հետո արձագանք չի եղել։ «Ընդմիջումով մյուս կողմին դատարանը հնարավորություն է տվել ընտրական գործընթացի վերաբերյալ որոշակի փաստաթղթեր ներկայացնել»։

Դատախազը չպատասխանեց հարցին, թե հնարավո՞ր է դատավորին ինքնաբացարկ հայտնեն։