Էրիկ Բեկնազարյան. Վիլյամի արկածները

Էրիկ Բեկնազարյան. Վիլյամի արկածները

Փռվել էր աթոռների շարքին, գրեթե պառկել։ Նրանից քիչ հեռու նստել էին երկու կին, զրուցում էին իրենց տան հոգսերից, հետո՝ ուրիշների կյանքից։ Նրանցից մեկն ամուսնուն էր սպասում, մյուսը՝ երեխային։ Նրանք երկուսն էլ ժամանակ առ ժամանակ նայում էին տղայի կողմը, նայում էին մի տեսակ քննադատական հայացքով։ Պատճառը, երեւի, նրա անտարբեր, հակասոցիալական կիսափռված վիճակն էր։ 

Տղան գունատ էր, հոգնած, մի քիչ տանջված, մի քիչ էլ՝ զզված։ Աչքերում հաճույքի այն փայլը կար, որը ստանում է մեկը երկար օրերի ցավից հետո, երբ գիտի, որ ուր որ է՝ այն պետք է անցնի։ 
Ատամնաբուժարան էր դա։

Նա զգում էր երկու կանանց դատող հայացքն իր վրա, բայց դա առանձնապես չէր հուզում նրան։ Մտածում էր, որ ինքը նույնքան իրավունք ուներ փռվել այդտեղ, որքան այդ կանայք իրավունք ունեին բարձր խոսել, ծիծաղել, բամբասել ու բողոքել՝ առանց խնայելու կողքինի ականջներն ու գլուխը։ 

Քիչ հետո բուժքույրը կանչեց նրան։ 
Ցավում էր մոտ տասը ատամ։

Պետք էր որոշել, թե որն է ամենաախտահարվածը։ Տարան ռենտգենի։ 
- Հանեք, էլի, թեկուզ սաղ ատամներս հանեք, մենակ թե պրծնեմ էս ցավից։
- Բայց Դուք ախտահարված ատամ չունեք, Վիլյամ,- ասաց բժիշկը՝ ակնոցներն ուղղելով, աչքերը կկոցելով ռենտգենի արդյունքների վրա։
- Ո՞նց, բա էս ցավը։
- Հը՜մմ, դժվար է ասել։ Երեւի բորբոքում է։ Նկարագրեք ցավը։ Սո՞ւր ցավ է, թե՞ բութ։ Լնդերն է՞լ են ցավում։
- Սպանում են ներքեւի բոլոր ատամները, ծնոտս, աչքս, գլխիս բոլոր բջիջները։
Բժիշկն ասաց, թե հնարավոր է աչքի ինչ-որ խնդիր կա, ու ցավն ատամներին է տվել։ Խորհուրդ տվեց գնալ մի քանի փողոց էն կողմ գտնվող բժշկական կենտրոն՝ աչքի հետազոտության։ Ատամի խնդիր նա չուներ, ուստի ոչինչ չէր կարող անել։
Վիլյամը դուրս եկավ ատամնաբուժարանից։ Նա հոգնել էր, ավելի ճիշտ՝ հյուծվել էր ցավից, բայց որոշեց գնալ աչքերը ստուգելու՝ վերջապես ազատվելու այդ ցավերից։ Այդտեղ սպասեց երեք ժամ` անընդհատ իր հերթը զիջելով տարեց կանանց ու տղամարդկանց, մինչեւ բուժքույրը, նկատելով հոգնածությունը, կանչեց նրան։

Բժիշկը՝ երիտասարդ մի տղա, մոտ քառասուն րոպե հետազոտում էր նրա աչքերը։
- Խնդրում եմ՝ նկարագրեք ցավը,- ասաց ակնաբույժը։
- Ցավում է, բժիշկ,- ասաց Վիլյամը հոգնած ձայնով՝ սպառված այն բանից, որ այդ օրն արդեն երկրորդ անգամ պետք է պատասխաներ նույն հարցին՝ հուսալով գեթ մի փոքր օգնություն ստանալ։- Վզից վերեւ ու մազից ներքեւ ամեն ինչ ցավում է։
- Դե, չգիտեմ,- ասաց բժիշկը,- ակնաբուժական խնդիր Դուք չունեք, խորհուրդ կտամ գնալ Երեւան՝ նյարդաբանի մոտ։ Էստեղ, դե գիտեք, լավ նյարդաբան չկա։
- Իբր մնացածը կար,- քթի տակ մրթմրթաց Վիլյամն ու դուրս եկավ։- Չէ, էստեղ արյուն է թափվելու,- ասաց նա մտքում։

Հիվանդանոցի բուֆետից մի հոթդոգ առավ, որը կերավ զզվելով, էնքան որ չմեռնի, ու իջնելով հիվանդանոցից՝ նստեց առաջին պատահած տաքսին՝ վարորդին խնդրելով տանել Երեւան։
Գնացին գազ լցնելու, ու վարորդը սկսեց խոսել, բայց շուտով լռեց՝ տեսնելով, որ տղան ոչ մի արձագանք չի տալիս իր խոսքերին։ Վիլյամը բացեց պատուհանը՝ ձեռքը պարզելով քամուն, հայացքը՝ անտառներին։ Առաջին պատահած տաքսին լավագույնը չէր՝ կարմիր ջորի էր, վարորդն էլ ամբողջ կյանքում Սեւանից էն կողմ չէր գնացել։ Երբ հասան Երեւան, մթնել էր արդեն։ Վիլյամը մի հոսթել գտավ, պառկեց ու էլ վեր չկացավ մինչեւ առավոտ, չհաշված այն, որ ժամը մեկ վեր էր կենում ծխելու, ու ընդհանրապես չքնեց։ Վաղ առավոտյան գնաց նյարդաբանի մոտ, որին խորհուրդ էր տվել ակնաբույժը։ Նկարեցին պարանոցն ու գլուխը։ Վիլյամը պատրաստ էր լսել ամեն ինչ՝ պատրաստ էր լսել, որ քաղցկեղ ունի, որ ինսուլտ է խփել, որ գլխին կաղնու ծառ է աճել, որ փոքրիկ այլմոլորակայիններն ականջով մտել են ներս, գրավել գլուխն ու գլխի մեջ երաժշտական դպրոց բացել՝ ոսկորներն ու մկանները ծառայեցնելով որպես դհոլ ու կիթառ։ Նա իրոք որ պատրաստ էր լսել ամեն ինչ, բացի այդ հարցից։ 

- Չէ, ոչինչ չկա Ձեզ մոտ։ Ասում եք՝ ոնց է ցավո՞ւմ, կարո՞ղ եք նկարագրել։
- Արդեն ես կասկածում եմ, որ գլուխս է ցավում։ Կասկածում եմ, որ գլուխ ունեմ ընդհանրապես, ենթադրում եմ, որ վզիս վրա ցավ կա, ու ցավի վրա փոքրիկ գլուխ է աճել։ Կարո՞ ղ եք կտրել գլուխս, լուրջ, բժիշկ, խնդրում եմ։ 

Բժիշկը լսեց նրան ու հանգիստ ասաց. 
- Եթե խնդիրը ֆիզիոլոգիական չէ, ուրեմն հոգեբանական է։ Մի լավ հոգեբան գիտեմ, այցելեք նրան։ 
Վիլյամն արդեն լքել էր բժշկի կաբինետը, թեպետ ականջի ծայրով հասցրեց լսել հոգեբանի անունը։ Մտավ պատահական սննդի կետ ու մի շաուրմա պատվիրեց, կծեց ու թքեց, հետո իրեն ստիպելով՝ մի քիչ կերավ ու ցավազրկող խմեց։ Կեսօրին նստած էր հոգեբանի սենյակում։ Դա մի տարեց մարդ էր, ով Վիլյամին ընդունեց մի քիչ մուննաթով՝ ասելով, թե՝ ի՞նչ ես ակնկալում ինձնից, որ խոսքո՞վ բուժեմ ցավդ։ Ապա խորհուրդ տվեց նրան հոգեբույժի մոտ գնալ։
Երկրորդ գիշերը հոսթելում, Երեւանում երկու տեղ գնալով՝ օրն արդեն մթնում էր։ Առավոտյան, ձանձրացած տեսքով նստել էր հոգեբույժի մոտ։ Նա պատմեց ողջ պատմությունը, ու հոգեբույժը լսեց նրան լուրջ դեմքով։ 
- Իսկ ե՞րբ է առաջանում ցավը։ 
- Արդեն միշտ,- ասաց Վիլյամը։ 
- Իսկ որտե՞ղ։ 
- Արդեն ամեն տեղ,- ասաց Վիլյամը։
- Իսկ ինչո՞վ եք սիրում զբաղվել,- հարցրեց նա։ 
- Այ, սա լավ հարց էր,- մտածեց Վիլյամը։- Սիրում եմ դաշնամուր նվագել, քայլել անտառում, օձ բռնել, ուտել, զրուցել հետաքրքիր մարդու հետ, բայց վաղուց նման բան չի եղել, ոչ մի նոր բան չեմ լսել վերջին մի երկու հարյուր տարում։
- Իսկ ինչո՞վ եք զբաղվում։ 
- Ինչով պատահի՝ հանուն փողի, իսկ վերջերս՝ ոչ մի բանով, որովհետեւ էս ցավերը...
- Կարծում եմ՝ Դուք պետք է հոգեւոր ուսուցչի մոտ գնաք,- ասաց հոգեբույժը։ Ձեզ դա է պետք։ Ես մի մարդ գիտեմ, որը Տիբեթից նոր է վերադարձել, ես նրան կզգուշացնեմ Ձեր մասին։ 
- Չէ, հաստատ արյուն է թափվելու,- շշնջաց Վիլյամը։ 
- Գնացեք անտառ, մի ծաղիկ ցանեք ու նայեք, թե ինչպես է ծաղկում այն, դրա մեջ է պայծառացման ուղին,- ասաց Տիբեթից եկած հոգեւոր ուսուցիչը։

Վիլյամը բռնեց իր ճակատից։ 
- Գիտեմ՝ հա, լուրջ եմ ասում, ճիշտ եք ասում, լուրջ, բայց ես չեմ ուզում պայծառանալ, ուղղակի ուզում եմ ազատվել էս անտեր ցավից։ 
- Ցավը ոչ այլ ինչ է, քան բացասական էներգիա, որը փորձում է դուրս գալ քո մարմնից։ Ի՞նչն է քեզ տանջում, Վիլյամ։ 
- Երազում եմ գնալ, էդ ծաղիկը ցանել-բան, բայց... ո՞նց ապրեմ։ Ո՞նց վաստակեմ, ինչպե՞ս չմտածեմ, թե վատնվում է կյանքս, ո՞նց անեմ, որ կյանքս չվատնվի, ո՞նց կենտրոնանամ դրա վրա, ու ընդհանրապես՝ էս ցավը ո՞նց թույլ կտա դա անել։ 
- Հը՜մմ, քեզ մոտ պառթկում է սպասվում, պայթյուն։ Լսիր ինձ ու գնա Հնդկաստան, քանի շուտ է, գնա գտիր Սադգուրուին ու ասա, որ ես եմ ուղարկել։

Վիլյամը թեպետ հոգնած էր, սակայն մտադիր չէր տուն վերադառնալ ու ցավի հետ մենակ մնալ։ Նա նստեց առաջին պատահած տաքսին ու պատվիրեց քշել Հնդկաստան։ Այն նույն կարմիր ջորին էր։ Երեւան գալով՝ այդ մարդը որոշել էր արդեն Երեւանում տաքսի քշել։ Նա քշեց ուղիղ դեպի Հնդկաստան, ու եթե կարմիր ջորին կարող էր Իջեւանից Երեւան հասնել, ապա Երեւանից էլ Հնդկաստան կարող էր հասնել։ Մի քանի շաբաթ հետո նրանք կարմիր ջորիով կանգնած էին Սադգուրուի Իշա կենտրոնի մոտ, ուղիղ Շիվայի արձանի տակ։ Վիլյամը գլուխ տվեց Սադգուրուին ու քիչ հետո մենակ մնաց նրա հետ։

- Գիտեմ, հա, գիտեմ ինչ եք ասելու, ես նայել եմ Ձեր վիդեոները,- նյարդայնորեն ասաց Վիլյամը,- խնդիրը հիշողությունն է, որ հիշում է անցյալը, ու խնդիրը երեւակայությունն է, որ պատկերացնում է ապագան չեղած գույներով։ Ինչ էլ Ձեզ հարցնեն, Դուք էդ եք ասում։ Դե զարմացրեք ինձ,- ասաց Վիլյամն ու էլի մի կես ժամ բորբոքված խոսեց։ Ցավերին ու դրանցից բխող նյարդայնությանը գումարվել էր նաեւ շաբաթներով ջորիում նստած, այն էլ՝ կարմիր, ճամփորդելուց առաջացած ջղագրգռությունը։

Սադգուրուն լսում էր նրան հանգիստ, երբեմն քթի տակ ծիծաղելով։ Ապա թղթի վրա մի բան գրեց ու փոխանցեց տղային։ Վիլյամը նայեց թղթին՝ այնտեղ միայն ինչ-որ թվեր էին գրված, ապա նայեց իմաստունին, որ նստած էր անխռով տեսքով։
 - Ի՞նչ է սա,- ասաց Վիլյամը։ 
Ոչ մի պատասխան, իմաստունը նայում էր նրան խորհրդավոր հայացքով ու լռում։ 
- Ի՞նչ է սա։ Լավ, ներիր ինձ, ով իմաստունդ բոլոր ողջերից։ Ասա ինձ, ի՞նչ է սա, սրբագույն մի մանտրա՞, որը պետք է կրկնեմ օրը հինգ ժամ, ի՞նչ է սա, դրախտի կոորդինատնե՞րն են, ի՞նչ թվեր են, հը՞։
- Սա Դինուլի համարն է,- ի վերջո խոսեց իմաստունը,- ցիրկի մոտ է կանգնում։ Գնա, ցրվիր մի քիչ, ջահել տղա ես, ի՞նչ ես ընկել էդ էքզիստենցիալ քաքերի հետեւից։ Ու մի մտածիր էդքան։ Շատ մտածես՝ էլ չի կանգնի։
Վիլյամը մի քանի վայրկյան՝ հիասթափված, անխոս նրան էր նայում։
 - Իրոք որ իմաստուն ես դու, մարմնավաճառությունն ամենահին արվեստն է, բայց մեզ մոտ չկան դրան տիրապետողներ։ Պոռնիկներ են լոկ, ու դրանց բերանից մենակ փսխանք է թափվում՝ դրանց բառերը...
- Իսկ դու ուրիշ մեկին գտիր,- ասաց իմաստունը,- երբեք չես իմանա, թե ում ոտքերի արանքում է թաքնված դրախտը։

Վիլյամի ձեռքերն անուժ կախվեցին։ Նա փակեց աչքերը՝ երազելով հեշտավետ մի մահվան մասին։ 
- Լավ, կատակը մի կողմ,- ասաց Սադգուրուն՝ ըստ երեւույթին, կարեկցելով տղային,- լսիր, կա մի իմաստուն՝ Հնդկաստանի թաքնված կուսական անտառներից մեկում, ու նա արդեն հինգ հարյուր հիսուն տարեկան է։ Թե հոգնել ես ու զարմանալ ես ուզում, թե ինձ այլեւս չես հավատում, թե իմ խոսքերն արդեն կորցրել են իրենց ուժը քեզ համար, գնա նրա մոտ, գնա, տղա։ Ես չեմ կարող քեզ օգնել, քանի որ դու այլեւս չես հավատում ինձ։

Վիլյամը հազիվ հաջորդելով իր քայլերը՝ դուրս եկավ Սադգուրուի ընդունարանից։ Նա սպասում էր տեսնել կարմիր ջորին, բայց այն չկար։ Այդ մարդը թողել էր իրեն եւ սկսել էր արդեն Հնդկաստանում տաքսի քշել։ Վիլյամը նստեց առաջին պատահած փիղն ու գնաց այն ճամփով, որով ուղղորդել էր նրան Սադգուրուն։ Ճանապարհին իջավ ու նայեց մի կովի։ Նա սիրում էր կովերին ու անկեղծորեն ուրախ էր, որ այդտեղ նրանց չեն մորթում։ Մութը գտավ նրանց մի անտառում։ Նա փղին կապեց մի ծառից ու պառկեց։ Գիշերն անտանելի էր, որովհետեւ ցուրտ էր ու քամոտ։ Վախենում էր, որ ամեն պահի բենգալյան մի վագր դուրս կգա խոտերի միջից ու կտա իր վերջը։ Հինգ օր հետո միայն նրանք հասան կուսական անտառը։ Այդ վայրն իրոք որ կուսական էր թվում։ Մարդու ոտքն ասես երբեք չէր դիպել այդտեղ եւ ոչ մի խոտի։ Բայց չկար իմաստունը։ Իմաստունը չորացել էր ու կպել պատին։ 
- Այո, նա արդեն ծեր է,- լսվեց մի ձայն, ու երեւաց մի մարդ, որը եւս բավական ծեր էր։- Սակայն նա փոխանցել է ինձ իր ողջ իմաստնությունը, էնպես որ՝ լսում եմ,- շարունակեց նա։- Ես երեք հարյուր տարեկան եմ ու քիչ բան չեմ տեսել, ես չեմ պատկերացնում, որ հազիվ քսան տարեկան մի տղա կարող է էնպիսի բան ասել, որի պատասխանը ես չիմանամ։ Դե, լսում եմ քեզ, տղա։ 
- Իսկ դու գիտե՞ս ինչի համար եմ եկել,- հարցրեց Վիլյամը,- նկարագրե՞մ ցավը, նկարագրե՞մ անելանելությունը, նկարագրե՞մ էն աբսուրդ տառապանքը, որը կենդանի սպանել է ինձ, նկարագրե՞մ էն անիմաստությունը, որը ծածկել է ամեն ինչ։ 
- Ոչ, ես դա գիտեմ, ու...
- Լսի՛ր, իմաստուն, չփորձես ասել, թե գնամ ու փորձեմ չմտածել կապիկի մասին, կամ թե կարեւորը ճանապարհն էր, ոչ թե վերջնարդյունքը, եւ որ այդքան ճանապարհն արդեն ինձ դաս էր։ Էդ ամենի հետ համաձայն եմ, բայց կոխեմ էդ ամենը, ինձ կոնկրետ պատասխաններ տուր, այստեղ եւ հիմա, ինչպես դուք եք սիրում ասել։ 
- Չէ, դու շատ ես խճճվել,- ասաց երեք հարյուրամյա իմաստունը։ Կարող եմ առաջարկել, որ մնաս ու ապրես ինձ հետ, ու ես կփոխանցեմ քեզ իմ ողջ իմաստնությունը, ու դու կդառնաս ուսուցիչ եւ կապրես մի քանի հարյուր տարի։ 
- Չէ, դու շատ ջահել ես ինձ համար։ Քո պես իմաստուն ուսուցիչները լիքն են մեզ մոտ, ու ես ստիպված եմ, հարգանքից դրդված, լսել նրանց ճառերը, որ վեցերորդ դասարանից էն կողմ ուղեղը սկսել է թարս աճել, բայց՝ չէ, ես էլի չեմ անցնի դրա միջով...
- Ի՞նչ ես փնտրում, տղա, չգիտեմ։ Բայց պատասխանը մեկն է ու բոլորի համար է։ Չե՞ս վստահում։ Ոչինչ։ Ուրեմն լսիր ուշադիր ու նայիր ուշադիր։ Այն լեռան վրա մի անձավ կա։ Այնտեղ ապրում է Բուդդան։ Այո, Բուդդան ողջ է, ու նա չի մեռնի։ Գնա նրա մոտ, ու նա կպարզի քո գլխի խճճվածքները։ 

Վիլյամը բացեց բերանը՝ մի թունդ խոսք ասելու, բայց զսպեց իրեն ու արագ դուրս եկավ։ 
- Էստեղ հաստատ արյուն է թափվելու,- շշնջաց նա։
Յոթ գիշեր նա թափառեց լեռան վրա՝ փնտրելով անձավը։ Քայլեց անձրեւի ու արեւի միջով, մինչեւ ոսկորները սողոսկող սառցաքամու ու հեղձուկ օդի միջով։ Ի վերջո գտավ։ Ներս մտնելով այնտեղ՝ մի տաճար գտավ։ Տաճարի ներսում՝ Բուդդան, նստած էր լոտուսի դիրքով, նստած էր խաղաղ ու անվրդով, ինչպես որ պատկերված է ամեն տեղ։
Վիլյամը խոնարհվեց նրա առաջ։
- Բուդդա, օ՜, մեծագույնդ բոլոր իմաստուններից, երկինքը գիտի, թե ի՜նչ հարգանքով եմ վերաբերվում քեզ։ Ես քո արձանիկն ունեմ իմ տանը ու միշտ հարգանքով եմ անցել նրա կողքով։ Բուդդա, օ՜, մեծագույնդ բոլոր իմաստուններից, դու ողջ ես, ու դա արդեն իսկ հրաշք է։ Ես կարիք ունեմ օգնության ու ես երկար, շատ երկար ճանապարհ եմ անցել։ Հանդիպել եմ ամեն տեսակ մարդու, Բուդդա, օ՜, մեծագույնդ բոլոր իմաստուններից, ես հոգնել եմ ու ասում եմ հիմա՝ զարմացրու ինձ, ասա ինձ այնպիսի մի բան, որը ես չեմ լսել։ Ու եթե դու հին երգեր երգես, այն, ինչ լսել եմ հազար անգամ, երդվում եմ այն ծառերով, որոնց շվաքն ինձ երբեւէ խաղաղ քուն է բերել, երդվում եմ, այս դաշույնը կխոցի քո սիրտը,- ասաց Վիլյամը՝ պատյանից հանելով մի երկար դանակ, որը վերցրել էր Հնդկաստանում՝ պաշտպանվելու անտառների ու լեռների վտանգավոր արարածներից։ 

Բուդդան նայեց նրան ու լռեց մի քանի րոպե, ապա բացեց բերանն ու խոսեց երկար։ Վիլյամն արդեն չէր լսում, Բուդդայի խոսքերից նա միայն մի քանի բառ կարողացավ տարբերակել. դրանք էին՝ մեդիտացիա, նիրվանա ու այլ բաներ էդ ժանրից։
- Իմաստուն ես դու, Բուդդա, ու ես խոնարհվում եմ քո իմաստնության առաջ։ Բայց դու կմեռնես։ 
Այդ ասելով՝ Վիլյամը հարձակվեց նրա վրա ու դաշույնը խրեց սիրտը։ Ապա դուրս եկավ տաճարի առաջ ու գոռաց ողջ լեռով մեկ.
- Ու թող բոլորն իմանան, որ Վիլյամն Իջեւանից եկել ու սպանել է Բուդդային։ 
Լեռն իջնելն ավելի հեշտ չէր, քան բարձրանալը։ Սակայն Վիլյամի ուժերը վերադարձել էին, քանի որ հիմա նա գիտեր, թե ուր է գնում, գիտեր, որ շուտով կավարտվի ամենը։ 
Օրեր հետո նա քաղաքում հայտնվեց՝ Կոիմբատուրում։ Նա իրեն նետեց առաջին պատահած խանութը, որտեղ ամեն տեսակ բաներ էին ծախում։
- Ինձ մի պիրկ պարան ու երկնուղեշ փայտեր երկու,- գոռաց Վիլյամը խանութով մեկ։ Ոչ ոք չարձագանքեց։ Միայն այն բանից հետո, երբ Վիլյամը կրկնեց նույն բանը՝ միաժամանակ ջարդելով նաեւ խանութի իրերը, միջին տարիքի մի տղամարդ արձագանքեց՝ ցույց տալով, թե գնում է բերելու նրա ուզածը։ 

Տղամարդը գլխով արեց՝ ցույց տալով, թե հասկացավ նրան։ Բայց երբ մի քանի րոպե հետո վերադարձավ, նրա ձեռքին ոչ թե պարան էր, այլ՝ հայելի։
- Պարան, ես ասում եմ՝ պարան, հոպա՛ր,- կատաղեց Վիլյամը,- պարա՜ն,- գոռում էր նա նորից։
- Հայելի,- կրկնեց հիսնամյա տղամարդը։
- Ոչ, հիմար մարդ, պարան։ Ես սպանել եմ Բուդդային ու երդվում եմ էն լուսնով, որի տակ թափառել եմ անքուն գիշերներին, քեզ էլ կսպանեմ։
- Հայելի,- հանգիստ կրկնեց տղամարդը։
- Հեյ, ես փրկություն եմ փնտրել ամեն տեղ ու ամենքից, ու հիմա ինձ միայն պարան է պետք,- Վիլյամը նայում էր այդ միամիտ մարդուն ու հայելուն, որ նա պահել էր իր ձեռքում։- Խեղճ տղա, դու փրկություն ես փնտրել ամեն տեղ ու ամենքից, բացի նրանից, ումից պետք էր,- ասաց Վիլյամն ինքն իրեն, բայց արդեն մարած ձայնով։- Գուցե իզուր եմ, հա՞, պատասխաններ փնտրում, ասա,- հարցրեց Վիլյամը վաճառողին։
Ի պատասխան՝ նա միայն ասաց․
- Հայելի։
- Իրոք որ։ Չէ՞ որ պատասխանները կփոխվեն ու կձեւափոխվեն, եւ ինչո՞ւ եմ ես այն ուրիշների հայելում փնտրում։
- Հայելի,- ասաց տղամարդը։
- Ինչո՞ւ եմ իմ պատասխանները ես ուրիշների հայելում փնտրում, հը՞։ Եվ հարցերը, ճիշտ հարցերն ավելի կարեւոր են, նրանք են միակ հաստատունը, իսկ պատասխաններն արտաբերվելու կարիք անգամ չեն ունենա։ Այո, բայց սխալ հարցերն էլ կարող են կործանել։ Ճիշտ է, չէ՞։ Ուրեմն պետք է համարձակվել նայել հայելու մեջ, իսկ հետո՝ դուրս։
- Հայելի,- կրկնեց տղամարդը։
- Տուր, տուր,- ասաց Վիլյամը։ 

Մի քանի րոպե Վիլյամն անթարթ նայեց այս պատահական, նորահայտ իմաստունին ու դուրս եկավ խանութից։

Նա պատրաստվում էր քնել երկար, իսկ հետո մի լավ հաց ուտել։ Կամ հակառակը։

«Մշակութային Հրապարակ» ամսաթերթ