Ինչ է լինելու ատեստավորման դրական շեմը չհաղթահարած ուսուցիչների ճակատագիրը

Ինչ է լինելու ատեստավորման դրական շեմը չհաղթահարած ուսուցիչների ճակատագիրը

Անցյալ շաբաթ անցկացվեց կամավոր ատեստավորման գործընթաց բարձրագույն կրթություն չունեցող այն ուսուցիչների համար, ովքեր սեպտեմբերին անցկացված ատեստավորման ժամանակ բավարար արդյունքներ չէին ապահովել: Արտահերթ կամավոր ատեստավորմանը մասնակցելու համար գրանցվել էր 323 ուսուցիչ՝ 21 առարկայից, որոնցից 272-ը մասնակցել է ատեստավորմանը: Ըստ նախնական տվյալների՝ նրանցից 7-ն ապահովել է 90-100 տոկոս, 18-ը՝ 80-89, 16-ը՝ 70-79, 32-ը՝ 60-69, 65-ը՝ 50-59 եւ 134-ը՝ մինչեւ 50 տոկոս արդյունք:

ԿԳՄՍՆ Հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանից հետաքրքրվեցինք, թե ինչ է լինելու այն ուսուցիչների ճակատագիրը, որոնք բավարար արդյունք չեն ապահովել։ ԿԳՄՍՆ պաշտոնյան նշեց, որ սրանք դեռեւս նախնական արդյունքներն են, քանի որ այս պահին առկա է նաեւ բողոքարկման գործընթաց, որի արդյունքում նոր լինելու են վերջնական արդյունքները։ «Բողոքարկման հանձնաժողովները երբ այդ բոլոր հարցերը դիտարկեն, եւ մենք վերջնական պատկեր ունենանք, նոր դրա հիման վրա, պատկերը վերլուծելու արդյունքում կկարողանանք հետագա քայլերի վերաբերյալ որոշումներ կայացնել»,- նշեց Թ․ Սարգսյանն ու հավելեց, որ չի կարող ասել, թե բողոքարկման քանի հայտ է ստացվել, որովհետեւ բողոքարկման հայտերն ուղարկվում են գնահատման եւ թեստավորման կենտրոն։
Ինչպե՞ս է գնահատում կամավոր ատեստավորման նախնական արդյունքները։ Հանրակրթության վարչության պետը նկատեց, որ սովորաբար ավելի բարձր են լինում կամավոր ատեստավորման ցուցանիշները․ «Մենք ավելի բարձր արդյունքներ էինք ակնկալում, բայց, էլի եմ ասում՝ երբ վերջնական ամփոփենք, նոր կկարողանանք կարծիք հայտնել, որովհետեւ մենք ունեցել ենք նույն բարդության թեստեր, ինչը միշտ ենք ունեցել, եւ պատկերը բավական թույլ է, այսինքն՝ ցածր միավորներ ստացածները մեր սպասածից ավելի շատ են, բողոքարկումից հետո մի քիչ վերլուծություն կանենք եւ կփորձենք հասկանալ, թե ավելի շատ որ առարկաների մասով է խնդիրը եղել, ինչ օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներ կան այդտեղ»։

60 տոկոս եւ բարձր միավոր հավաքած ուսուցիչները համարվելու են ատեստավորման դրական շեմը հաղթահարած, բայց նրանք ավտոմատ կերպով չեն կարող վերականգնվել իրենց աշխատավայրում, քանի որ «աշխատանքից ազատվելուց հետո իրենց զբաղեցրած պաշտոնները թափուր էին մնացել, պետք է մրցույթներ հայտարարվեն, եւ այդ մրցույթներին մասնակցելու միջոցով իրենք կկարողանան վերադառնալ աշխատանքի։ Մենք նաեւ դպրոցներին համապատասխան գրությամբ տեղեկացրել ենք, որ այդ մրցույթներում՝ հավասար արդյունքներ գրանցելու դեպքում, նախապատվությունը տան այն ուսուցչին, որն աշխատել է նախկինում այդ տեղում»,- ասում է Թ․ Սարգսյանն ու նկատում, որ 60 տոկոսից ցածր միավոր ստացածները չեն կարող մասնակցել այդ մրցույթներին, քանի որ ուսուցչի որակավորման պահանջները չեն բավարարում՝ համաձայն «Հանրակրթության մասին» օրենքի։

ԿԳՄՍՆ փոխնախարար Արաքսիա Սվաջյանը տեղեկացրել էր, որ այժմ շրջանառվում է միջին մասնագիտական կրթություն ունեցող ուսուցիչների մասնագիտական զարգացման ծրագիր, որի բաղադրիչներից մեկը պետության աջակցությամբ վերջիններիս համար բարձրագույն կրթություն ստանալու հնարավորության ապահովումն է: Թե ինչ պետական աջակցության մասին է խոսքը, Թ․ Սարգսյանը նշեց, որ այն դեռ շրջանառության փուլում է։ «Որոշակի տեղեկատվություն հավաքագրվել է, այն իմաստով, թե քանի մարդ կա, ինչ մասնագիտություններով, որ մարզերում են, որոշակի պատկերացում կա, թե դա ինչ ֆինանսավորման հետ կարող է կապված լինել, եւ ընթացակարգային որոշ հարցեր պետք է հստակեցնել, օրինակ՝ մարդիկ 1-ին կուրսի՞ց պետք է ընդունվեն կամ եթե տարբեր հաստատություններում կրթություն են ստացել, գուցե դա հնարավորություն տա 2-րդ կամ 3-րդ կուրսից շարունակել ուսումը։ Այսինքն՝ այսպիսի դեպքեր ուսումնասիրելու հարցեր կան։ Երբ կառավարության աջակցության այս որոշումն ունենանք, դրանից հետո տարբեր խմբերի համար տարբեր առաջարկներով հանդես կգանք, այսինքն՝ մենք իրենց համար ստեղծելու ենք պայմաններ, որ իրենք կարողանան բարձրագույն կրթություն ստանալ, հետեւաբար՝ խոսքն ավելի շատ ընդունելության գործընթացի կազմակերպման ու ֆինանսական աջակցության մասին է»,- եզրափակեց ԿԳՄՍՆ պաշտոնյան։