Հայ Առաքելական եկեղեցին երբե՛ք շոուներով հանդես չի եկել, մեր աղոթքները միշտ եղել են անկեղծ
Գաղտնիք չէ, որ Նիկոլ Փաշինյանն ու իր իշխանությունն առանձնահատուկ բացասական վերաբերմունք ունեն Հայ Առաքելական եկեղեցու նկատմամբ և ամեն հարմար առիթ օգտագործում են եկեղեցուն թիրախ դարձնելու համար: Ապրիլի 11-ին վարչապետ Փաշինյանն ԱԺ ամբիոնից հայտարարեց. «Ասում են՝ Տավուշում ձեզ սպասում են։ Ես Ոսկեպար և Կիրանց գյուղերում վարչապետ լինելուց հետո մի քանի անգամ եմ եղել և պաշտոնապես, և ոչ պաշտոնապես։ Էդ, որ որոշ հոգևորականներ կան, հիշել են, որ էնտեղ եկեղեցի կա, շոու-պատարագներ են անում, քանի՞ անգամ են էս ընթացքում էդ եկեղեցու մասին հիշել ու քանի անգամ են էնտեղ պատարագ արել։ Սա ստենդ ապ ա՞, ես չեմ հասկանում»,- ասաց վարչապետը։ Այս հայտարարությունը հանրության շրջանում մեծ աղմուկ է բարձրացրել, քանի որ սահմանամերձ Ոսկեպարի սբ. Աստվածածին եկեղեցին մշտապես եղել ու շարունակում է մնալ տավուշցիների համար ամենակարևոր վանքերից մեկը, որը մշտապես եղել է ակտիվ՝ պատարագների ու տարբեր արարողությունների առումով: Թե ինչու է վարչապետը տավուշցի լինելով իրականությունը խեղաթյուրում և հերթական անգամ փորձում մրոտել Առաքելական եկեղեցին, թեմայի մասին «Հրապարակը» զրուցել է Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հետ.
«Եկեղեցին երբեք շոուով չի զբաղվել: Աղոթքը եթե նրա համար շոու է, ուրեմն՝ ըստ այդ միտքն արտահայտողի՝ խոսքերն ավելորդ են: Մենք անում ենք այն, ինչ 7-րդ դարից մեր հայրերն են արել: Մենք բռնել ենք մեր նախնիների ձեռքը ու շարունակել մեր աղոթքը: Երկար ու ձիգ տարիներ առաջ, երբ մեր Զինված ուժերը, գնդերը, այստեղ-այնտեղ ծառայում էին, զինվորները ոչ միայն Ոսկեպարի սբ. Աստվածածինում աղոթում, այլև ուխտում էին, այն մշտապես մեր աղոթքների ներքո է եղել, իսկ արդեն վերջին շրջանում այն Տավուշի թեմի հոգածությանն է անցել: Այնպես որ՝ Հայ Առաքելական եկեղեցին երբե՛ք շոուներով հանդես չի եկել, մեր աղոթքները միշտ եղել են անկեղծ», - ասում է նա: Ինչո՞ւ Առաքելական եկեղեցին 2018-ից հայտնվեց հեղափոխական իշխանության թիրախում.
«Ոչինչ հավերժ չէ: Մի օր մի իշխանություն մի բան է անում, հետո մեկ այլ իշխանություն լրիվ այլ բան: Ամեն մեկի ասածով չենք կարող եկեղեցու առաքելությունն այս ու այն կողմ տանել: Առաքելական եկեղեցին 1700 տարվա պատմություն ունի, ունի իր կարգն ու կանոնը, մենք մշտապես մեր առաքելության մեջ ենք: Սահմանին գտնվող եկեղեցիները միայն ու միայն ապացուցում են, որ այդ տարածքները հայկական են: Ի դեպ, եկեղեցին միշտ էլ խաղաղություն է քարոզել, առանց ուրիշի ունեցածի վրա աչք դնելու, սակայն այն ինչ մերն է, մերն է: Մեր գաղափարը սա է ու սա է եղել 1700 տարի: Երբ ես բանակի հոգևոր առաջնորդն էի, 2001 թվականին էլ Իջևանում ծառայելու հնարավորություն ունեցա, մշտապես եղել եմ Ոսկեպարի սբ. Աստվածածին եկեղեցում: Այնտեղ մշտապես կատարվել են տարբեր արարողություններ, հնչել են աղոթքներ»:
Կարծիքներ