Ո՞ւմ պահանջով է Ջհանգիրյանը հրաժարական տալու

Ո՞ւմ պահանջով է Ջհանգիրյանը հրաժարական տալու

ԲԴԽ անդամ Դավիթ Խաչատուրյանն այսօր Ազգային ժողովում հայտարարեց, որ Գագիկ Ջհանգիրյանին այս պահին վիրահատում են կամ պետք է վիրահատեն, քանի որ առողջական խնդիրներ ունի։ Դրանցի հետո լուրեր տարածվեցին, թե վիրահատությունն, իրականում, Ջհանգիրյանի համար պատրվակ է, որ նա «առողջական խնդիրներից ելնելով»՝ հրաժարական ներկայացնի։

ԲԴԽ մամուլի հարցերով պատասխանատու Լիլիթ Շաբոյանը Hraparak.am-ի հետ զրույցում ասաց, որ Ջհանգիրյանի՝ հրաժարական ներկայացնելու վերաբերյալ լուրերը որևէ կերպ չի մեկնաբանում։ Ինչը եւս խոսում է այն մասին, որ հարցը օրակարգում է։

Ինչ վերաբերում է նրան, թե որ հիվանդանոցում է գտնվում Գագիկ Ջհանգիրյանը, արդյոք վիրահատե՞լ են նրան, թե՞ ոչ, Շաբոյանն ասաց․ «Մանրամասն տվյալներ փոխանցել չեմ կարող, կարող եմ նշել, որ երևանյան հիվանդանոցներից մեկում է գտնվում պարոն Ջհանգիրյանը՝ հետռազոտման, բուժման փուլում է։ Վիրահատվել է, թե ոչ՝ այս պահին տեղեկություն չունեմ, քանի որ բժիշկները պետք է որոշեն, թե, ըստ անհրաժեշոտության վիրատատության կենթարկվի՞ և ե՞րբ կենթարկվի»։

Նշենք, որ վերջին օրերին ամենից շատ քննարկվող իրադարձությունը ԲԴԽ արդեն նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի եւ Գագիկ Ջհանգիրյանի մեկ տարվա վաղեմության խոսակցության ձայնագրության հրապարակումն էր, որտեղ Ջհանգիրյանը անընդունելի լեքսիկոնով էր արտահայտվում՝ համոզելով, որ Վարդազարյանը հրաժարական ներկայացնի և խոստովանում էր, որ դա «իր վզին դրած է»։

Դրանից հետո հանրային աղմուկ բարձրացավ, մարդիկ հասկացան, թե ինչ մեթոդներով են գործերը կարվում եւ ինչ ճնշումների միջոցով են անցանկալի մարդկանց ազատում պաշտոններից։ Պարզ է, որ իշխանությունը որեւէ կերպ պետք է արձագանքեր այդ ձայնագրությանը, սակայն դատելով լռությունից՝ կարող էին նաեւ անտեսել եւ սպասել, որ աղմուկը կմարի՝ եթե քաղհասարակության սորոսական ներկայացուցիչները աղմուկ չբարձրացնեին՝ պահանջելով Ջհանգիրյանի հրաժարականը։ ԲԴԽ-ում այս հարցը քննարկել են և, լսելով Ջհանգիրյանի «պարզաբանումները», թողել են այն առանց իրավական հետևանքների։ Սակայն քանի որ սորոսականներն այս իշխանության փայատերերից են, հասել են նրան, որ Ջհանգիրյանին հեռացնեն։

Այսինքն, եթե վաղը Ջհանգիրյանը որոշի «առողջական խնդիրներով պայմանավորված»՝ հրաժարական ներկայացնել, ապա դա կլինի ոչ թե ընդդիմության, ոչ թե իրավաբանական հանրույթի կամ լայն հասարակության ճնշման ներքո, այլ բացառապես սորոսականների պահանջով։