Իշխանություն և առաջնորդություն

Իշխանություն և առաջնորդություն

Այս հոդվածը պետք է տպագրվեր «Հրապարակի» ապրիլի 17-ի համարում, քանի որ դա Խորհրդային Հայաստանի վերջին ղեկավարի` Կարեն Դեմիրճյանի ծննդյան օրն է, եւ հոդվածն էլ Կարեն Սերոբիչի մասին հուշեր են` պատմված խորհրդային տարիներին իր հետ աշխատած անձանց կողմից: 1960-ականներին Լյուդվիգ Ղարիբջանյանը եղել է Երեւանի քաղկոմի առաջին քարտուղարը, երբ Կարեն  Սերոբիչը պաշտոնավարել է որպես քաղկոմի երրորդ, ապա երկրորդ քարտուղար: Հովհաննես Հովհաննիսյանը 1970-80-ականներին աշխատել է ՀԿԿ Կենտկոմոմ, երբ Դեմիրճյանը  ղեկավարել է Հայաստանի կոմկուսը եւ հանրապետությունը: Վյաչեսլավ Հարությունյանը 1980-ականների վերջին եղել է ՀԽՍՀ ՊԱԿ-ի նախագահի առաջին տեղակալը, 90-ականներին ղեկավարել է ՀՀ կառավարության իրավապահ, ռազմական եւ անվտանգության համակարգերը վերահսկող 10-րդ վարչությունը, 2000-ականներին եղել է ՀՀ ԱԻՆ-ի առաջին նախարարը:

Իհարկե, հուշերը, որ հիմա տպագրում ենք, ինձ նոր չեն պատմել: Պատմել են շուրջ երկու տասնամյակ առաջ, եւ այլ հուշերի հետ, 2002-ին, «Հիշողություններ, որ տոն են» վերտառությամբ ես դրանք տպագրել եմ «Առավոտում»: Այդ հուշերից մեկը` կապված Մեծամորի ատոմակայանում առաջացած նախավթարային իրավիճակի հետ, վերջերս հիշել էի, կորոնավիրուսի ստեղծած աննախադեպ իրավիճակի եւ օրվա իշխանության ոչ ադեկվատ շառլատանությունների խորքին: Մեծամորի ատոմակայանի միջադեպում Դեմիրճյանի պահվածքը հրաշալի օրինակ է այն բանի, թե ինչ են նշանակում մարդկային ինքնատիրապետում, առաջնորդություն եւ պատասխանատվություն` կատարյալ հակապատկերն այն բանի, ինչ այսօր է տիրում Հայաստանում:

Արդյունքում մտածեցի, որ ապրիլի 17-ին կարելի է 2002-ին տպագրված հուշերից մի քանիսն այսօր վերատպել: 

Բայց խնդիր ծագեց նախաբան գրելիս, որովհետեւ նախաբանն ինչպես էլ գրեի, ստացվում էր ներկա իշխանության սնանկությունը ցույց տալ ու քննադատել: Իհարկե, ինքս ոչ մի խնդիր չունեմ ներկա իշխանություն կոչվածին քննադատելու հարցում, ինչպես խնդիր չեմ ունեցել նախորդ կամ դրա նախորդ իշխանությանը քննադատելու: Ի վերջո ինձ համար կատարելապես մերժելի են Քոչարյանն էլ, Սարգսյանն էլ, Փաշինյանն էլ, բայց ընդունելի չէր Դեմիրճյանի անունն օգտագործել ուղղակի կամ լռելյայն վերջիններիս համեմատության մեջ դնելու եւ հարվածելու համար: 
Այնքան տատանվեցի ու տարբերակ չգտա, թե առանց ակնարկի ու ենթատեքստի ինչպես հուշերից հատվածները մատուցել, որ ի վերջո մտածեցի՝ գուցե ոչինչ էլ չտպագրենք:  Այդպես էլ ապրիլի 17-ի համար նյութը չուղարկեցի խմբագրություն: Բայց հետո, մանավանդ Փաշինյանի ուրբաթ երեկոյան հեռուստատեսային շառլատանությունից հետո, մտածեցի, որ ոչ` ինչո՞ւ հուշերը չտպագրել, որ ներկա ապիկարները մտածեն, թե իրենք ղեկավա՞ր են: Ընդհակառակը՝ կտպագրենք, եւ թող յուրաքանչյուրն իր համար համեմատություններ ու եզրակացություններ անի: 

Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի կառուցումը 

Ինստիտուտն ավարտելուց հետո Կարեն Դեմիրճյանն աշխատանքի է անցնում Երեւանի էլեկտրատեխնիկական գործարանում։ Բավականին արագ, դեռ 26-27 տարեկանում, ընտրվում է գործարանի կուսկազմակերպության քարտուղար, այնուհետեւ՝ տնօրեն։ 
Կոլեկտիվ աշխատանք կազմակերպելու ձիրքը Դեմիրճյանին շատ արագ նկատելի է դարձնում ոչ միայն Երեւանի կոմերիտմիության, այլեւ կուսակցության ակտիվում։ Արդյունքում 1966-ին, երբ Երեւանի քաղկոմի առաջին քարտուղար Բադալ Մուրադյանը տեղափոխվում է կառավարության շենք` իբրեւ ՀՍՍՀ Մինիստրների սովետի նախագահ, Երեւանի քաղկոմի առաջին քարտուղար է նշանակվում Լյուդվիգ Ղարիբջանյանը, իսկ Կարեն Սերոբիչը նշանակվում է երրորդ, ապա երկրորդ քարտուղար` վերահսկելով արդյունաբերության եւ շինարարության ոլորտները։ 
Լյուդվիգ Ղարիբջանյանը պատմում է, որ ընդհանրապես Կարեն Սերոբիչին էին տրվում բոլոր դժվար հանձնարարությունները, ասենք՝ ներկայիս Երեւանյան լճի տարածքը յուրացնելը։ Ծիծեռնակաբերդի Եղեռնի հուշահամալիրի շինարարությունը նույնպես Դեմիրճյանն է վերահսկել։ Ընդսմին, վեր խոյացող հուշասյան կառուցման համար Կարեն Սերոբիչը տեմպ էր սահմանել. ամեն օր պետք է հուշասյունը 1 մ բարձրանար։ Եվ որքան էլ զբաղված լիներ, ամեն օր այցելել է Ծիծեռնակաբերդ՝ ստուգելու կատարված աշխատանքը։ Ի վերջո, 1967-ի նոյեմբերի 29-ին կատարվում է Եղեռնի հուշահամալիրի բացման արարողությունը։ Քաղկոմում երկու կարծիք չկար, թե ում հանձնարարեին արարողության կազմակերպումն ու հատկապես երաժշտության ընտրությունը։ Դեմիրճյանի երաժշտական ճաշակի հետ ոչ ոք չէր մրցում։ 

«Էրեբունի-Երեւան» տոնակատարության ծնունդը 

Ի դեպ, Կարեն Սերոբիչի ճաշակին ենք պարտական նաեւ «Էրեբունի-Երեւան» երգին տրված կյանքի ուղեգրի համար։ 

Ղարիբջանյանը պատմում է, որ 1968-ին նախատեսված էր առանձնակի շուքով նշել Էրեբունի ամրոցի հիմնադրման 2750-ամյակը։ Այդ առիթով մի քանի երգեր են ներկայացվում տոնակատարության հիմնի ընտրության համար։ Ընտրությունը կատարելու էր Երեւանի քաղկոմը, հետեւաբար եւ ինքնաբերաբար՝ Կարեն Դեմիրճյանը։ Ի վերջո մրցույթում մնում է երեք ստեղծագործություն, Դեմիրճյանը պնդում է, թե լավագույնն «Էրեբունի-Երեւանն» է։ Այդպես Պարույր Սեւակի եւ Էդգար Հովհաննիսյանի ստեղծագործությունը կյանքի ուղեգիր է ստանում:  
Առհասարակ, տոնակատարության ողջ նախապատրաստական աշխատանքները կազմակերպում եւ համակարգում էր Երեւանի քաղկոմը։ Այդուհանդերձ, պրն Ղարիբջանյանը պատմեց, թե արդյունքում ստացվել էր այնքան լայնամասշտաբ, համաժողովրդական ու աննախադեպ տոն, այնպես էին հորդում մարդկանց ինքնաբուխ նախաձեռնությունները, որ քաղկոմի դերակատարությունը հանդիսությունների երեւի միայն փոքր մասին վերաբերեց։ Մնացյալն արեց ժողովուրդը։ Ասենք, Անտոն Քոչինյանի, Բադալ Մուրադյանի, Հովհաննես Բաղրամյանի, Արտյոմ Միկոյանի եւ այլոց ներկայությամբ շատ անսպասելի Էրեբունի ամրոցի մոտակայքում ապրող մի մարդ, փոքր-ինչ գինովցած, մոտեցել է ու խնդրել. «Քիչ այն կողմ իմ տունն է, մայթին սեղան է բացված, խնդրում եմ մոտենաք՝ մի-մի գավաթ գինի բարձրացնենք։ Բայց չէ, թող նախ երաժշտությունը հնչի, տղաս պարի, ու մենք էլ գավաթները բարձրացնենք ապագա սերունդների ու Երեւանի հարատեւության համար»: Խնդրանքը չի մերժվում։ Հենց այդ դիպվածից էլ ծնունդ է առել «Էրեբունի-Երեւան» տոնի գաղափարը, որ ՀԿԿ կենտկոմում պաշտոնավարելու տարիներին Դեմիրճյանը վերածում է ավանդական տոնակատարության։ 
     
Էս ինչ եք կանգնած… ոչինչ չկա՞ անելու 

Այս միջադեպի մասին պատմել է Հովհաննես Սերգեյիչ Հովհաննիսյանը: 2000-ականների սկզբին նա Ազգային ժողովի պատգամավոր էր, 1999-2003թթ.՝ ԱԺ-ում արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը, հետագայում հիմնադրեց Հայաստանի լիբերալ կուսակցությունը: Իսկ խորհրդային տարիներին Հովհաննես Սերգեյիչը երկար աշխատել է Կոմկուսի կենտկոմում, ի թիվս այլնի, ղեկավարել է հանրապետության կապիտալ շինարարությունը վերահսկող վարչությունը: 
Ինչպես Հովհաննես Սերգեյիչն է պատմել, դեպքը եղել է 1984, թե 85 թվականին։ Տագնապ է ստացվում, որ Մեծամորի ատոմակայանում նախավթարային իրավիճակ է։ Համարյա ամբողջ Կենտկոմը շտապում է Մեծամոր։ Հասնում են ատոմակայան, տեղեկանում իրավիճակին՝ ինչ-որ անսարքություն է առաջացել, պոմպերով ջուրը ռեակտորին չի մղվում: Անորոշության մեջ թեւաթափ կանգնում են։ Մոտալուտ ու անխուսափելի թվացող վթարը կատարյալ անշարժության է մատնում բոլորին։ Իսկ ժամացույցի սլաքները պտտվում են. եթե մի 40 րոպե, կես ժամից անսարքությունը չվերացվի… Ժամանում է Դեմիրճյանը։ Իջնում է մեքենայից, նայում հավաքվածների դժբախտ, հուսահատ ու անշարժ դեմքերին: Ժպտում է ու ասում. 
- Էս ինչի՞ եք կանգնած։ Ոչինչ չկա՞ անելու։ Ապա արագացրեք։ Դուք՝ այստեղ, նրանք՝ այնտեղ, սկսեք, ժամանակ չի մնում։ 

Բոլորը շարժման մեջ են դրվում։ Դադարում են րոպեներ հաշվելուց։ Հասկանալով, թե չհասկանալով, դժվար, թե անհնար, բոլորը կատարում են հրահանգներ: Իրադրությունը փրկվում է։ Փրկում է Դեմիրճյանի ինքնավստահությունը եւ ներկայությունը։

Սարքավորումների վրա հնարավոր չէ հույս դնել

Կարեն Սերոբիչը ընդհանրապես բարյացակամությամբ էր վերաբերվում մարդկանց, ինչի վկայություն է ներքոշարադրյալ միջադեպքը: Միջադեպի մասին պատմել է Վյաչեսլավ Հարությունյանը, ով 1980-ականների վերջին, 90-ականների սկզբին եղել է Հայաստանի Պետանվտանգության կոմիտեի նախագահի տեղակալը: Որքան գիտեմ, Հայաստանի ՊԱԿ-ը իր 70-ամյա պատմության ընթացքում միայն հինգ գեներալ էր ունեցել, եւ Վյաչեսլավ Վառնազիչը այդ հինգ հոգուց մեկն էր:

Չեմ մտապահել, թե որ տարեթվի, որ հոբելյանական միջոցառմանն է եղել միջադեպը պատահել, բայց պրն. Հարությունյանը հետեւյալն է պատմել.

«Հայաստանի ՊԱԿ-ի, թե միութենական ՊԱԿ-ի ինչ-որ հոբելյան է նշվում, հանդիսավոր նիստ է եւ Մոսկվայից կան հյուրեր։ Նախագահությունում նստած են Կարեն Սերոբիչը, Մարիուս Յուզբաշյանը եւ այլք։ Նիստը պետք է բացվի Խորհրդային Միության հիմնով։ Դեռ առաջին քառյակն էլ չհնչած, երաժշտությունը դադարում է։ Եկ եւ համոզիր, որ պատահականություն է..

Ինչեւէ, երկրորդ անգամ են արարողությունը սկսում։ Նորից հնչում է երաժշտությունը՝ քիչ ավելի երկար, բայց նորից ընդհատվում է։ Հասկանալիորեն, ոչ ոք դահլիճում կամ բեմում չգիտի ինչպես արձագանքել։ Պատահականությու՞ն է, իսկ գուցե դիվերսիա՞ է, սաբոտա՞ժ… Մանավանդ, հանդիսությանը ՊԱԿ-ում նախապատրաստվել էին երկար։ Անորոշության մեջ դրությունը փրկում է Կարեն Սերոբիչը.

- Տեսնո՞ւմ եք,ՊԱԿ-ում էլ հնարավոր չէ սարքավորումների վրա հույս դնել։ Ոչինչ, անցեք առաջ»։

Դեմիրճյանի մարդկային բարեսրտությունն ու բարյացակամությունը հարթում են միջադեպը, ինչը, ցանկության կամ խորհրդային ՊԱԿ-ի ավանդույթներին տուրք տալու դեպքում, ոմանց կարող էր առնվազն կարիերա արժենալ։ Այդպիսիսն է լինում ղեկավարը: