Ափսոս, մահացավ ․․․

Ափսոս, մահացավ ․․․

Վերջին օրերին, ակամայից, զուտ մասնագիտական ու անձնական իրազեկությամբ պայմանավորված, հետևելով Նիկոլի մարզային ու մարզադահլիճային այցերին, կարելի է վստահաբար ասել, որ դա միանգամայն տեղավորվում է նախընտրական քարոզարշավի տրամաբանության մեջ։ Բայց խնդրո առարկան և շարադրանքի ասելիքն այս դեպքում այս մասին չէ․․․

Լենինի կեպիով Սանկտ Պետերբուրգ մեկնած ետ եկած Փաշինյանն իր կերպարով ու վարմունքով ամբողջապես կրկնում է նաև մեր ու իր «չսիրած» բռնապետ, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին, ով շրջայցային բեմադրված մունաթը քողարկում է թափանցիկ ժողովրդավարության հետ։

Բայց դե «թավշյա հեղափոխության ռահվիրա» Նիկոլը, բնականաբար, վաղուց է թաղել Հայաստանում ժողովրդավարությունը։ Վկա՝ Քաղաքաշինության կոմիտեի նախագահի, Լոռու և Արմավիրի մարզպետների պաշտոնանկությունները՝ հայտնի այցերում գրոտեսկային հնչեղություն ստացած փաշինյանական ցասումները։

Հետխորհրդային երկրներում, աներկբա, բռնապետական համախտանիշներ կան․ դրանցից առավել ցցունը՝ Պուտինն ու Լուկաշենկոն են։

Ի դեպ, նրանց հետ «արժանի» մրցակից համարվող Նորսուլթան Նազարբաևն ավելի ժողովրդավար գտնվեց և հանձնեց իշխանությունը Կասիմ Ժոմարդ-Տոկաևին։ Ղազախստանի սույն նախագահը, որ թվում էր բռնապետական ավանդույթների օրինաչափ կրողը պետք է լիներ, օրերս հայտարարեց, որ վերընտրվելու մտադրություն չունի, քանի որ երկրում ժողովրդավարության զարգացման տեսլական կա։ Այսինքն, նույնիսկ ասիական այս երկիրն արևմտյան արժեքներին է դավանում՝ չթաղելով ժողովրդավարությունը՝ առնվազն պոպուլիզմի մակարդակում։
Իսկ Հայաստանում ․․․․

Վանո Սիրադեղյանը կասեր՝ ափսոս էր Երեխան։

Վերախմբագրելով դասականին՝ ափսոս, որ ժողովրդավարությունը մահացավ Հայաստանում ․․․