Փաշինյանի վերաբերյալ որոշումը վճռաբեկը 28 օրում է կայացրել, մեկ այլ գործով` 4 տարում

Փաշինյանի վերաբերյալ որոշումը վճռաբեկը 28 օրում է կայացրել, մեկ այլ գործով` 4 տարում

Երկու ամիս առաջ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը վճռաբեկ բողոք էր ներկայացրել՝ պահանջելով բեկանել Մարտի 1-ի անկարգությունների գործով Նիկոլ Փաշինյանի դատավճիռը եւ արդարացնել նրան: «ՄԻԵԴ-ի կողմից նրա իրավունքների խախտման մասին որոշումը նոր է եղել՝ գործնականում 1-2 ամիս առաջ: Եվ նման դեպքում իմպերատիվ պահանջ է դատավճռի վերանայման գործընթաց իրականացնելը: Հենց ՄԻԵԴ որոշումը հիմք ընդունելով է դատախազությունը նման բողոք ներկայացրել ՀՀ վճռաբեկ դատարան»,- այն ժամանակ «Հրապարակ»-ին ասել էին դատախազությունից։

Եվ ահա՝ վճռաբեկ դատարանը ափալ-թափալ վարույթ ընդունեց այս գործը եւ ապրիլի 8-ին հրապարակեց որոշումը, ըստ որի՝ Մարտի 1-ի գործով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանն արդարացվեցին։ Վճռաբեկ դատարանը՝ նախագահությամբ դատավոր Համլետ Ասատրյանի,  բեկանեց Փաշինյանի եւ Միքայելյանի վերաբերյալ 2010 թվականին կայացված դատավճիռը՝ կապված 2008-ի իրադարձությունների հետ:

Հիշեցնենք, որ 2022 թ․ ՄԻԵԴ-ը հրապարակել էր «Փաշինյանն ընդդեմ Հայաստանի» գործով դատավճիռը՝ 2008թ․ փետրվարի 19-ի նախագահական ընտրություններին հաջորդած բողոքի շարժմանը մասնակցելու համար դիմումատուի դատապարտման վերաբերյալ, որով արձանագրվել էր, որ խախտվել է Փաշինյանի ազատության եւ անձնական անձեռնմխելիության, հավաքների ազատության իրավունքը եւ նրա իրավունքները հարգելու պետության պարտականությունը։ Փաշինյանը դրամական փոխհատուցման պահանջ չէր ներկայացրել։ Չունենալով ՀՀ կառավարության առարկությունները՝ ՄԻԵԴ-ը միայն դիմումատու Նիկոլ Փաշինյանի ներկայացրած փաստարկների հիման վրա որոշել էր, թե խախտվել են նրա իրավունքները, ինչն էլ որպես հիմք ընդունելով՝ ՀՀ գլխավոր դատախազը վճռաբեկ դատարան էր դիմել։

Հետաքրքիրն այն արագությունն ու օպերատիվությունն է, որ ցուցաբերում է վճռաբեկ դատարանը` նման կարճ ժամանակահատվածում վարույթ ընդունելով ու քննելով այս բողոքը, ինչը պրակտիկայում չլսված երեւույթ է։ Օրինակ, կան վճռաբեկ բողոքներ, որոնք ամիսներով վարույթ չեն ընդունվում, ընդունվելուց հետո էլ տարիներով որոշում չի հրապարակվում։ «Հրապարակը», օրինակ, վճռաբեկում 2020-ին ներկայացրած բողոք ունի, որն ընդունվել է վարույթ, բայց մինչ օրս որոշում չի կայացվել: Երբ հետաքրքրվում ենք, ասում են՝ դատարանը ծանրաբեռնված է:

Փաստաբան Արա Ղազարյանը, մեզ հետ զրույցում անդրադառնալով հրատապ ձեւով այս բողոքի քննությանը, ասաց, որ ժամկետները հստակորեն կանոնակարգված չեն, օրենքն ասում է` ողջամիտ ժամկետում․ «Իմ պրակտիկայում սովորաբար տեւում է մի քանի ամիս, բայց գործեր կան, որ կարող են տվել 1,5 տարի։ Երեկ էլ կարդացի, որ մի փաստաբան գրել էր, թե 4 տարի հետո է վճռաբեկ դատարանն անդրադարձել վճռաբեկ բողոքին։ Այնպես որ՝ ժամկետները կարգավորված չեն, բայց 1,5 ամսվա ընթացքում ամբողջական որոշում կայացնելը եւ ընդունելության հարցը լուծելը բավականին արագ է, եթե մենք համեմատենք բոլոր գործերով ընդհանուր վճռաբեկ դատարանի պրակտիկան, կարելի է ասել է, որ որոշումն արագ է կայացվել... Ամենատարբեր ժամկետներ կարող եք տեսնել` ընդհուպ մինչեւ մի քանի տարի... Այստեղ մենք չունենք հստակ կարգավորում թե՛ նորմատիվ բնույթի, թե՛ դատական պրակտիկայի»։ Հարցին, թե հնարավո՞ր է, որ քաղաքական ներազդեցությամբ են շուտափույթ որոշում կայացրել, փաստաբանն ասաց, որ այդ հարցին չի կարող պատասխանել։

Փաստաբան Հակոբ Ճարոյանն էլ հիշեց վերջին գործը, որն ունեցել է վճռաբեկում, 5 ամիս հետո է ստացել վարույթ չընդունելու մասին վճռաբեկի որոշումը․ «Ես վճռաբեկ բողոք ներկայացրել եմ սեպտեմբերի վերջին, պատասխանը ստացել եմ փետրվարին․․․ Մի քանի ամիս հաստատ տեւում է այդ ամենը վճռաբեկում, ժամկետը երկար չէ՝ 3 ամիս, բայց երկար է տեւում»։ Նա նշեց, որ այսպիսի կարճ ժամանակում բողոքի քննություն գրեթե չի լինում։

Դատախազությունից մեր հարցին ի պատասխան, թե երբ է վճռաբեկ դատարանը վարույթ ընդունել գլխավոր դատախազի բողոքը, պատասխանեցին․ «2022թ. փետրվարի 8-ին ՀՀ գլխավոր դատախազի վճռաբեկ բողոքը մուտք է արվել վճռաբեկ դատարան, այն վարույթ ընդունելու որոշումը վճռաբեկ դատարանը կայացրել է 11.03.2022թ.»: Ստացվում է, որ ընդամենը 28 օրում վճռաբեկ դատարանը քննեց եւ հրապարակեց բողոքի որոշումը, ինչը դատական համակարգում աննախադեպային դեպքերից է։